1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Իսկ մարդկանց առողջությանը հասցված վնասներն ո՞վ պետք է հատուցի Տարիներ շարունակ մեզ բացահայտ խաբելու դիմաց ե՞րբ պետք է պատասխան տան Եթե «չբռնվածը գող չէ», բռնված գողին ներում են` սոսկ պետբյուջեին գրոշներ հատկացնելո՞վ Մենաշնորհների դեմ վաղուց հայտարարված պայքարը նոր ու հետաքրքիր ուղղություն է ստացել: Իհարկե, մեր ամեն մի հայրենակից ցանկացած պահի կարող է թվարկել բոլոր այն ոլորտներն ու ընկերությունների անունները, որոնցում ակնհայտ է տնտեսվարողների մենիշխանությունը: Այլ հարց է, որ ՏՄՊՊՀ¬ն նոր միայն «քնից զարթնելով», որոշել է գործի անցնել: Ու որ ոլորտն էլ հետազոտության առարկա է դառնում, գերիշխող դիրքի առկայությունն ու մյուս հավանական չարաշահումներն օրվա սենսացիայի են վերածվում: Այսպես, սպառողները դեռ ուշքի չէին եկել սուրճի հետ խմվող... գարու և վայրի կաղինի զավեշտալի պատմությունից, հիմա էլ պարզվում է, որ թթվասերի հետ կոկոսի յուղ ու այլ անհայտ ծագման ու բաղադրության հավելանյութեր են մարդկանց հրամցվում: Թե ինչ է ստացվում այս խառնիխուռն զանգվածը որպես սննդամթերք օգտագործելով` ամենքս էլ լավ գիտենք: Մեր ժամանակներում բոլորի առողջությունն է փխրուն դարձել, ու մասնագետները հավաստիացնում են, որ դրա գլխավոր պատճառներից է հատկապես անորակ սննդամթերքի ազդեցությունը: Ինչ խոսք, կաթնամթերքի տուփերին արդեն իսկ ծիծաղելի դարձած մակնիշումներ կան` 100 տոկոսով բնական ու անարատ արտադրանք լինելու, ինչու չէ, նաև բարձր յուղայնության մասին: ՏՄՊՊՀ¬ի ուսումնասիրությունը, սակայն փաստել է, որ յուղայնությունը տուփի վրա գրված տոկոսից ցածր է: Մի խոսքով, բացահայտված անհամապատասխանությունները ոչ մեկն է, ոչ էլ երկուսը: Ուշագրավ է նաև, որ ուսումնասիրվել է ոչ թե նկուղային պայմաններում գործող ինչ¬որ փոքր արտադրամասերի հրամցրած տեսականին, այլ շուկայի առաջատարների արտադրանքը: Տուգանված երեք կաթնընկերությունների անուններն անգամ բավարար են` միանգամից պատկերացնելու համար, որ հենց այս շուկայի գերիշխող¬առաջատարներն են չարաշահումների հեղինակները: Ամեն ինչ պարզ ու հասկանալի է թվում: Մինչդեռ հայտնի է, որ կաթնամթերքի շուկան բաղկացած է առնվազն տասը առաջատար համարվող ընկերություններից: Եվ ակամա ծագում է տրամաբանական այն հարցադրումը, թե արդյո՞ք մյուսների արտադրանքը որակյալ է և զերծ հավելանյութերից: Այս հարցի պատասխանը ՏՄՊՊՀ¬ն չունի, քանի որ փորձաքննության է ենթարկվել միայն «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» և «Անի կաթ» ընկերությունների թթվասերն ու մածունը: Հետևաբար անիմաստ է, որ սպառողները հետայսու բոյկոտեն նշված եռյակին ու նախապատվությունը մյուս ընկերությունների արտադրանքին տան: Չկա երաշխիքը, թե մյուսների հրամցրածը գոնե համեմատաբար զերծ է հավելանյութերից, իսկ յուղայնությունը ինչ¬որ չափով մոտ է տուփի վրա նշված տոկոսին: Իսկ արդյո՞ք միլիոնավոր դրամների տուգանքը կշտկի իրավիճակը: Հազի´վ թե: ՏՄՊՊՀ¬ն ավելի ճիշտ կվարվի, եթե հրապարակավ խոստանա, որ արտադրանքը պարբերաբար պետք է լաբորատոր փորձաքննության ենթարկի, որպեսզի գոնե տուգանքներից խուսափելու համար տնտեսվարողները բարեխիղճ դառնան: Շուկայում էժան և մրցունակ կաթնամթերք ներկայացնելու ու իրացնելու խնդիրը չէ արտադրողներին նման քայլերի մղում: Պարզվել է նաև, որ դիցուք, կաթնամթերքի արտադրությունը նույնպես գերշահութաբերներից է: Ամեն դեպքում, մարդկանց առողջությունը քայքայելով` գերշահույթներ գրպանելը ոչ մի առումով որևէ արդարացում չունի: