ՀԱ՞ ՈՐ


ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ կուսակցություններն իրենց քաղաքական ճակատագրերի գերիներն են: Հապա մի մտաբերեք, թե ինչ դժգոհություն ու փնթփնթոց է ծայր առնում հայոց աշխարհում` ամեն համապետական ընտրությունից հետո. ինչպես են հայրենի քաղգործիչներն, իրար հերթ չտալով, անխտիր բոլոր քվեարկությունների կեղծված լինելու մասին հորինովի կամ իրականին մի քիչ մոտ պատմություններ անում… Այնպես որ, միամիտներիս ամեն անգամ թվում է, թե այս մարդկանց խրոնիկական դժգոհությունը հենց իրենց այնպես է հուսահատեցրել, որ նրանք այդուհետ այլևս որևէ ընտրության մասին լսել անգամ չեն ցանկանա: Մինչդեռ ամեն մի նոր ընտրության լուրն անգամ մեր սիրելի քաղգործիչներին հոռետեսության թմբիրից սթափեցնում ու մինչև քվեարկություն աննկարագրելիորեն նորից աշխույժ է դարձնում: Այսպես, հայտնի է, որ մայրաքաղաքն առաջիկայում նոր քաղաքապետ պետք է ընտրի… Անհայտ է, թե այդ քվեարկությունն ի վերջո մայիսի՞ն, օգոստոսի՞ն, թե՞ ասենք նոյեմբեր ամսին կկազմակերպվի: Անորոշությունը, սակայն, և ոչ մի քաղաքական ուժի այլևս չի անհանգստացնում ու չի խանգարում` ողջ ծավալով շտաբային աշխատանքներ սկսելու և քարոզարշավի ոչ պաշտոնական մասը «բացված» համարելու: Գոնե այս պահին բազմաթիվ շտաբներում, ինչպես միշտ, աննկարագրելի մեծություն ունեցող ցուցանակն է միայն պակասում` ամեն ինչ ավելի ամբողջական դարձնելու համար: Չնայած եկեք համաձայնենք, որ ահռելի ցուցանակը չէ, որ պետք է զարդարի քաղաքապետի թեկնածուին ու նրա հաջողության գրավականը դառնա: ԻՐԵՆ փոխարինել ձգտողների ակտիվությունն ըստ երևույթին գործող քաղաքապետին թևաթափ է արել: Ճիշտ է, Երվանդ Զախարյանը երբևէ իր ակտիվությամբ աչքի չի ընկել, բայց այն, ինչին վերջին շաբաթներին կարելի է ականատես լինել Երևանի փողոցներում, ուղղակիորեն մութ ու ցուրտ տարիներն է հիշեցնում: Ժամանակներ, երբ քաղաքային իշխանությունները պարզապես ոչնչով չէին զբաղվում: Մայրաքաղաքը սառցապատվել է, իսկ աղը «մատաղն» է կերել, թե մեկ այլ համեղ պատառ, համենայն դեպս Երևանը պատած սառույցին այդպես էլ չի հասել: Այնպես որ, այս ձմռանը երևանցիներս ստիպված ենք ավելի շատ ապավինել բնության բարեհաճությանը` արևոտ օրեր երազելով: Հատկապես սառցաշերտերը հալված տեսնելու ակնկալիքով: Ահա թե ինչ է նշանակում քաղաքական-ընտրական շահ կոչված երևույթը, և մինչև ուր կարող է հասնել այն: ԱՆՀԱՅՏ չարագործների պարագայում էլ այդ շահն արտահայտվել է Նկարիչների միության դեմ կատարված ոտնձգությամբ: Չնայած պահակի ու անվտանգության համակարգի առկայությանը` օրեր առաջ այս շենքից անհետացել են մի շարք թանկարԺեք նկարներ: Ոստիկանությունն, ինչպես սովորաբար, բավարարվել է փաստն արձանագրելով միայն: Նկարիչների միության ղեկավարությունն էլ կարծեք թե չի պատրաստվում աղմուկ բարձրացնել: Այստեղ (ինչպես և շատ այլուր) աղմկում են միայն ժողովների, համագումարների, միության նախագահի ընտրությունների ժամանակ: Իսկ հայ արվեստի երևելիների ստեղծագործությունների անհետացման փաստը միության պատասխանատուներին կարծես քիչ է հետաքրքրում: Չէ՞ որ հաճախ նաև բազմաթիվ բարձրարժեք գործեր աճուրդով են վաճառվել, ու դարձյալ` հնարավորինս անաղմուկ: Հիմա տարբերությունը միայն այն է, որ այս անգամ միության շենքը «լքած» կտավների դիմաց գումար չի վճարվել: