ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՆ ԿՊԱՌԱԿՏԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ


«Արդյո՞ք Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը համարվում է հայկական լոբբիի պարտությունը» հարցին ուշագրավ է քաղաքագետ Հայկ Հարությունյանի պատասխանը. - Ռազմավարական խնդիրները, որոնք իրենց առջև են դրել հայկական լոբբիստական կազմակերպությունները, փաստացի կատարվել են: Մեր տարածաշրջանում կասկածի տակ է դրվել ԱՄՆ քաղաքականության անաչառությունը: Բրայզայի թեկնածության հանդեպ Կոնգրեսի պահանջներից մեկն այն էր, որ նա, որպես Պետական դեպարտամենտի աշխատակից, անկարող էր եղել կանխել Վրաստանի ագրեսիան Հարավային Օսիայի դեմ: Ավելին, տարածվում էին խոսակցություններ ընդհուպ առ այն, որ Վրաստանի ղեկավարությանը մղել են այդ պատերազմին: Ցանկություն չկա նույնիսկ ենթադրելու, որ Բրայզան նման մի բան կանի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Սակայն, համենայնդեպս, նա զգուշացվել է: Իսկ կոնկրետ, Բրայզայի, ինչպես նաև Ռիկարդիոնեի վրա կախված է մնացել ամերիկյան օրենսդրության «դամոկլյան սուրը»: Հատկանշական է, որ, չնայած ԱՄՆ Պետդեպի և անձամբ նախագահի մեծ ճնշմանը Կոնգրեսի վրա, կոնգրեսականները, որոնք արգելափակել էին Բրայզայի նշանակումը, ցուցաբերեցին անհավատալի տոկունություն և հանգստություն` ժողովրդավարական արժեքների համակարգում Կոնգրեսի տեղի ու դերի սեփական պատկերացումների պաշտպանության հարցում: Բարիկադի մի կողմում հայտնվեցին ԱՄՆ ազատության և դեմոկրատական արժեքների պաշտպանները, մյուս կողմում` մարգինալացվող գործադիր իշխանությունը, որն անընդունակ եղավ դիմակայել գայթակղությանը և, այսպես կոչված, նավթային լոբբիի տրամադրած հնարավորությանը, ով ստիպված էր Բրայզային Ադրբեջանում դեսպանի պաշտոնին «քարշ տալ» Կոնգրեսում խորհրդարանական արձակուրդի «նեղլիկ անցքով»: Ի՞նչ է սա` հաղթանա՞կ, թե՞` պարտություն: