Անլուրջ նոթեր մի շատ «լուրջ» ասուլիսից


«Սենսացիոն» հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Ազատական Առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Պարզվում է, որ հանրապետության նախագահը մի քանի օր առաջ հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական ուժերին, ի թիվս այլ հարցերի, արգելել է խոսել նաև Ղարաբաղի խնդրի մասին: - Գնում ենք ընտրությունների, բայց ասում են` իրավունք չունեք սրա° մասին խոսելու, սրա° մասին և ամենակարևորը` իրավունք չունեք շահարկելու Ղարաբաղի հարցը: Դաժա°ն եք, դաժա°ն, պարո°ն նախագահ: Իմ կարծիքով գոնե ազատականների առաջնորդի նկատմամբ այդպիսի արգելք պետք է չդնեիք, քանի որ, ինչպես «իրավամբ» նկատում է ինքը. - Արցախի հարցի լուծումը պահանջելը, այդ հարցի շահարկումը բոլորի°ս, ամեն մի հայի «սուվերեն» իրավունքն է: Ուստի ելնելով իմ և պարոն Հովհաննիսյանի այդ իրավունքից` խնդրում եմ նրա համար մի ճար անեք և գրավոր կարգով թույլատրեք նրան, ընտրությունների ժամանակ «շահարկել» վերոհիշյալ հարցը: Ճիշտ է, իմ հարցին, թե հատկապես ո՞ր արտահայտությունից է նա գլխի ընկել, որ նրան ինչ-որ մի բան արգելել են, Հովհաննիսյանը չկարողացավ կոնկրետ պատասխանել, բայց, ինչպես ասում են, երկու ահը մի մահ է, ուստի նա ճիշտ է անում, որ ամեն դեպքում ինքնաարգելվում է: Բայց սա իշխանությունների միակ դաժանությունը չէ. մեկն էլ կա: Պարզվում է. - Իշխանությունները ոչ մի իդեալոգիա առաջ չեն քաշում, չեն ասում` ունենք այս իդեալոգիան և ուզում ենք այն զարգացնել: Ընդդիմությանն էլ հնարավորություն տալով հանդես գալ հակառակ, սեփական իդեալոգիայով: Իմ կարծիքով, այս մասին էլ պետք է մտածել: Օր ծերության մարդուն մի իդեոլոգիան ի՞նչ է, որ չեն տալիս: Եթե մինչև հիմա տված լինեին, մի հակառակն էլ ինքը մշակած կլիներ, հետո կկռվեցնեին իրար հետ, օր էր` կմթներ- անց կկենար: Չէ, ճիշտ եմ ասում, էս մարդու համար մի թեթև, շատ թեթև իդեոլոգիա է պետք մշակել, թող իրա համար բզբզա: Հաջորդ հայտարարությունը սահմռկեցուցիչ էր և կարծում եմ, որ դարդի տակ գցեց ասուլիսին մասնակցող գրեթե բոլոր լրագրողներին: Պարզվում է, որ - Ռուսական ամբողջ կապիտալը, որով օբյեկտներ են գնվել Հայաստանում, կրիմինալ փողեր են: Սարսափելով կրիմինալոտ փողերի առկայությունից` փորձեցի ճշտել, թե «օբյեկտներ» հասկացության մեջ ո՞ր օբյեկտներն են մտնում` Դդլի Համոյի դուքա՞նը, Ժնջիլ Վաղոյի ռեստորա՞նը, թե՞, ասենք, ավելի մեծ` Ռուսալ, ԱրմենԹել, ԲԵՑ-եր և այլն: - Բոլո°րը ,- պնդեց նա: Քանի որ թեման բացվել էր, իսկ մեր ունեցած տեղեկություններով կուսակցության գործունեությունն աշխուժացնելու նպատակով առաջադիմականները դրամական «ներարկում» են ստացել, նրան հիշեցրեցի, որ նախագահը խորհուրդ տվեց այդ փողը քոռուփուչ չանել և հարցրեցի. - Արդյոք չգիտե՞ք, թե ում էր ուղղված այդ խոսքը: - Չգիտեմ և չեմ էլ ուզում այդքան մանրանալ,- կտրական պատասխանեց նա: Հ. Գ. Ասում են` «Հայֆիլմում» նկարահանվում է «Էս խելքին ենք, որ էս օրին ենք» վավերագրական ֆիլմը: Գլխավոր դերում կարող է լինել մեզանից ամեն մեկը:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ