Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԵԼՈՒ
Արդեն հայտնի է, որ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չի առաջադրելու իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում: Նրա այս որոշումը շատերն արդեն ողջունել են: Այժմ մի շարք գործարար պատգամավորներ սկսել են իրենց քննարկումները մտերիմների հետ` խորհրդարանում լինել-չլինելու հարցի առթիվ: Ասում են, որ նրան հաջորդելու է Սամվել Ալեքսանյանը, ով օրերս ընտրվելով «Նիգ-Ապարան հայրենակցական միության» նախագահ, հայտարարել է, որ իրենց միությունը քաղաքական խնդիրներով չի զբաղվելու: Դե, եթե միությունը քաղաքական հարցերով չի զբաղվելու, իսկ պատգամավորի պաշտոնն ինքնին քաղաքական է, ուրեմն կարելի է ենթադրել, որ նրա որոշումը ևս կլինի վճռական... Ի դեպ, նման խորհուրդ են նրան տվել նաև որոշ հեղինակավոր ապարանցիներ, ովքեր պաշտպանելով Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը, այն միտքն են հայտնել, որ ցանկանում են միության նոր նախագահին ուղղորդել դեպի Ապարան, համոզել, որպեսզի իր բիզնեսներից ինչ-որ բան էլ Ապարան տեղափոխի` հայրենի քաղաքի բարգավաճման համար: