«Կառավարվող քաո՞ս», թե՞ քաղաքացիական գիտակցության արթնացում. հայերն ընտրում են երկրորդը


Ամերիկյան Times ամսագիրը տարվա մարդ է ճանաչել «բողոքողին», քանի որ ըստ ամսագրի, իշխանություններից բողոքող մարդն է եղել անցնող տարում աշխարհում զարգացումների հիմնական շարժիչ ուժը: Times-ը, որպես բողոքող մարդու կերպար, հիշատակել է թունիսցի` բանջարեղեն վաճառողին, որի ինքնահրկիզումը զանգվածային հուզումների առիթ հանդիսացավ այդ երկրում, իսկ հետո նաև ընդհանրապես արաբական աշխարհում: Արաբական աշխարհում կատարվող, այսպես ասած, հեղափոխությունները մեզանում եղած բողոքավորների շրջանակներում սին հույսեր արթնացրին` նման հեղափոխությունների հնարավորության առնչությամբ: Հատկապես, որ այդ իրադարձությունների եռուն շրջանում մամուլը հրապարակումներ, քաղաքագետների հետ հարցազրույցներ տպագրեց` Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում թունիսյան հեղափոխությունների հնարավոր պատճենման թեմաներով: Հենց նույն ժամանակահատվածում քաղաքագետներն ու քաղաքական վերլուծաբաններից շատերը, կարծես ձայները մեկ արած, սկսեցին խոսել աշխարհում ժողովրդավա րության, ընդհանրապես համակարգային ճգնաժամի մասին: Իհարկե, արաբական աշխարհի «ակտիվացումից» բացի, նկատի էր առնվում նաև Նյու-Յորքում սկսված և ողջ Եվրոպայում տարածված` «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժումը: Հիշյալ թեմաներով զրույցներում քաղաքագետները հատկապես նշում էին, որ մարդկությունը հիասթափվել, հոգնել է ժողովրդավարությունից, կամ դրա մեջ չի գտել իր պահանջմունքներն ու սպասելիքները լիարժեքորեն բավարարող` հասարակական հարաբերությունների մոդել: Եգիպտոսի օրինակով կարելի է փաստել, որ նման` զանգվածային բողոքի հախուռն արտահայտությունների արդյունքում միայն փոփոխվում են իշխանությունները, սակայն կառավարման նոր համակարգ, առավել ևս հասարակական նոր հարաբերություններ չեն ձևավորվում: Նույն` արաբական աշխարհի «ակտիվացման» օրինակն ապացույց է, որ այդպիսի նման «ակտիվացումներն» օգտագործում են աշխարհի հզորները` դրանք իրենց նպատակներին ծառայեցնելով: Պատճառն այն է, որ զանգվածային բողոքի հախուռն արտահայտութ յունները, որպես կանոն, զուրկ են լինում գաղափարախոսական հենքից, պարզապես փոփոխություն` հանուն փոփոխության. «բողոքող» զանգվածը չհասկանալով ինչ է ուզում, հստակ չի ձևակերպում «բողոքի» հետապնդած նպատակը: Արդյունքում զանգվածի «ակտիվացումը» վերածվում է «կառավարվող քաոսի», ինչը քաղաքագետների կարծիքով, մասնավորա պես ամերիկյան քաղաքականության «բնավորությունն» է: Հայաստանում 2008-ի նախագահական ընտրությանը հաջորդած զարգացումները բողոքողների ակտիվացման գագաթնակետն էին: Այդ տարվա փետրվարի վերջերին բողոքողների «ոգևորությունը» զանգվածային փսիխոզի էր վերածվել: Միմյանց հաջորդող մակընթացությամբ ու տեղատվությամբ, այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց բողոքի ալիքը հասցնել խորհրդարանի ընտրությունների նախաշեմին: Ի տարբերություն արաբական աշխարհի, Հայաստանում առաջին նախագահի առաջնորդությամբ բողոքի ալիքն սկզբնական շրջանում ուներ քիչ թե շատ հստակ ձևակերպված նպատակ` ՀԱԿ առաջնորդի բառերով` «ավազակապետության կազմաքանդում` սահմանադրական ճանապարհով»: Եվ որպես այդ սահմանադրական ճանապարհ, նշվում էր արտահերթ ընտրությունների պահանջը: Հետագայում, սակայն, տեսնելով, որ չի հաջողվում իշխանություններին մղել արտահերթ ընտրությունների, ՀԱԿ-ի առաջնորդները խոսեցին առանց արտահերթի` պարզապես ընտրություններին նախապատրաստվելու մասին: Եվ ըստ էության, ՀԱԿ-ն այսօր պատրաստվում է մաս կազմել ժամանակին իր իսկ կողմից ավազակապետություն որակված իշխանութ յանը: Դրան են ծառայեցվում նրա որդեգրած մարտավարական հնարքները: Դրանց թվին կարելի է դասել նաև կոալիցիային մաս կազմող ԲՀԿ-ին համագործակցության առաջարկը, որն ամենայն հավանականությամբ կոալիցիայի ներսում անվստահության սերմանումն ու այդպիսով նրան թուլացնելն էր: Ինչ զարգացում էլ ունենա այս ընթացքը` ակնհայտ է, որ դրական արդյունքի չհասնելով 2008-ին, հետագայում Տեր-Պերոսյանի բեմադրած ողջ դրաման, պարզվում է, գոնե խորհրդարանում ներկայացված ուժի առաջնորդ դառնալն էր: Բայց այսօր կարող ենք վստահաբար նշել` Հայաստանում հասարակության մեջ որքան էլ դժգոհների քանակը շատ էր, այնուամենայնիվ նա չգնաց արաբական աշխարհի ճանապարհով` թերևս ենթագիտակցաբար մերժելով «կառավարվող քաոսին» անձնատուր լինելու հեռանկարը: Դրա փոխարեն մեզանում, որպես արթնացող քաղաքացիական գիտակցության արտահայտություն, առաջացան կոնկրետ խնդիրներ առաջադրող և դրանց լուծումներ առաջարկող, ընդորում նաև հաջողություններ արձանագրող քաղաքացիական նախաձեռնություններ: Թռչկանի ջրվեժի պաշտպանության, հանքարդյունաբերության հարուցած խնդիրների լուծման քաղաքացիական նախաձեռնության ճանապարհն անհամեմատ դժվար ու երկարատև է թվում, բայց ժամանակակից աշխարհում այն իրական ժողովրդավարության հաստատման միջոցն է, թերևս: Ժամանակին Ուինսթոն Չերչիլն ասել է` ժողովրդավարությունը հասարակական հարաբերությունների, կառավարման կատարյալ մոդել չէ, սակայն մարդկությունը դրանից լավն առայժմ չի ստեղծել:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ