Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…


Հայ զինվորի կորովը դարեր շարունակ փառաբանվել է մեր ժողովրդի կողմից, նրա բազկի ուժը բազում հաղթանակներ է կերտել հայոց պատմության էջերում: Հայ ռազմիկի մարտական ոգին անցյալ չէ. թեկուզ թաքնված կամ փոքրինչ վերափոխված` այսօր էլ ապրում է յուրաքանչյուր հայ զինվորի մեջ` որպես թանկ ժառանգություն… Ո՞վ է զինվորը` զինվորի աչքերով: Մեր զրուցակիցներն այս անգամ Տավուշի զորամասերից մեկի զինծառայողներն են` Էդմոնդ ՄԿՐՏՉՅԱՆ. կրտսեր սերԺանտ, 18 տ., ք. Երևան - Հայ զինվորը քաջ է, անվախ, երբեք գլուխը չի խոնարհի թշնամու առաջ: Ընկերասեր է, միշտ հասնում է զինակից ընկերոջը: Կցանկանայի, որ այն ամենը, ինչ սովորում ենք ծառայության ընթացքում, օգտագործվի միայն խաղաղ պայմաններում: Վարդան ՄԱՆՈՒԿՅԱՆ. կրտսեր սերժանտ, 21 տ., ք. Երևան - Խիզախությամբ ու կայուն բնավորությամբ է օժտված հայ զինվորը: Կցանկանայի, որ նա գիտակցի հայրենիքը պաշտպանելու կարևորությունը և նրա համար կյանք տալու պատրաստակամություն ունենա: Բոլորին ցանկանում եմ բարի ծառայություն, անփորձանք հասնեն իրենց ծնողներին և սիրած էակներին: Բանակում տիրող կարգուկանոնը, զինվորական օրակարգը, որոշակի պարտականությունների և պատասխանատվության ստանձնումը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունը կոփում են զինվորին, դարձնում ավելի հասուն, կայուն, գիտակից և սկզբունքային, ձևավորում նոր որակներ և աշխարհայացք, նոր ըմբռնումներ ու արժեքներ… Աբրահամ ԳԵՎՈՐԳՅԱՆ. զինծառայող. 19 տ., ք. Արթիկ - Արդեն ծառայել եմ 6 ամիս, 8 օր: Իմ մեջ շատ բան է փոխել բանակը: Սկսել եմ բոլոր հարցերին ավելի լուրջ նայել: Համոզված եմ` հետագայում ավելի լավ կհասկանամ բանակում ծառայելու արժեքը: Արարատ ԳԻՆՈՍՅԱՆ. կրտսեր սերժանտ: 19 տ., ք. Աբովյան - 1 տարվա ծառայող եմ: Լուրջ փոփոխություններ եմ նկատում իմ մեջ: Կյանքին նայում եմ հասուն, բանիմաց մարդու աչքերով: Ինձ հանդիպած դժվարություններն ավելի լավ եմ ըմբռնում և ավելի հեշտ եմ կողմնորոշվում տարբեր իրավիճակներում: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երիտասարդ բանակ է զորակոչվում` բանակում տիրող մթնոլորտի, ներքին փոխհարաբերությունների, դրականի ու բացասականի մասին որոշակի կարծիք, երբեմն նույնիսկ կարծրատիպի «ամրության» հասնող հայացքներ ունենալով: Ծառայության առաջին օրերից յուրաքանչյուր զինվոր յուրովի է արձագանքում բանակային «փորձություններին», ինքնուրույն կշռադատում դժվարությունների և դրանցով պայմանավորված առանձնահատկությունների մասին: Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. սերժանտ, 23 տ., ք. Երևան - Ինձ դուր է գալիս զինվորների կարգապահությունը, մտածելակերպը, «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» սկզբունքին հավատարիմ մնալը: Դժգոհություններ չունեմ, միակ դժվարությունը կարոտն է: Կարոտում ես հարազատներիդ, ընտանիքիդ անդամներին: Սակայն դա ևս կոփում ու ամրացնում է մեր կամքը: Չէի ուզի, որ ամեն ինչ հեշտ լիներ, քանի որ, ինչպես Սուվորովն է ասել. «Դժվար` պարապմունքի մեջ, հեշտ` մարտում»: Գրիգոր ԲԱԼՅԱՆ. զինծառայող, 19 տ., ք. Երևան - Առաջին հերթին դրական եմ համարում այն, որ դառնում ենք ավելի հասուն, ուժեղ և կազմակերպված: Ծառայությանը խանգարում է միայն հարազատների ու տան կարոտը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ