Թող Հայաստանում գիրքը վերագտնի իր կորցրած արժեքը...


Մեր հանրապետությունում բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր են մշակվում ամենատարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, բայց բազմաթիվ խնդիրներ էլ շարունակում են մնալ չլուծված: Այս օրինաչափությունից դուրս չէ նաև գրադարանային համակարգը: Ճի°շտ է, գրադարաններում տարվող աշխատանքներին մեծապես աջակցում է պետությունը (պետական հիմնարկներ են), ու դրա մասին վկայում են ինչպես բյուջեում գրադարանների համար նախատեսված գումարների տարեցտարի աճի ցուցանիշները, այնպես էլ ԱԺ-ում գրադարաններին վերաբերող բազմաթիվ օրինագծերի մշակումներն ու օրենքների ընդունումները (2005 թ. դեկտեմբերին ընդունվեց պարտադիր օրինակների մասին օրենքը, ըստ որի յուրաքանչյուր հրատարակչություն պարտավորվում է հրատարակվող աշխատանքից 2 օրինակը հատկացնել գրադարաններին. մասամբ կօգնի լուծելու գրադարանների պահոցների համալրման հարցը), բայց... Գրադարանները, ժամանակի հրամայականներով, ստանձնել են մշակույթի, գիտության և այլ ոլորտներից ստացված տեղեկատվությունը մշակելու ու սպասարկելու ծանրությունը: Բայց, ինչպես ցավով փաստում է Հայկական գրադարանների ասոցիացիայի նախագահ, Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը. - Այսօր գրադարանների գերակշիռ մասը, բազմաթիվ այլ խնդիրների հետ նաև չհամալրվելու հետևանքով մատնված են անգործության: Ի դեպ, դրանում կհամոզվի մեզանից յուրաքանչյուրը, ով կմտնի մարզային գրադարանները. հիմնականում գյուղերում է նման իրավիճակ: Իսկ եթե ընդունում ենք, որ գյուղում են ժողովրդի ակունքները, ապա գյուղի` տեղեկատվությունից հեռու լինելն ուղղակի աղետալի է: Համալրումը կատարվում է գնման, նվիրատվության, համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում` գրքափոխանակության, միջգրադարա նային վարձույթի ծառայության և այլնի շնորհիվ: Ի դեպ, վերջին նվիրատվությունը Ազգային գրադարանին ՀՀ նախագահի` Գերմանիա կատարած այցի ժամանակ եղավ: Նվիրատուն բեռլինաբնակ լրագրող, մտավորական, ազգությամբ հայ Համո Պետրոսյանն էր, ով Ազգային գրադարանի համար ձեռք էր բերել Նոբելյան ինստիտուտի կողմից փոքր քանակությամբ լույս ընծայված գերմանական Die Grossen հանրագիտարանի շքեղ 12 հատորյակը (24 գրքերից կազմված), որտեղ ընդգրկված են մ.թ.ա. 520 թ.-ից մինչև մեր օրերը իրենց մտավոր, ֆիզիկական կարողություններով աշխարհին հայտնի դարձած մարդկանց մասին տեղեկություններ: Իհարկե, համալրումից բացի կան չլուծված բազմաթիվ այլ խնդիրներ ևս, որոնք չեն կարող կատարվել միայն բյուջետային հատկացումներով: Եվ իրավացի են Ազգային գրադարանի տնօրեն Դ. Սարգսյանն ու փոխտնօրեն Վ. Ղազարյանը` այդ մասին պիտի մտածեն բոլորը ու օգնեն իրենց հնարավո րությունների չափով, որովհետև դա մեր ազգային հարստությունն է:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ