Ամանոր


ՀՀ ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Գրիգորյանը և Վահե Շահվերդյանը: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ - Չհասցրեցինք ավարտել Ագաթա Քրիստիի «Մկան թակարդը»: Քիչ չաշխատեցինք, երկար փորձում էինք: Մեկ անգամ նույնիսկ խաղացինք ու անհարմար զգացինք ստացվածը ցույց տալ հանդիսատեսին: Դա մեր թատրոնի անհաջողությունն էր, բեմադրիչի ձախողումը: Շանթի «Կայսրը», օրինակ, ընդամենը մեկուկես ամսում արեցինք: Թատերաշրջանը, այդպիսով, տոնական ավարտ ունեցավ: Հետաքրքիր է, որ Սանկտ Պետերբուրգում, դեռ չտեսած, հենց այս ներկայացումով են ուզում կազմակերպել մեր նոր հանդիպումը գալիք տարում` երևի վստահում են ինձ: Կարծում եմ, բեմադրական խնդիրներս հաջողությամբ իրագործվել են դերասանախմբի կողմից: Մնացած ամեն ինչի համար` բեմական և երաժշտական ձևավորումների, բոլոր ժամանակներին բնորոշ մարդկային կրքերը մարմնավորող պիեսի կերպարների նկարագրերի... ամենի` ինքս եմ պատասխանատու: Դատելով օրերս կայացած առաջնախաղից` ստացվել է մերօրյա քաղաքական եռուզեռին համահունչ մի նոր ներկայացում: Է՞լ ինչ չենք հասցրել: Շատ բան, քանի որ ցանկությունները միշտ ավելի շատ են լինում, քան հնարավորությունները: Դրա փոխարեն մենք առաջին տեղեր գրավեցինք մի շարք փառատոներում: Հաջորդ տարվա համար արդեն չորս հրավեր ունենք: Ամենապահանջված բեմադրությունը «Փշրված շղթան» է: Ռուսաստանում, ազգամիջյան սրված հակամարտությունների այդ լայնածավալ երկրում, հայի և ադրբեջանցու մեկ շղթայով կապված լինելը ընկալվում է որպես սեփական կոնֆլիկտների փոխաբերություն: Շատերին է վարակում ներկայացման խաղաղ, բարիդրացիական ազգային հանդուր ժողականության թեման, սեփական ցավի հստակ մարմնավորումը զուտ մարդասիրական մոտեցմամբ, ուրիշի օրինակով: Իրանը հենց այս գործով է մեզ մտադիր հրավիրել հաջորդ փառատոնին: Շատ ծրագրերի իրագործումը հիմնականում հանգում է ֆինանսներին: Մեզ, իհարկե, շատ են օգնում` Միքայել Բաղդասարովը, Կենտրոնի թաղապետը, «Անելիքը», «Ակցեռնը»: Վերջերս ակտիվացել է Մշակույթի նախարարության վերաբերմունքը. սա չափազանց կարևոր է տարբեր առումներով և ուրախալի: Հատկապես ուզում եմ երախագիտությունս հայտնել բոլոր-բոլորին, ովքեր մեծ շուք ու խանդավառություն հաղորդեցին իմ հոբելյանական հանդիսությանը: Իմ անձի նկատմամբ ուշադրությունը շատ ավելի ջերմ էր, քան կարող էի ենթադրել: ...Առաջ, երբ ինքնաթիռով Երևան էի վերադառնում, տխրում էի կիսադատարկ սալոններից: Հիմա, կարծես թե, Երևան մեկնողների թիվը ավելանում է: Նշանակում է` ոմանք վերադառնում են: Գուցե ժամանակավո՞ր: Միևնույն է` մեկ տասնամյակ առաջ նկատվող դատարկությունը ինքնաթիռներում այլևս չի ճնշում: Երազում եմ, որ աշխարհի բոլոր օդանավակայանների տոմսարկղերում փակցված լինի «Երևանի տոմսերը վաճառված են» ցուցանակը: Ցանկանում եմ, որ կառավարությունը ավելի շատ աշխատատեղեր կազմակերպի հաջորդ տարում, որպեսզի մարդիկ անգործ չթափառեն փողոցներում, համատարած չզբաղվեն առևտրով: Չխաբենք իրար, ինքնախաբեությամբ էլ չտարվենք: Նախընտրական իրարանցմանը զուգընթաց հայերս միմյանց նկատմամբ չլինենք նենգ ու նախանձոտ, զգուշավոր ու անսեր: Մեր ազգի առողջությունը մեզնից է կախված: Միջազգային հանրությունը մեզ ավելի կվստահի, երբ տեսնի բռունցքված ու միաբան: ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ - Իմ ծրագրերն ու անելիքները այնքան շատ են, որ, բնական է, շատ բան չեմ հասցրել անել: Եվ այն, ինչ 2006-ին չհասցրեցի, հնարավոր է` 2007-ին էլ չհասցնեմ, 2008-ին էլ... Ոչ միայն ֆինանսական նկատառումներով: Կան նվիրական պիեսներ, որոնց ես անպայման ուզում եմ անդրադառնալ: Բայց քանի որ ես ազատ ստեղծագործող չեմ, ունեմ որոշակի պարտականություններ որպես գեղարվեստա կան ղեկավար, սեփական ցանկություններս հաճախ երկրորդ պլանում են մնում: Թատրոնի շինարարի դժվարին աշխատանքը հաճախ հնարավորություն չի տալիս բեմադրել միայն այն, ինչ երազում ես: Հատկապես սա վերաբերում է շեքսպիրյան դրամատուրգիային: Հուսով եմ, գոնե 2007-ին կկարողանամ սկսել իմ նախընտրած ողբերգություններից մեկնումեկը` վախենում եմ անուններ տալ: Անցած թատերաշրջանի լավագույն բեմադրությունը նվիրական երազանքներիցս մեկի` Շիրվանզադեի «Պատվի համար»-ի իրականացումն էր: Ինչ-որ մանրամասներ գուցե դեռ այն չեն, բայց ասելիքի առումով, կարծում եմ, ամեն ինչ իր տեղում է: Եվ ես գոհ եմ այդ փաստից: 2007-ը սկսելու ենք Նելլի Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» պիեսի անավարտ մնացած բեմադրության ինտենսիվ փորձերով: Երևի տարեսկզբին կհանձնենք հանդիսատեսի դատին: Կարևորագույն իրադարձություն դառնալու բոլոր հիմքերը ունի Հայ-ամերիկյան թատերաերաժշտական միության նախաձեռնությամբ մտահղացված «Վարդանանքը»` նվիրված Ավարայրի ճակատամարտի 1555-ամյակին: Ազատ բեմականացման հեղինակը Պերճ Զեյթունց յանն է: 2006-ի կարևոր իրադարձություն եմ համարում Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանի տոնակատարությունը` ի վերջո մենք բոլորս նրա շարունակությունն ենք: Ադամյանցիներն իրենք այսօր իսկապես արժանի են նրա ժառանգները կոչվելու: 2006-ը ինձ համար մեծագույն անձնական երջանկության տարի էր նաև. ծնվեցին զույգ թոռնուհիներս: Հիմա եմ հասկանում, թե ինչ քաղցր զգացողություն է պապիկ լինելը: Շարունակելու ենք հոբելյանական գիծը: Մյուս տարի ունենք` Բաբկեն Ներսիսյան-90, Մարգո Մուրադյան-80, Վլադիմիր Աբաջյան-80, Գուրգեն Ջանիբեկյան-110, Կարեն Ջանիբեկյան-70` արդի հայ թատրոնի պատմության մեջ կարևոր դերակատարություն ունեցող անհատներ, որոնց նկատմամբ պետք է միշտ ուշադիր լինել: Շատ կուզենայի, որ 2007-ին մեզ, թատրոնների մասին է խոսքը, ցնցումների չենթարկեն, թողնեն հանգիստ ստեղծագործել: Բոլոր տեսակի ՊՈԱԿ-ներին և չգիտեմ ինչերին մի քիչ էլ իրենք հեգնախառն նայեն: Մեր օրերում պարզապես անհրաժեշտ է, որ թատրոնները զոհ չգնան անհեռատես, արհեստականորեն պատվաստվող օրինագծերին: Առիթը օգտագործելով` գալիք տարվա լավագույն բարեմաղթանքներս եմ հղում «Ավանգարդի» ընթերցողին, ամբողջ հայ ժողովրդին, իմ արվեստագետ կոլեգաներին: Տարին մոտենում է ավարտին, և անմիջապես ծնվում է նորի, ավելի լավի սպասումը: Փառք Աստծո, որ այդ սպասումը կա: Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում «Ավանգարդին»` մշակույթին, մասնավորապես թատրոնին մշտապես, հետևողականորեն անդրադառնալու համար: Ոչ մի ուրիշ թերթ այդ գործը չի անում: Եվ այն պակասը, որ արդի հայ թատրոնը այսօր ունի մամուլի առումով, փաստորեն միայն «Ավանգարդն» է լրացնում: Ուղղակի հիացած եմ, երախտապարտ: Չեք պատկերացնի, թե ձեր ջերմեռանդ հոգատարությունը ինչպես է խթանում մեր ստեղծագործական աշխատանքը: Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Նոր տարի: Երջանիկ ու խաղաղ, ստեղծարար ու շեն թող լինի 2007 թվականը ողջ մարդկության համար: