Ե՞րբ կավարտվի ճգնաժամը


Վերլուծությունների արդյունքում այս հարցադրմանը տնտեսագետների պատասխաններն առանձնապես հուսադրող չեն` - Ճգնաժամի ավարտը դեռ հեռու է: Նրանց համոզմամբ` ճգնաժամը դեռ չի էլ խորացել: Մասնավորապես` բանկային համակարգերը դեռ չեն փլուզվել ու նորերը չեն ստեղծվել, ազգայնամոլության միտումները դեռևս չեն ընդգծվում, առևտրային բախումներ և ապագայի հանդեպ զանգվածային ընդգծված հոռետեսություն չկա, անշարժ գույքի գների կտրուկ անկում առայժմ չի արձանագրվել… Ռուս լրագրողներին հետաքրքրել է նաև թվագուշակների վերաբերմունքը, որը նրանց մասնագիտության նման առեղծվածային է. ճգնաժամը հաղթահարելու համար մարդը պետք է այն վերափոխի ու կարգավորի, որովհետև այդ աղետը հիվանդություն է` եսամոլություն անվամբ: Այն հաղթահարել նշանակում է եսասիրությունը փոխարինել արգասաբեր աշխատանքով և սիրով կամ, ծայրահեղ դեպքում` գոնե ընկալել դրա անհրաժեշտությունը: Ըստ այս ուսմունքի հետևորդների` ճգնաժամի ընթացքում կարող են լինել ժամանակահատվածներ, երբ մեզ կթվա, թե այն արդեն ավարտվել է, և մարդ արարածը նորից կսկսի դրսևորել իր էգոիզմը: Ճիշտ այնպես, ինչպես եգիպտական համատարած մահապատիժների ընթացքում շատերին թվացել է, որ պատժված մեղսագործների հետ երկրից վերացել է վատը: Այդպիսի շրջափուլերը մեզ կստիպեն ապրել չափավոր սպառման և միաբանվելու օրենքով. յուրաքանչյուրից` ըստ ունակությունների, յուրաքանչյուրին` ըստ սպառման: Ստացվում է` ճգնաժամը մարդկությանը տանում է դեպի կոմունի՞զմ. այն էլ` ոչ թե ստիպողաբար, այլ գիտակցորեն` ճգնաժամը հաղթահարելու բարձր գիտակցությամբ: …Հետաքրքիր է` այսպիսի «ինքնատիպությունը» արդյո՞ք հոգեբանական ճգնաժամի արդյունք չէ: Չնայած` երանի այդպես էլ լիներ: