Ավելի մեծ պատիվ, քան երկրիդ սահմանները պաշտպանելն է, չի կարող լինել


Գնդապետ Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հրամանատարությամբ N զորամասը մարտական պատրաստականության, զինվորական կարգապահության և այլ ոլորտների ամփոփման արդյունքում իր տեսակի` մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի մեջ, 2010 թ. ճանաչվել է լավագույնը: - Սա մեծ պատասխանատվություն է մեզ համար: Ամեն կերպ ձգտելու ենք պահպանել ձեռքբերումները և բազմապատկել մեր հաջողությունները` փորձելով հասնել որակական նոր մակարդակի, ասում է գնդի հրամանատարը: Զինվորական ծառայությունը նաև դաստիարակություն է: Պատահական չէ, որ բանակը նաև «հասունության դպրոց» է համարվում: Այս առումով հատկապես ի՞նչն եք կարևորում և ի՞նչը կառանձնացնեիք այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում: - Մեր առօրյա գործունեությունն ամբողջովին ուղղված է մարտական ուսուցմանը, որն իր մեջ ներառում է մարտավարական պատրաստությունը: Այն հմտություններ է մշակում զինվորի, սպայի, ողջ անձնակազմի համար, որոնք կիրառելի են մարտական գործողությունների ժամանակ` ուղղված սեփական երկրի, հայրենիքի պաշտպանությանը: Երբ զինվորի մեջ արթնանում է հայրենիքը պաշտպանելու գիտակցումը, նա սկսում է հասկանալ իր մասնագիտության, իր անելիքի կարևորությունը: Զինվորին փաստացի ցույց ենք տալիս, թե հակառակորդը որտեղից կարող է հարձակվել, ինչպես պետք է պաշտպանության անցնել, ինչ գործողություններ պետք է վարել, ինչպես տեղաշարժվել մարտի դաշտում, ինչպես ընտրել ավելի հարմար դիրք` կրակ վարելու համար և այլն: Նա արդեն գործնականում տեսնում է իր անելիքը և դրա կարևորությունը, գիտակցում է, որ ինքն իր ձեռքով` ինքնուրույն կարող է պաշտպանել իր հայրենիքը: Ամենամեծ դաստիարակչական խթանը սա է: - Ըստ Ձեզ` ի՞նչ նկարագիր ունի այսօր հայ զինվորը, կամ ԶՈՒ զորակոչվող երիտասարդը: - Խորհրդային իշխանության տարիներին ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցում և նախադպրոցական օջախներում, անկասկած, ավելի բարձր մակարդակի վրա էր, քան այսօր: Ներկայիս սերունդը բարձր ռազմահայրենասիրական պատրաստությամբ աչքի չի ընկնում: Ծառայությունը, բնականաբար, դրական ազդեցություն է ունենում: Բացի այն, որ երիտասարդը հասունանում է, մեզ հաջողվում է լրացնել այն բացը, որ կրթական օջախների` ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում թերացումների արդյունք է: Որոշ չափով ծանոթ լինելով ներկայիս կրթական ծրագրերին` կարող եմ ասել, որ նպատակաուղղված ռազմահայրենասիրական դաստիարակություն կա բանակում: Ծառայությունից հետո զինվորը զորացրվում է որպես հասուն տղամարդ, որպես գիտակից, հայրենասեր հայ մարդ: Նորակոչիկի և ծառայությունն ավարտած զինվորի միջև էական տարբերությունը դա է: - Հատկապես ի՞նչն է շեշտադրվում հայրենասիրական դաստիարակության մեջ: - Հայրենասիրական դաստիարակության գլխավոր սկզբունքը, նպատակը հետևյալն է. «Զինվորին դաստիարակել այնպես, որ ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում պատրաստ լինի իր հայրենիքը պաշտպանել»: - Որպես սահմանամերձ` ավելի ստույգ` որպես սահմանապահ զորամաս, կա՞ն տարբերություններ և° դաստիարակության խնդիրներում, և° առօրյա աշխատանքներում: - Ի տարբերություն ռեզերվային զորամասերի` սահմանամերձ վայրերում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը պահպանում են ՀՀ պետական սահմանը, շփման գծում հերթապահություն են իրականացնում, որտեղ կանգնած է հակառակորդը, ում տեսնում ես քո աչքերով… Հենց դրանից է բխում դաստիարակության խնդիրների տարբերությունը: Ռեզերվային զորամասի զինվորի համար հայրենիքի սահման հասկացությունը, այն պաշտպանելու խնդիրը որոշ չափով վերացական է, իսկ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի զինվորի համար` առօրյա, իրական, անժխտելի հասկացություն: Շփման գծում հրադադարի խախտման դեպքերը զինվորին պահում են իրական դաշտում: Նա տեսնում ու հասկանում է, թե ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանությունը: - Ի՞նչ կասեիք հայ զինվորին և զորակոչի ենթարկվող նոր հերթափոխին: - Ավելի մեծ պատիվ, քան սեփական երկրի սահմանները պաշտպանելն է, չի կարող լինել: Յուրաքանչյուր հայ երիտասարդ պիտի ձգտի մասնակցություն ցուցաբերել հայրենի երկրի սահմանների պահպանությանը, հարկ եղած դեպքում` նաև պաշտպանության գործին: Իսկ նորակոչիկներին խորհուրդ կտայի հնարավորինս արագ ձերբազատվել բակային խոսակցություններում բանակի հասցեին հնչող տեղեկատվությունից ու վստահ գալ բանակ` համոզված լինելով, որ ծառայության կարևորությունն ու արդյունքը, եթե անգամ ընթացքում չզգան, հետագայում, երբ կավարտվի նրանց ձևավորումը` որպես անհատ, կհասկանան, թե կյանքի ինչպիսի դրական ու կարևոր շրջան են ապրել բանակում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ