«2006-ը Արտաշատի համար բարեհաջող տարի էր»


Տարեմուտը տոնական զգացողությունների, անակնկալների ակնկալիքների և հաճելի հոգսերի շրջան է: Տարեմուտը նաև հետահայաց ամփոփումների, արածն ու չարածը նժարելու առիթ է: Այդպիսի ուղղորդում ունի Արտաշատի ՀԿ անդամ Գագիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ խոսքը Ամանորի նախօրեին: Եվ այսպես. ի՞նչ փոխեց 2006-ը քաղաքի դիմագծի մեջ, և ի՞նչ չհասցրեցին անել քաղաքի կառավարիչները, որով և 2007-ին պիտի վերսկսեն քաղաքա-վարությունը, որպես նախորդի տրամաբանական շարունակություն: 2006 թվականը քաղաքի համար բավական հաջող տարի էր` մի շարք կարևոր խնդիրների լուծման առումով: Տարիներ շարունակ քաղաքի բնակչությանը որակյալ խմելու ջուր մատակարարելը եղել է մեր հոգսերի հոգսը: Եվ միայն այս տարի մենք այդ պրոբլեմը լիովին լուծեցինք` վերակառուցելով 1,5 կմ երկարությամբ մայր ջրագիծը: Խմելու ջրի որակի բարելավման գործընթացն ավարտին կհասցվի եկող տարի, բաժանարար ջրագծերի նորոգմամբ` այդպիսով կամաց-կամաց մոտենալով շուրջօրյա ջրամատակարարմանը: Ողջ տարին մեր ուշադրության կենտրոնում էր բնակֆոնդի պահպանությունը: Համայնքի թվով 126 բնակելի շենքերի մեծ մասը 30-40 տարվա կառույց են և վաղուց նորոգման երես չեն տեսել: Մենք կարողացանք զգալի նորոգման աշխատանքներ կատարել, իհարկե` բնավ էլ այն չհամարելով բավարար: Ցավոք, համայնքային բյուջեն պարզապես ի վիճակի չէ ամբողջապես հոգալ բնակֆոնդի պահպանման հոգսը, և պիտի փորձենք համատիրությունները կայացնելով` այդ աշխատանքներում ներգրավել բնակիչներին: Այս տարի նորոգվեցին նաև քաղաքային մարզադպրոցի երկու` խաղային և ըմբշամարտի դահլիճները: Երկրորդում աշխատանքներն ավարտված են, և քաղաքն այժմ ունի միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտացված մարզասրահ: Եթե դրա հովանավորը Կառավարությունն է, ապա խաղերի սրահը նորոգվել է համայնքային բյուջեի միջոցներով: 2006-ը նշանավորվեց նաև բնակարանամուտով: Իրողություն, որ վերջին երկու տասնամյակում շատերի համար միայն երազանք կարող է լինել: Կառավարության աջակցությամբ շահագործման հանձնեցինք մեկ բնակելի շենք` 40 բնակարանով: Տարիների անհույս սպասումից հետո 40 ընտանիքներ Ամանորը կդիմավորեն սեփական հարկի տակ: Մենք ջանալու ենք ծրագիրը դարձնել շարունակական և այդպիսի խնդրանքով արդեն դիմել ենք վարչապետին: Այս տարի մարզկենտրոնում, քաղաքի դարպասների մոտ եկեղեցի հիմնվեց: ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և նրա բարերարությամբ կառուցվող եկեղեցու շինարարությունը կավարտվի 2008 թվականին: Վաղուց ժամանակն է նաև, որ Արտաշատն ունենա իր զինանշանը: Քաղաքի մուտքի ձևավորման և զինանշանի լավագույն առաջարկը կորոշվի մրցույթի արդյունքում: Տարիներ շարունակ Արտաշատի փողոցներում խավարն է թագավորել: Այսօր մեր քաղաքի փողոցները հիմնականում լուսավորված են, և, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ կյանքը այստեղ եռում է: Եվս 2-3 տարի, և մենք կունենանք ամբողջովին լուսավորված քաղաք: Իհարկե, փողոցները ոչ միայն լուսավորվել են, այլև բարեկարգվել, ասֆալտապատվել: Քաղաքում նաև կանաչն է ավելացել: Կանաչապատ տարածքների ընդլայնմանը զուգահեռ կարգի է բերվել ոռոգման ցանցը: Եվ, ընդհանրապես, կանաչ գոտիների և մասամբ էլ գյուղատնտեսական հողերի ոռոգման առումով խնդիր, որպես այդպիսին, քաղաքը չունի: Այս տարի նախադրյալներ ենք ստեղծել` էապես բարելավելու քաղաքի աղբահանությունը: Տեխնիկան կհամալրվի և° մեր միջոցներով, և° քույր քաղաք Քլամարի քաղաքապետարանի նվիրատվությամբ: Առանձնակի ուշադրության են արժանացել նախակրթարանները: Դրանցից երեքն այս տարի կգործեն շուրջտարյա: Հաջորդ տարի շուրջտարին կգործեն քաղաքի բոլոր ինը նախակրթարանները: Նախակրթարաններից մեկը մեկուկես տարի չէր գործում: Մենք գտանք ելքը` դիմեցինք Իտալիայի կառավարությանը և շատ արագ համաձայնություն ստացանք: Մեզ աջակցեց նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, և եռակողմ (երրորդ կողմը քաղաքապետարանն էր) համագործակցությամբ վերանորոգված շենքը բոլոր առումներով այսօր կարելի է եզակի կառույց համարել: Ծնողական վճարի ուղիղ կեսը վճարում է համայնքը: Մենք հոգ ենք տարել նաև համակարգի աշխատողների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ: Կարծում եմ` հանրապետությունում շատ չեն այնպիսի համայնքները, ուր նախակրթական ոլորտում աշխատավարձը հասցվել է 30 հազար դրամի: Եկող տարի նախատեսել ենք բարձրացնել քաղաքապետարանի ենթակայության մյուս կառույցների (երաժշտական դպրոց, մարզադպրոց) աշխատակիցների աշխատավարձը: Համայնքի բյուջեի կատարողականի տարեցտարի աճը (35 %-ից մենք այն հասցրել ենք 92 %-ի) մեզ տալիս է այդ երաշխիքը: 2006-ին ձեռք բերված հաջողությունների թվում թերևս կարելի է նշել փոքր բիզնեսի նկատելի աշխուժացումը: Ինչպես միշտ, մենք կարևորել ենք ձեռներեցներին ամեն կերպ աջակցելը և միջին բիզնեսի համար պայմաններ ստեղծելը: Ստեղծվել է երկու նոր արտադրամաս թանզիֆի և զուգագուլպաների, ինչն ուրախալի է նախևառաջ նոր աշխատատեղերի առումով: Որպես քաղաքապետ, ինձ համար առավել ոգևորիչ է ժողովրդի գոհունակությունը, դրական վերաբերմունքը քաղաքում իրականացված աշխատանքների նկատմամբ: Ես շրջում եմ քաղաքում, զրուցում եմ իմ համաքաղաքացիների հետ և, համոզվում եմ, որ մեր խոսքն ու խոստումը լսելուց բացի, մարդիկ մեր գործն են տեսնում և գնահատում: Իսկ դա ոչ միայն ուրախացնում է, այլև պարտավորեցնում: Այս օրերին քաղաքապետարանի ջանքերն ուղղված են քաղաքին առավել քան տոնական տեսք տալուն, մարդկանց տոնական տրամադրություն և տոնի զգացողություն հաղորդելուն: Քաղաքապետարանամերձ հրապարակում մեր տնկած բնական եղևնին ամեն տարի երկարում է` էլ ավելի շուք տալով ամանորյա միջոցառումներին: Առիթն օգտագործելով` ես շնորհավորում եմ իմ համաքաղաքացիների, իմ կուսակիցների, ողջ հայ ժողովրդի Նոր տարին: Մեզ բոլորիս մաղթում եմ համբերություն, հավատ վաղվա օրվա նկատմամբ, քանզի տեսնում եմ, համոզված եմ, որ լուսավոր է լինելու վաղվա օրը: Հավատանք իրար, կարողանանք տեսնել ու գնահատել մեր կյանքի առաջընթացը, միասնական ուժ դառնանք, և բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ