Տարիքս կառնեմ, բայց չեմ ծերանա...


«Հայ երգարվեստը մի նոր վերելք ապրեց ու նոր շունչ ստացավ Ռուբեն Մաթևոսյանի հայտնաբերումով: Նմանատիպ տաղանդներ հազվագյուտ են մեր դարաշրջանում»: Ռուբեն Մաթևոսյանի երգարվեստը նման գնահատականի է արժանացրել Գոհար Գասպարյանը: Այդ գնահատականը բազմիցս հաստատվեց աշխարհի տարբեր համերգասրահներում, իրեն ծնող հայ ժողովրդի` հողի աշխատավորի ու վիրավոր զինվորի առջև: Նրա արքայական ձայնը մեր արյան եռքը կանոնավորող մոգական ուժ ունի: Իսկ այս բնորոշումը համաշխարհային մամուլի արձագանքներից է` «Ռուբեն Մաթևոսյանը ձուլվում է իր երգերի մեջ, անէանում, չարի ու բարու, վշտի և ուրախության նկատմամբ իր վերաբերմունքի հատիկները տարածում աշխարհով մեկ»: Ու մենք ազգովի հպարտանում ենք, քանզի ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու շքանշանի ասպետ Ռուբեն Մաթևոսյանը, ում հիրավի կոչում են քայլող լեգենդ, սքանչելի երևույթ է հայ իրականության մեջ: - Ես հայ երգի պարզ զինվորն եմ,- ասում է երգիչը,- բայց և նվիրյալ եմ, քանզի դրա մեջ ավելի մեծ խորհուրդ կա: Սեփական ուժերով ու կարողություններով նպատակին հասնելու մղումը ինձ արժանացրեց իմ ժողովրդի գոհունակությանն ու ծափողջույններին, որոնք զգացել եմ ինչպես 60, 70, 80-ական թվականներին, այնպես էլ այսօր: - Դուք հայ երգի գանձարանում ունեք պատկառելի ներդրում: Արդյոք այն բավարա՞ր եք համարում: - Եթե ես գեթ մեկ անգամ դադարեմ ապագան տեսնել և ներկան կերտել, ես կդադարեմ արվեստագետ լինել: Ճիշտ է, վաստակս շատ է, բայց եղածով չեմ գոհանում, որովհետև գործող արվեստագետ եմ: Կան երգեր, որոնք պետք է կյանքի կոչեմ, դրանք գուսան Շերամի երգերն են, ինձ հոգեհարազատ է Շերամի ճոխ կառուցվածք ունեցող, նուրբ մետաքսաթելի նմանվող երաժշտությունը: Ինձ համար սիրելի են բոլոր գուսանների երգերը, որոնք, անցկացնելով հոգուս պրիզմայով, ձայնիս միջոցով հասցրել եմ ունկնդրին: - Ձեր ձայնային տվյալներն աստվածայի՞ն պարգև էին, թե՞ ունեին ժառանգական հիմք: - Թերևս երկուսն էլ դեր ունեցել են: Մայրս պատմում էր, թե հորս ձայնը այնքան կատարյալ է եղել, որ շատերը զարմացել էին, թե ինչու նա երգիչ չի դարձել: Նա արհեստավոր էր, սակայն նրա աշխատանքն ավելի շատ արվեստ էր: Նա քանդակում էր կառավարական շենքի խոյակները: Թեև երգել շատ էի սիրում, սակայն երբեք չեմ երազել երգիչ դառնալ: Եվ շատ չարաճճի պատահակա նությամբ իմ առջև բացվեցին երգարվեստի դռները: - Եվ ո՞րն էր այն երջանիկ պատահականությունը, որը մեր մշակույթի մարգարտաշարը հարստացրեց ևս մեկով: - Դեռ պատանի էի, մի առիթով գնացել էի իմ բարեկամուհու` Արաքսի Գյուլզադյանի տուն: Մինչ նա զբաղված էր խոհանոցում, ես սկսեցի թերթել սեղանին դրված հեռախոսահամարների տետրը: Անվանի շատ մարդկանց անուններ ինձ հանդիպեցին, որոնց թվում էր նաև Արամ Մերանգուլյանի անունը: Անմիջապես հավաքեցի նրա հեռախոսահամարը: Ընկալուչը վերցրեց հենց ինքը, առանց բարևի սկսեցի ոգևորված երգել: Երբ վերջացրի երգը, համոզված էի, որ հեռախոսն անջատած կլինի, սակայն շատ զարմացա, երբ լսեցի նրա ձայնը. «Երիտասարդ, ուրիշ երգ գիտե՞ք»: Էլ ավելի ոգևորված երգեցի որքան գիտեի` շուրջ 15 երգ: Նա իմացավ, որ Արաքսին բարեկամուհիս է, խնդրեց ընկալուչը փոխանցել նրան: Այ՜, թե զարմացավ Արաքսին` իմանալով ողջ եղելությունը: Արամ Մերանգուլյանը ցանկանում էր ինձ անձամբ տեսնել: - Երգարվեստի բնագավառում ո՞վ էր Ձեր առաջին ուսուցիչը: - Ուսուցիչներ բոլորն էլ եղել են, ավելի ստույգ` դպրոցի երգի ուսուցիչ Դանիել Ղազարյանը, իսկ ժողովրդական երգի ասպարեզում, անշուշտ, Արամ Մերանգուլյանը, Շարա Տալյանը: Անգիր գիտեի նրանց երգացանկը: Ուշադիր ունկնդիր էի, ուստի լսելով կարողանում էի ընկալել և վերարտադրել ցանկացած երգ: - Երգերը Ձեզ առաջարկո՞ւմ էին, թե՞ ինքներդ էիք ընտրում: - Հիմնականում ընտրում էի, սակայն լինում էին նաև առաջարկություններ: Արամ Մերանգուլյանը խստապահանջ էր և ստիպում էր, որ յուրաքանչյուրն ունենա իր երգացանկը, կամ էլ, իր կարողություն ների սահմաններում, իր երգացանկում ընդգրկի որևէ հեղինակի: Ամեն մեկին վիճակված չէր երգել Սայաթ-Նովա: - Երգահաններից ո՞ւմ հետ եք աշխատել: - Ավելի հեշտ կլինի պատասխանել, թե ում հետ չեմ աշխատել: Ես եղել եմ այն եզակիներից, ում կոմպոզիտորները նվագակցել են: Իսկ ինձ նվագակցող կոմպոզիտորները շատ են ու բոլորն էլ անվանի` Էդվարդ Միրզոյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ռոբերտ Ամիրխանյան և շատերը: - 1992-93 թվականները պետական ռադիոյի շատ անվանի աշխատակիցների համար դարձան արգելափակոց: Ինչպե՞ս դասավորվեց Ձեր հետագա գործունեությունը: - Այո, այդ թվականներին ռադիոյում կատարված փոփոխությունների պատճառով լուծարվեց նաև 1926 թ. հիմնադրված երգարվեստի մունետիկ, Հայաստանի ռադիոյի ժողգործիքների` Արամ Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլը, մի անսամբլ, որը, հատելով աշխարհի միջօրեականները, ամենուրեք ներկայացրել է Հայաստանը: 80 տարի շարունակ այն եղել է լիդեր, այնտեղ երգել են Շարա Տալյանը, Գոհար Գասպարյանը, Օֆելյա Համբարձումյանը, Արաքսի Գյուլզադյանը, Նորայր Մնացականյանն ու Հովհաննես Բադալյանը, Լուսիկ Քոշյանը, անգամ` թատրոնի դերասաններ: Այսօր մնացել ենք 17-18 հոգի: Մի՞թե դժվար է ցուցաբերել հոգատարություն, չեմ ասում` շռայլություն, թեև դրանց լիովին արժանի ենք: Ցուրտ, մութ, պատերազմող երկրում շարունակում էինք երգել հիվանդանոցներում, հոսպիտալներում` վիրավորների ցավերը մեղմելու, նրանց ոգևորելու համար: Հետագայում ինձ առաջարկեցին վերադառնալ նախկին անսամբլը, որն արդեն կոչվում էր Ա. Մերանգուլյանի անվան «Աստղեր» անսամբլ: Մերանգուլյանի անունը մեզանից անպակաս է: Ես համոզված եմ, որ մեր պետական այրերը Ա. Մերանգուլյանի ժողանսամբլի հետ տարիք են առել, նրանք կարող են ականջալուր լինել մեր հոգսերին: Մենք քիչ ենք մնացել, դժվար չէ 18 հոգուն պահել ուշադրության կենտրոնում, բայց ոչ գոյատևելու նպատակով: Մենք դրա խնդիրը չունենք: - Ի՞նչ եք կարծում, գլոբալացումն իր մեջ կներառի՞ նաև մշակույթը: - Մեզանից է կախված, թե հայ ազգը որքանո՞վ կկորցնի իր դեմքը: Համոզված եմ, որ մեր ազգը թեև սիրում է ընդօրինակել, սակայն կուլ գնացող չի: Ազգը եթե չգիտենա իր պատմությունը, ուրանա հավատը և չունենա մշակույթ, չի գզա, թե ինչպես է ձուլվում այլ ազգերին: Աշխարհն էլ գլոբալացվի, միևնույն է, ես իմ «Հորովելն» եմ երգելու, իմ «Կռունկը», իմ «Ձախորդ օրերը»... Այսպիսի երգեր ունեցող ժողովուրդը մի՞թե կձուլվի այլ ժողովուրդների ընտանիքում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ