ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ


Այս շաբաթասկզբին Իլհամ հեյդարօղլու` Լատվիա կատարած այցը հարմար առիթ է դարձել տեղի թերթերից մեկի համար Ադրբեջանի նախագահի կենսագրության մութ էջերին անդրադառնալու: Պարբերականը կենտրոնացել է հատկապես Ադրբեջանի նախագահի` երկրի բարձրագույն պաշտոնն զբաղեցնելու հանգամանքներին` մասնավորեցնելով. - Դժվար թե որևէ մեկը ժխտի, որ Ի. Ալիևն այս պաշտոնին է հասել Հեյդար Ալիևի և նրա գլխավորած կլանի շնորհիվ: Այս թերթի գնահատմամբ նույնպես Ադրբեջանի ներկայիս նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը մեծամասամբ «իշխանության փոխանցում», «իշխանության ժառանգում» արտահայտություններով է գնահատվում: Նշվում է նաև, որ նախքան առաջին դեմք դառնալը կրտսեր Ալիևը ոչնչով աչքի չի ընկել, բացի պետական նավթային ընկերության դրածո-ղեկավար լինելուց: Վերջինիս քաղաքական գործունեության արշալույսը սուր քննադատությամբ է ընդունվել նույնիսկ տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից: Դեռ այն ժամանակ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներից մեկը նկատել էր. «Անհասկանալի է` կլա՞նն է ղեկավարելու Ալիևին, թե՞ Ալիևը` կլանին»: Ի դեպ, հեյդարօղլու` Լատվիա կատարած այցն ու իրեն հյուրընկալած երկրի նախագահի հանդիպումը եթե դիվանագիտորեն ընդամենը «լավ» է գնահատվել, ապա տեղական մամուլի դիվանագիտական նման ձևակերպմամբ տվյալ դեպքում փորձ է արվել` քողարկել Ադրբեջանի և Լատվիայի տարաբնույթ հակասությունները: