«ՉՈՐՍ ՏԱՐԻ ԵՎ ՄԵԿ ԱՄՈԹ»


Հունվարի 19-ը Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության օրն էր: Արդեն չորրորդ անգամ Շիշլիում գտնվող խմբագրության դիմահայաց հրապարակում էին հավաքվել հայ և թուրք մտավորականության ներկայացուցիչներ` ավելի քան 10 հազար մարդ` ոչ միայն խոնարհում բերելով խիզախ խմբագրի ու արդարության անխոնջ մարտիկի հիշատակին, այլև մեկ անգամ ևս արձանագրելու, որ դեպի Եվրամիություն ձգտող այս երկրում բռնադատված են ազատ խոսքն ու ճշմարտությունը… Եթե Հրանդ Դինքի հուղարկավորությանը մասնակցող տասնյակ հազարավոր թուրքեր կրում էին «Ես հայ եմ, ես Հրանդ Դինքն եմ» մակագրությամբ պաստառներ և կրծքանշաններ, ապա 2011-ի հունվարյան արարողության ժամանակ ամենուր և մարդկանց կրծքերին փակցված էին «Չորս տարի և մեկ ամոթ» մակագրությամբ պաստառներ ու կրծքանշաններ… Չորս տարի շարունակ թուրքական արդարադատությունը պատնեշում է սպանության լիակատար բացահայտումը` «սքողված» պահելով հանցագործության պատվիրատուներին և ծրագրավորողներին. Դինքի ծննդավայր քաղաքի ոստիկանապետին ու անվտանգության ծառայության պետին, նրանցից վերև կանգնած բարձրաստիճան զինվորականության ներկայացուցիչներին, որոնք ոչ միայն տեղեկացված էին ծրագրվող սպանության մասին, այլև շատ հաճախ ուղղորդել ու հուշել էին… Ավելին, հենց նրանք էլ կազմակերպել էին այս սպանությունը` այդ կերպ ձգտելով հաշվեհարդար տեսնել այն խիզախ մտավորականի հետ, ով թուրքական պետության մեջ ջատագովում էր նոր արժեքներ և ով իր դաժան սպանությամբ փոխեց թուրքական հասարակության մեջ արմատավորված արժեհամակարգերը: Թուրք հասարակության մեջ քիչ չեն նրանք, ովքեր Հրանտ Դինքի սպանության պատվիրատուների մեջ մատնանշում են նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և մյուս կուսակցական առաջնորդներին, որոնց հանձնարարությամբ և թողտվությամբ էր խմբագրապետը դատապարտվել տխրահռչակ 301 հոդվածով` թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով… Հրանտ Դինքը Թուրքիայի թշնամին չէր. սակայն ցանկանում էր տեսնել մեկ այլ Թուրքիա` զերծ բարդույթներից, բռնաճնշումներից: Թուրքիայի առողջացման գլխավոր երաշխիքներից մեկը Դինքը համարում էր Ցեղասպանության դատապարտումը, ինչով Թուրքիան կազատվեր մեղքից, կընթանար բոլորովին այլ ճանապարհով: Ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդի անդամ այս երկրում ազգային ինքնությանը հասցվող վիրավորանք է համարվում, հանցագործություն… Անցած չորս տարիների ընթացքում Հրանտ Դինքի ընտանիքի անդամները բազմիցս են հայտարարել, որ չեն վստահում թուրքական արդարադատությանը, որ դատական մարմինները հանցագործների և կազմակերպիչների հետ` «թև-թևի տված» ամեն ինչ տանում են դեպի իրականության պարտակում: Դինքի ընտանիքի փաստաբանը, որի դեմ բազմաթիվ բռնություններ են իրականացվել, նույնպես պայքարում է ճշմարտության հասնելու համար` հրապարակ հանելով բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հաստատում են բարձրաստիճան զինվորականության, ոստիկանության և անվտանգության ծառայությունների մեղքը, սակայն բոլոր փաստարկներն ու պահանջները ցինիկաբար անտեսվում են` այսպես հավաստի դարձնելով այն ենթադրությունը, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիան մտադիր չէ հասնել ճշմարտության բացահայտմանը: Այս ամենը տեսնում և գիտակցում են նաև թուրքական առաջավոր լրատվամիջոցները` «դատարանական հավկուրությունը» համարելով Թուրքիայի մեծագույն ամոթը: Առաջին անգամ մի շարք լրատվամիջոցներ թուրքական իշխանություններին հիշեցրել էին Եվրախորհրդում ունեցած պարտավորությունների մասին` կարևորելով, որ «քանի դեռ բացահայտված չէ Հրանտ Դինքի սպանությունը, և կազմակերպիչներն ու նրանց ուղղորդողները ազատության մեջ են, Թուրքիան չի կարող իրեն ժողովրդավարական պետություն համարել և հանգիստ խղճով պատվիրակներ գործուղել Եվրախորհրդարան»…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ