Պուչինիի օրերը Երեվանում


«Շնորհավորում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի ստեղծագործական անձնակազմին «Տրիտիկոն» ներկայացնելու գեղեցիկ նախաձեռնության կապակցությամբ: Անչափ ուրախ եմ, որ իմ պապի` Ջակոմո Պուչինիի երաժշտությունը ճանաչված է նաև Հայաստանում»: Սիմոնետա ՊՈՒՉԻՆԻ ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, 2003 թ. ապրիլին Երևանում ստորագրված հայ-իտալական մշակութային համագործակցության երկկողմ համաձայնագրի շրջանակներում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի հետ համատեղ դեկտեմբերի 16-22-ը անցկացնում են «Պուչինիի շաբաթ»: Իտալացի հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարը ներկայացնող, երաժշտական բնութագրական կատարումներով ամբողջացվող զեկուցումները նախապատրաստեցին ծրագրում ներգրավված արվեստասեր հասարակայնությանը «շաբաթվա» կարևորագույն իրադարձությանը` «Թիկնոցը», «Քույր Անժելիկա» և «Ջաննի Սկիկկի» եռաժանր տրիպտիխի ներկայացմանը: Պուչինիի 12 օպերաներից ամենաբարդն ու քիչ բեմադրվածն է այս ստեղծագործությունը, որ համաշխարհային բեմում առաջին անգամ երևացել է 88 տարի առաջ, «Մետրոպոլիտեն» օպերայում: Իր 26-ամյա բեղմնավոր գործունեությամբ միջազգային դրվատանքի արժանացած մեր օպերային ստուդիան` վոկալի վարպետներ Աննա Սարաջյանի, Գոհար Գալաչյանի, Սերգեյ Դանիելյանի, Վալերի Հարությունյանի, Նելլի Փիրումյանի և Սվետլանա Կոլոսարյանի աճեցրած բարձրակարգ երգիչ-երգչուհիների ներդաշնակ համանվագով, այս դժվարին բեմադրության առաջին իսկ ներկայացմամբ, կրկին հավաստեց արդի ազգային օպերային արվեստի հարատևությունն ապահովելու ունակ իր ստեղծագործական կարողությունների մասին: «Եռապատումի» յուրաքանչյուր մաս իր առանձին գրավչությունն ուներ որպես երաժշտաթատերական գողտրիկ ստեղծագործություն, որին կենդանի շունչ հաղորդած երգիչ-երգչուհիներից շատերը տպավորվեցին իրենց դերերգերում` Անի Սարգսյանը (Ժորժետա, Նելլա), Արամ Օհանյանը (Միքելե), Աննա Այվազյանը (Ֆռուգոլա), Արծվիկ Դեմուրճյանը (Անժելիկա), Գրետա Բադեյանը (իշխանուհի), Անուշ Հովհաննիսյանը (մայրապետ), Խաչիկ Մաթևոսյանը (Ջաննի Սկիկկի)... Երեք տասնյակից ավելի բոլոր մասնակիցները: Այդուհանդերձ, իր անակնկալ հայտնությամբ, անգերազանցելի մնաց կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող Հովհաննես Այվազյանի (վոկալի ուսուցիչ` Սերգեյ Դանիելյան) Լուիջին «Թիկնոց»-ում` ներկայացրած կերպարի դրամատիկական խորքերի ներգործուն զգացողությամբ, հնչեղ ձայնի (տենոր) ելևէջներին տիրապետելու զարմանալիորեն հասուն վարպետությամբ: Արժանապատիվ հերթափոխ ունենալու բոլոր նախադրյալները, պարզվում է, առկա են, մինչդեռ մեր օպերային թատրոնի մեծ բեմում նշանակալից երևույթներ այդպես էլ չեն ծնվում... Վստահաբար կարելի է ասել, որ 1995-ից ստուդիայում Ղ. Սարյանի, Ռ. Մանգասարյանի և Վ. Բագրատունու հիմնարար ավանդները մեծ նվիրումով ու մասնագիտական բարձր պատասխանատ վությամբ շարունակող ու զարգացնող Հովհաննես Միրզոյանը (գեղ. ղեկավար ու գլխավոր դիրիժոր), Հովհաննես Հովհաննիսյանը (գլխավոր ռեժիսոր) և Զոհրաբ Միրզոյանը (գլխավոր նկարիչ) այսօր անում են անկարելին, որպեսզի ինքնուրույն գոյության իրավունք նվաճած այս մշակութային օջախը երբեք չկորցնի բարձրարվեստ դարբնոցի իր միջազգային համարումը: Բեմական մկրտությունն այստեղ ստացած շատ երգիչ-երգչուհիներ լավագույնս ներկայացել և գործում են Հայաստանի ազգային և եվրոպական հանրահայտ օպերային թատրոններում: Խաղացանկային առաջին ներկայացումից (Մոցարտի «Այսպես են վարվում բոլորը...») մինչև Ռոսինիի «Ամուսնական մուրհակը», Ռախմանինովի «Ալեկոն», Չայկովսկու «Իոլանտան», Դյուսապենի «Նեոբ» օրատորիան, Հայկ Վարդանի «Պրոմեթևս 12», Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (բոլորը չես թվարկի) օպերաները ստուդիան ընթացել է ստեղծագործական վերելքի ճանապարհով և բազմիցս վկայել ամենաբարդ երաժշտական կտավներին բեմական կյանք պարգևելու իր պրոֆեսիոնալ օժտվածության մասին: Փառք Աստծո, որ ստուդիականները ունեն Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեի պես արվեստասեր հզոր աջակից: -Իտալիայի դեսպանությունը միշտ եղել և շարունակելու է լինել հայ երաժշտական տաղանդների ամենաջերմ աջակիցը, - ասում է նա:- Հույս ունեմ, որ գեղարվեստական կապերը մեր երկու ազգերի միջև ոչ միայն կշարունակվեն, այլև կտարածվեն հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական ոլորտների վրա: Ամանորի շեմին մաղթում եմ հայ ժողովրդին ուրախ Նոր տարի, տնտեսական բարեկեցություն և, իհարկե, բովանդակալից մշակութային կյանք: Ուրեմն, ի շահ իտալական արվեստի համընդհանուր պրոպագանդման, դեսպանը շարունակելու է նպաստել նաև մեր օպերային ստուդիայի քուրայի կրակի պահպանմանը: Նրա բարեմաղթանքներին ընդգծված լավատեսությամբ միացավ նաև այս աննախադեպ մշակութային իրադարձությամբ ոգեշնչված Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանուհին` Րինա Պանդեյը. «Մեծագույն երջանկություն և ուրախ Ամանոր ողջ հայ ժողովրդին»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ