«ԵՍ ՇԱՀԵԼ ՈՒ ՏՈՒԺԵԼ ԵՄ… ՄՀԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ»


ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ և ՀՀ պետական մրցանակների եռակի դափնեկիր Ալբերտ ՄԿՐՏՉՅԱՆՆ այսօր արդեն ազգային կինեմատոգրաֆի դասականներից է: Արվեստագետ, ում ստեղծագործությունն աղերսվելով հայկական կինոյի դասականների ստեղծած արժեքներին, ձևավորում է մի նոր ու ինքնուրույն հանգրվան` «ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԻՆՈՆ»: Ականավոր կինոբեմադրիչի հետ մեր զրույցի շարժառիթը 2010-ին նշված Մհեր Մկրտչյանի հոբելյանն էր, որի շրջանակներում հանդիսություններ եղան Վանաձորում և Գյումրիում, Վանաձորում բացվեց Մեծ Արտիստի հուշարձանը: - Հոբելյանները,- ինչպես իմաստուն կերպով նշել է Գյոթեն,- պետք են առաջին հերթին ապրողներին, որպեսզի հիշեն ու արժևորեն, գնահատեն, նաև‘ հեռացած նշանավոր անհատականության կյանքն իրենց համար դաս դարձնեն... Արդյո՞ք Մհեր Մկրտչյանի հոբելյանն այդ չափման մեջ տեղավորվեց: - Մհեր Մկրտչյանի մասին ռուս մեծ կինոբեմադրիչ Էլդար Ռյազանովն ասել է. «Բոլոր ժամանակների դերասան»: Այս գնահատությունը չափազանց իմաստուն և խորն է: Մհերն իսկապես դարձավ բոլոր ժամանակների դերասան` իր արվեստով կանգնելով ոչ միայն հայ խոշորագույն դերասանների կողքին: Եվ այսօր ապրողներն, այո, պիտի առավել խորն իմանան Մհերին, նրա ստեղծագործությունը, որը պարադոքսների ամբողջություն է, ինքնօրինակ է, եզակի: Շատերն են խոսում Մհերի մասին, փորձում բնութագրել նրա դերասանական առանձնահատկությունը, բայց քչերն են կարողանում ընկալել նրան: Մհերը մեծ, շատ մեծ ողբերգակ էր, ով ողբերգություն էր խաղում կատակերգական «շղարշով», հումորով` այսպես ձգտելով թաքցնել իր հերոսների մեծ տառապանքները: Նրա ստեղծագործության մեջ կատակերգականն արտաքին շերտն էր, իսկ հատակը, խորքը` ողբերգականն էր: Իհարկե, հոբելյանը նպաստեց, որպեսզի նորից մարդիկ գան դեպի Մհերը, նորից խոսեն նրա մասին` այսպես նաև բացահայտելով թատրոնի և կինոյի մասին իրենց պատկերացումները: Սակայն հոբելյանները միայն տոն չպետք է լինեն, դրանք պետք է ծնեն մասնագիտական նոր թափանցումներ, նոր արժևորումներ: Այս իմաստով Մհերի բախտը չի բերել. նրա մասին ստեղծված բազմաթիվ գրքերի մեջ դեռ չկա մեկը, որը գիտականորեն ներկայացներ Մհեր Մկրտչյանի արվեստի բացառիկությունը: - Դուք Մհեր Մկրտչյանի կրտսեր եղբայրն եք, նրա մասնակցությամբ ստեղծված մի շարք ֆիլմերի բեմադրիչը: Ի՞նչ տեղ ունի արվեստագետ Մհեր Մկրտչյանը Ձեր կյանքում: - Այո, ես Մհեր Մկրտչյանի եղբայրն եմ, երջանիկ եմ ու հպարտ: Ես հաճախ եմ պատմել մեր դժվարին մանկության, մեր ապրած ծանր օրերի մասին, այն մասին, թե ինչպես պատանի Մհերն արդեն Լենինականի տեքստիլի թաղամասում սիրված դերասանի համարում ուներ… Ես, հավատացեք, հատկապես արվեստում շահել և տուժել եմ Մհերի պատճառով: Սա թող տարօրինակ չթվա: Երբ ինձ` որպես մարդ, ներկայացնում են Մհեր Մկրտչյանի եղբայր, հոգիս թունդ է ելնում: Սակայն երբ որպես կինոբեմադրիչ իմ արածն ասես մոռացության տալով` դարձյալ հիշատակում են Մհերի անունը, ես տուժում եմ, որովհետև, որքան էլ շատ են եղել մեր ստեղծագործական համագործակցության օրինակները, այնուամենայնիվ, մենք տարբեր գեղագիտական ընկալումներ ունենք: Մհերն իր ստեղծագործության մեջ միավորում էր ռոմանտիկականը հույժ ողբերգականին, «տխուր կատակերգականին», իսկ ես ավելի շատ հակված եմ դեպի նեոռեալիզմի հաստատած արտահայտչաձևերը: Մհերը նկարահանվել է «Լուսանկար», «Հուշարձան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»` իմ նկարահանած ֆիլմերում: Ես, հեռանալով հաստատված ավանդույթից, երբ նրա մեջ ուզում էին տեսնել «կատակերգական դիմակն» ու տիպաժը, ձգտել եմ բացահայտել ողբերգական այն կուտակումները, որոնք առկա էին, որոնք նրա արվեստի ենթահողն էին: Հաճելի էր նրա հետ աշխատելը նկարահանման հրապարակում. երեխայի նման հպատակվում էր, լսում, սակայն աչքի էր ընկնում ինքնաստեղծմամբ, ստեղծագործական երևակայությամբ: «Հին օրերի երգի» այն տեսարանը, երբ նրա փոստատար Նիկոլը նայում էր ոչխարների գլուխներին ու խելագարվում` սցենարում չկար: Նկարահանումներից վերադառնում էինք Երևան, երբ մեզ հրավիրեցին Ուջան գյուղ: Մհերի պատվին գյուղացիները ճոխ սեղան էին բացել, խորոված արել: Հենց այնտեղ նկատեցի, որ Մհերն ակնդետ նայում է մորթված ու խորոված դարձած ոչխարների գլուխներին: Ինքն իմ ուշադրությունը սևեռեց այդ գլուխներին… Օրեր անց նկարահանեցինք ֆիլմի համար առանցքային դարձած տեսարաններից մեկը: - Մհեր Մկրտչյանի բացակայությունը չի՞ խանգարում Ձեզ նկարահանումների ժամանակ: - Իհարկե°: Մհերը յուրատեսակ դերասան էր, նրա հետ կարելի էր ցանկացած բարդ ստեղծագործական խնդիր լուծել: Նա դառնում էր իր դերի բեմադրիչը և բեմադրիչի ակտիվ համախոհը: Մենք հաճախ էինք վիճում իրար հետ: Կողքից լսողը կարող էր այն տպավորությունն ստանալ, թե մենք ոխերիմ թշնամիներ ենք: Բայց դրանք ստեղծագործական վեճեր էին, որոնք ավարտվում էին հաշտությամբ` ծնելով մի նոր մտահղացում: Ես Մհերից հետո նկարահանել եմ «Ուրախ ավտոբուս» և «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմերը: Դրանք ինձ համար այլ արժեքներ են, դրանց միջոցով ես տարբեր ստեղծագործական խնդիրներ եմ լուծում, սակայն այնպես կուզենայի, որ Մհերը նկարահանվեր այդ ֆիլմերում: Գուցե փոխվեին շեշտադրումները, գեղարվեստական հայեցակարգերը, սակայն դրանք բոլորովին այլ ֆիլմեր կլինեին: - Դուք հեշտությա՞մբ եք ընտրում Ձեր ֆիլմերի դերակատարներին: - Սցենարը գրելիս ես արդեն մտովի պատկերացնում եմ այն դերասաններին, ովքեր պիտի նկարահանվեն իմ ֆիլմում: Շատ հաճախ հենց նրանց անհատականությունն ու արտահայտչամիջոցներն էլ դնում եմ կերպարների հիմքում: Իհարկե, ընտրություն, այդուհանդերձ, կայանում է, սակայն գլխավոր դերակատարների հարցում ես չեմ փոխում իմ մտադրությունները: Հիշատակված երկու ֆիլմերի գլխավոր դերերում էլ նկարահանվել են այն դերասանները, ում պատկերացրել եմ սցենարները ստեղծելիս. Անահիտ Քոչարյան, Սոս Սարգսյան, Գուժ Մանուկյան, Ազատ Գասպարյան, Միքայել Պողոսյան, Կարինե Ջանջուղազյան… Ես այն բեմադրիչներից եմ, ովքեր աշխատում են համախոհությամբ, ուստի մի շարք ֆիլմերում ես հենց նույն դերասաններին եմ հրավիրում: Անգամ դրվագային դերերում էլ ձգտում եմ ներգրավել նույն մարդկանց: - Որքան գիտեմ` այժմ աշխատում եք նոր սցենարի վրա: Ինչի՞ մասին է լինելու Ձեր նոր ֆիլմը: - Սցենարն, այո, գրեթե պատրաստ է, հավանաբար շուտով կսկսեմ աշխատանքները, սակայն չեմ ուզում դեռ բացել իմ ստեղծագործական «խոհանոցի» դռները, որովհետև հնարավոր է, որ շատ բան փոխվի սցենարում, հարստանա նոր շեշտերով, սյուժետային նոր գծերով: - Պարոն Մկրտչյան, ի՞նչ կասեք «Ավանգարդի» ընթերցողներին: - Մենք վերջին տասնամյակներում շատ արժեքներ կորցրեցինք, բայց, բարեբախտաբար, «Ավանգարդը» նորից լույս է տեսնում` ուրախացնելով հատկապես իմ սերնդի մարդկանց, որովհետև «Ավանգարդը» բոլորիս թերթն է եղել: Ես ուզում եմ, որ հատկապես երիտասարդ ընթերցողները երբեք չհեռանան այս թերթից, լինեն նրա հետ: Չէ՞ որ ավանգարդ` առաջավոր է նշանակում: Ուզում եմ, որ մեր երիտասարդներն էլ մշտապես լինեն առաջին դիրքերում` հուշելով, նոր մտքերով ու գաղափարներով ոգևորելով մեզ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ