ԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ


Առաջին ձյունը, քաղաքը ողողած եղևնիներն ու ամանորյա բարիքներով ծանրաբեռնված առևտրի տաղավարները լիովին ամբողջացրել են նախատոնական Երևանի` տարվա այս շրջանի համայնապատկերը: Դեպի պատմության գիրկը սահող հերթական տարեմուտն ակամայից կամփոփի նաև հերթական քաղաքական տարին` նախորդի համար արձանագրելով ամենակարևորը` լուրջ ցնցումների չափազանց անհրաժեշտ բացակայությունը և խաղաղությունը ու նաև` ապագայի համար համանման հույսը: Մենք էլ մեր հերթին, նույնը փափագելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպված ենք չմոռանալ ու մեկ անգամ ևս արձանագրել 2007-ի նախընտրական տարի լինելու մասին` պատրաստ սպասելու ու թերթի էջերում քննարկելու ասվածից բխող բոլոր հետևանքները: Իսկ հետադարձ հայացքն անցնող ամիսներին առաջիկայի համար միայն ու միայն քաղաքական մոլի պայքար է խոստանում: Իսկ մինչ այդ այս օրերին Երևանի փողոցներում եղևնիների հետ միասին շատ խաղալիքներ ու նաև դիմակներ են վաճառում: Երեխաները սիրում են ու ամանորյա տոնահանդեսներին դարձյալ կրելու են նման դիմակներ: Տոներից հետո արդեն հույժ արդիական է դառնալու ավագների` մշտապես մեր ուշադրության կենտրոնում գտնվող և շատ սիրելի հայրենի քաղգործիչների «դիմակների հարցը»: Այստեղ, սակայն, տոնական տրամադրությանը սահուն անցմամբ փոխարինելու է քաղաքական-կուսակցականը, իսկ դիմակներն էլ ոչ թե ուրախացնելու են մանուկներին ու բոլորիս, այլ մեկը մյուսի հետևից սկսելու են պատռվել: Այո, սկսվելիք մեծ դիմակահանդեսը, որը, ինչպես կռահեցիք, քարոզարշավ անունով է պատրաստվում ներկայանալ, ակնհայտորեն քաղաքականացված դիմակներ պատռելու ընդգծված փորձերով է ուղեկցվելու: Հապա մի ուշադիր նայենք, թե ինչպիսի անմարդկային ջղաձգումներով են հայրենի քաղգործիչները խոսում միմյանց հնարավորությունների ու նորից մոդայիկ դարձած անհեթեթ սոցիոլոգիական հարցումների արդյունքների մասին: Չնայած ինչ-որ առումով այստեղ ողբերգություն փնտրելու կարիքն էլ գուցեև չկա. մարդիկ այսօրվանից արդեն հասկացել, իսկ առաջիկայում նաև համակերպվելու են այն մտքի հետ, որ հանրությունն իրենց չի հավատում և չի վստահում: Սակայն այստեղ անբնականը անհուսալի իրավիճակը փոփոխելու դատապարտված հույսն է: Մի՞թե նախընտրական իրավիճակն էր, որ հայրենի քաղգործիչներին պետք է բերեր հեղինակազրկված լինելու համոզման: Իսկ ի՞նչ էին անում բոլորիս հայտնի տասնյակներով հաշվվող կուսակցությունները վերջին մի քանի տարիներին: Իսկապես որ` ոչինչ կամ էլ դրան մոտ մի բան: Իսկ ավանդական դատարկախոսությամբ և կամ լավ ճառելով այլևս հնարավոր չէ զանգվածներին հրապուրել: Անցել են այդ ժամանակները, և լավ է, որ ավարտվող տարին վերջապես քաղաքական դաշտի երևելիներին էլ է բերել նման համոզման: Իհարկե, այս մասին կարելի էր նաև չխոսել, բայց ընդամենը մի քանի օր հետո «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ» ասելուց հետո կատաղի քաղաքական պայքարը, անկախ ամեն ինչից, դառնալու է մեր կյանքի անբաժանելի մի մասը: Ասել է թե` շատ շուտով իրական դիմակահանդեսին փոխարինելու է քաղաքականը: