Աստղազարդ երկի՞նք, թե՞... աստղամոլուցք


Խե¯ղճ երկնային լուսատուներ Այսօր աշխարհում ընդունված է արվեստում լավագույններին առանձնացնել աստղ պատվանվամբ... Իսկ Հայաստանում ծիծաղելիության ու զարմանքի սահմանագիծը վաղուց հատել է այդ աստղերի բազմաքանակությունը: Ցավով պետք է փաստենք, որ այսօր աստղերից շատերը ընդամենը լուսատտիկներ են, որոնք աստղային տենդով են տառապում: Երաժշտական ասպարեզում (և ոչ միայն) ստեղծված իրավիճակը, որն աստղային քաոսի հետևանք է, վաղուց արդեն անվերահսկելի է: Այս ասպարեզում հայտնվելու համար այսօր արդեն բավական է համապատասխան չափի գումար (աստղերին հատուկ աստղաբաշխական մեծության), լավ պրոդյուսեր, հաջողված տեսահոլովակ... իսկ երաժշտական ձիրքն ու բեմարվեստը` մի կողմ: Իհարկե, չպետք է անտեսել, որ որոշ աստղեր իսկապես փայլում են: ...Արտասահմանյան շոուբիզնեսի անհաջող ընդօրինակումը Հայաստանում... Շոուբիզնեսում այսօր առաջնային դիրք ունենալը գերխնդիր է, որի համար շատերը պատրաստ են կապկելու ամեն ինչ` հետո արդարանալով, թե պահանջարկն է պատճառը: Արաբական ելևէջներին փոխարինելու եկած թուրքական մուղամներին այսօր միախառնվել են նաև հնդկական երաժշտարվեստի տարրերը (տեսահոլովակներում յուրաքանչյուր ազգին համապատասխան շարժուձևերով), մի խոսքով, ամեն ինչ, բացի հայկականից... Յուրաքանչյուր երգչի համար պետք է կարևոր լինի ոչ միայն երաժշտությունը, այլև բանաստեղծական տեքստը: Վերջինները, սակայն, ոչ միայն աղավաղվում են, այլև մի կերպ հարմարեցվում են երաժշտությանը... Ու այդպես կիսատ-պռատ էլ ձայնագրման կենտրոններից, բջջային հեռախոսներից հնչող այս երգը հարմարեցվում է մեր ականջին... ...Հին ադաթից ընկել ենք, զրկվել, Նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել... Թերևս այսպես մեկնաբանենք նախկինում (խորհրդային իշխանության տարիներին) գործող գեղարվեստական խորհուրդների բացակայությունը այսօր... Ո՞վ կամ, վերջապես, ինչ-որ մեկը պե՞տք է մտածի մթնոլորտի մասին: Այդժամ գուցե մի նոր Ռոդեն էլ մի նոր «Մտածո՞ղ» կերտի:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ