Մ Շ Ա Կ ՈՒ Յ Թ


Մշակութային միջոցառումներով հագեցվածությամբ անցյալ տարին էապես տարբերվեց նախորդներից: Եվ` ոչ միայն քանակով, այլև դասականության վերադարձը նախանշող բազմազանությամբ: Դրանց գերակշռող մեծամասնության վերլուծական անդրադարձներին ժամանակին իրազեկված մեր ընթերցողին տարեվերջին խոստացված առանձնազրույցում ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հստակորեն տարբերակվում են մշակութային բերքահավաքի ամենահյութալի պտուղները` կոնկրետ պատկերացում տալով պետական մշակութային մարտավարության գլխավոր միտումների մասին: Ի սկզբանե համաձայնության գալով անցած տարվա ամենաարտառոց ու աղմկահարույց իրադարձության` Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախաձեռնված արմատական փոփոխությունների շուրջ բանավեճ չծավալելու մասին` փորձեցինք հետադարձ մտասևեռմամբ գնահատել 2008-ի մշակութային կյանքի առավել ուշագրավ դրսևորումները: Որպեսզի հանրամատչելի դառնա Մայր թատրոնի մոտակա ճակատագրի ակնկալվող պատկերը, պայմանավորվեցինք մեր զրույցին միացած փոխնախարար Դավիթ Մուրադյանի հետ առաջիկայում հատուկ անդրադառնալ ամենքին հուզող այդ կարևորագույն թեմային: