ՏԱՐՎԱ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ


2011 թվականը սկսվեց մեծադղորդ հայտարարություններով, պայքարի կոչերով, իշխանափոխության պահանջներով, մեր կյանքը բարելավելու խոստումներով... Հայաստանյան քաղաքական կյանքն անցավ այդ խոստումների և կոչերի շրջապտույտում` այդպես էլ իրականություն չդարձնելով ընդդիմության «տեսլականը»: Իշխանությունն էլ գնաց դեպի «ինքնամաքրումը»` կատարելով կադրային մի շարք փոփոխություններ, որոնցից ամենահաջողվածներից մեկը երկրի գլխավոր Ոստիկանապետի փոփոխությունն էր: Ոլորտի կառավարումը հանձնվեց մի անհատականության, ով հեռու լինելով ձևականություններից ու փքուն բառաձևերից` միանգամից ու պարզ ասաց իր գործընկերներին` տղերք... Ուրեմն` հավատի ու վստահության մթնոլորտ, որի պայմաններում հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Նախագահականում տեղի ունեցած փոփոխությունները, Ազգային ժողովի նախագահի փոխարինումը Սամվել Նիկոյանով` ընդդիմությունը շտապեց սեփական հաջողությունը համարել` իր պահանջների կատարումը: Մինչդեռ իշխանությունն էլ առաջ քաշեց սեփական բացատրությունը` հասկացնել տալով ընդդիմությանը, որ վերջնագրերը շատ վաղուց տեղ չունեն քաղաքական պայմանավորվածությունների մեջ: Ընդդիմություն-իշխանություն երկխոսության տապալումն էլ պայմանավորված էր վերջնագրերով, մինչդեռ մենք որքա˜ն մոտ էինք քաղաքական նոր մշակույթի հաստատմանը… Ընդդիմություն-իշխանություն ալյանսը հրապարակային ձևաչափից տեղափոխվեց «ստորջրյա» տարածք` այժմ արդեն առկա դարձնելով ներքին պայմանավորվածությունները. Կեսարինը` Կեսարին, Աստծունը` Աստծուն… Այս երկու ուժերի միջև կարծես թե քաղաքական համաձայնություն ձևավորվեց, իսկ դա նշանակում է, որ հետագայում պիտի ականատես լինենք ընդդիմադիր «երևութականության»… Տարեվերջին առավել արդիական դարձավ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունների թեման, որի շուրջ ծավալվող խոսակցութ յունները մերթ խաղաղվում են, մերթ բորբոքվում` քաղաքական ինտրիգը տակավին թողնելով չհանգուցալուծված: Իսկ ինտրիգն առկա է, որովհետև այս երկու ուժերն են այսօր ոչ միայն «եղանակ ստեղծում», այլև կանխորոշում երկրի ապագան: Գլխավոր հարցը` երկու ուժերը ընտրություններում հանդես կգան մեկ միասնական ցուցակով` տակավին իր հստակ պատասխանը չի գտել, սակայն քաղաքագետներն արդեն քննարկում են այն, տալիս իրենց գնահատականները: Միավորումը որքան միասնական կդարձնի ծրագրերն ու մոտեցումները, նույնքան էլ կարող է նպաստել միաբևեռ խորհրդարանի ստեղծմանը` հատուկենտ ընդդիմադիրներով, քանզի մենք արդեն իսկ չունենք դասական ընդդիմություն: Ընդդիմություն ասվածը հիմնականում «ռևանշիստներն» են, մարդիկ, ովքեր իշխանությունը կորցնելուց հետո` այսօր կամենում են այն վերադարձնել` չունենալով գործողությունների և տեսլականների հստակ համակարգ: Նրանց քաղաքական հայացքները պարփակվում են «պուպուշ» և «քըխ» իշխանությունների համատեքստում` այդպես էլ չվերածվելով քաղաքական ընդդիմախոսության: ՀՀԿ-ԲՀԿ ալյանսը կարող է նաև հաստատել քաղաքական զարգացումների նոր սցենարներ` դիցուք ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» ուժերին մղելով դեպի միավորում: Այս միավորումը, բնականաբար, չի կարող վճռորոշ փոփոխություններ բերել խորհրդարան, սակայն առավել կայուն կդարձնի ընդդիմությանը` ստեղծելով քաղաքական նոր պատկերացումների համակարգ: Հենց այս ուժերն էլ կարող են որոշակի նախադրյալներ ստեղծել նաև «Ազատ դեմոկրատ ների» առաջընթացի համար` որակապես փոխելով ընդդիմադիր դաշտի «անատոմիան»: Անպայմանորեն խնդիր կառաջանա «Օրինաց երկիր», ԱԺՄ և մի շարք այլ ուժերի համար, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ընտրությունների: Նրանք, իհարկե, արդեն իսկ գիտեն իրենց սպասվող ֆիասկոյի մասին, հետևաբար ՕԵԿ-ը գործի է դրել պոպուլիզմի պաշարները` գիտակցելով, որ ցանկացած քաղաքական համակարգում պոպուլիզմը ևս ունի իր տեղն ու նշանակությունը… Քաղաքական տարվա ավարտին առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություններ արեցին մանր ու միջին մի քանի կուսակցություններ, որոնց գոյության մասին շատ վաղուց մոռացել էինք: Մոռացել էինք, բայց նրանք իրենց հիշեցնել տվեցին: Իր մասին բամիցս հիշեցնել տվեց նաև Ռամկավար-Արմենական կուսակցությունը, որի ներսում տեղի ունեցող սկանդալային պատմությունները զվարճություն պատճառեցին, նաև` տխրեցրին, որովհետև հատկապես այս միավորի ներսում ահագնացող խմորումները վաղուց դուրս են եկել քաղաքական պայքարի կամ քաղաքական գործընթացների տրամաբանությունից: Քաղաքական գործընթացներից դուրս սկսեց գործել նաև մեկ այլ կուսակցություն` Տիգրան Կարապետյանի մարդ-կուսակցությունը, որը սկսեց մոմավառությամբ և ավարտեց «համլետյան մրմունջներով»… 2012 թվականին, բնականաբար, ամեն ինչ լարվելու է, հունվար-ապրիլ ամիսներին հրապարակ են գալու փուչիկներով ու զրնգուն կոչերով առաջ ընթացող կուսակցությունները, զանգ կախողների թիվը պակասելու է, և ավելանալու են ճառ ասողները: Օրնիբուն մեր ականջներն են սղոցելու «էստի համեցեք» անող կուսակցություններն ու «մեծամասնական» թեկնածուները, որոնցից ամենահավանական թեկնածուներից մեկը` Ռուբեն Հայրապետյանը, արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու: Չի առաջադրվի նաև «Ծաղիկ Ռուբոն», որովհետև նա իր կյանքի գնացքը պատկերող գիրքը գրել ու «սուրը փառքով դրել է պատյան»… Էլի օլիգարխներ կլինեն, որ չեն առաջադրվի` իրենց տեղերը զիջելով նոր թեկնածուների: Կապրենք «ուրախ-զվարթ»` մինչ ընտրություններ, իսկ ընտրություններից հետո Ազատության հրապարակում նոր վրաններ կհայտնվեն. ոմանք կբողոքեն ընտրությունների արդյունք ներից, դրոշակներ ու կարգախոսներ կկախեն և կսպասեն ՀՀ նախագահի ընտրություններին… Տարածաշրջանի որոշ երկրներում ավարտվել, իսկ որոշ երկրներում էլ սպասվում են ընտրություններ: Մեր հարևան երկրում էլ են ընտրություններ սպասվում: Ալիևյան կլանն էլի ինքնառաջադրմամբ կշարունակի ղեկավարել երկիրը, եվրոպական և ամերիկյան կառույցները կշնորհավորեն Ադրբեջանին` ժողովրդավարական ընտրություներ կազմակերպելու համար: Դե, հարուստ երկիր է, շատ հարուստ, ուստի նրա առջև կանաչ լապտերներ կվառվեն: Ի դեպ, իր հարստությունների մասին տարփողելու համար վերջերս ադրբեջանական մեջլիսի մի պատգամավոր առաջարկություն արեց տարեկան բյուջեում ընդգրկել նաև Լեռնային Ղարաբաղը. «Թող տեսնեն, թե ինչքան հարուստ ենք»… …Իսկ քանի դեռ այս ամենը չի սկսվել` գնաս բարով մաղթենք քաղաքական տարվան և մեր դռները բացենք նոր տարվա առջև: Գինով լցնենք մեր բաժակներն ու զարկելով իրար` խաղաղություն և արդարություն մաղթենք մեր հնամենի երկրին ու հողին: Նաև` աշխարհին, որպեսզի խաղաղ լինի տարածաշրջանը, ռազմական կրքեր չբորբոքվեն, «արաբական գարունը» չվերածվի իրանական կամ իսրայելյան ձմռան…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ