ՊԱՅՔԱՐ` ՀԱՆՈՒՆ....ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ


Մեր երկրի քաղաքական դաշտում այսօր ավել կամ պակաս դերակատարություն ունեցող անխտիր բոլոր ուժերի միջև գնալով թեժանում է մի բնական պայքար` հանուն…երիտասարդության: Ոչ թե հանուն երիտասարդ մարդկանց իսկապես հուզող խնդիրները լուծելու, նրանց հետաքրքրող հարցերին պատասխաններ գտնելու, այլ…առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններում երիտասարդ սերնդի համակրանքը, հետևաբար նաև` ընտրազանգվածի այդ բավական ստվար մասի քվեները նվաճելու: Թվում է` ընտրությունները դեռ հեռու են, և այժմվանից ծավալվող այդ պայքարը վաղաժամ է: Հետևաբար, նախընտրական մեկնարկը ֆալշ-ստարտ է հիշեցնում: Տպավորություն է առաջանում, թե այս ֆալշ-ստարտը միտումնավոր է տրվել, միգուցե` այժմեական բազմաթիվ խնդիրներից հասարակության այդ ամենաակտիվ և ամենաըմբոստ հատվածի ուշադրությունը շեղելու, նրա ներքին էներգիան այլ ուղղությանբ տանելու կամ երիտասարդներին իրենց շուրջը համախմբված պահելու համար: Նման մեղադրանք ավելի ու ավելի հաճախակի է հասցեագրվում երկրի իշխանություններին և կառավարման լծակներն իրենց ձեռքը վերցրած քաղաքական կոալիցիայի անդամ ուժերին: Սակայն գործնականում այդ պայքարի մեջ ներգրավված են բոլորը` թե° կառավարողները, թե° նրանց տեղը նվաճելու մարմաջով համակվածները: Հատկապես այս վերջիններն այլ հանկերգ չունեն` բացի մեր պետական, սոցիալական ու հասարակական կյանքի բոլոր դժվարությունները, թերությունները, մերժելի երևույթները կառավարողներին հասցեագրելուց և երիտասարդ ընտրազանգվածին համոզել-ներշնչելուց, թե հենց իրենք իշխանությունը նվաճեն` ամեն ինչ գլխիվայր շուռ են տալու, «երկրում վերականգնելու են սահմանադրական կարգը, իշխանությունը վերադարձնելու են ժողովրդին, ամենուրեք կարգ ու կանոն են հաստատելու» և այլն, և այլն: Երանի¯ հավատացողին` կհառաչի հիշողությունը չկորցրած յուրաքանչյուր բանական արարած, ով դեռ չի մոռացել մանավանդ «ավազակապետությունը» կործանելու խոստումներով քաղաքական աղմկարարությամբ կրկին հրապարակ իջած ուժերի երեկվա պրակտիկան: Եվ հիշողությունը չկորցրած որևէ մեկը տարակույս չունի, թե ի¯նչ կարգի «սոցիալական արդարություն, օրենքի գերակայություն, բոլորի համար հավասար հնարավորություններ» և հազար ու մի այլ «բարձր ու լավ բաներ», մանավանդ «ժողովրդավարություն» էին հաստատել բոլոր նրանք, ովքեր դեռ երեկ իշխանություն ունեին: Ահա, թե ինչու նման քաղաքական ուժերի գլխավոր թիրախը երիտասարդությունն է. այն մարդիկ, ովքեր 10-15 տարի առաջ դեռ երեխա էին և շատ բան չեն հիշում: Բացի այդ` երիտասարդությունը միշտ շատ ավելի խանդավառվող-հրապուրվող է: Հենց այդ հրապուրանքի, երիտասարդական մաքսիմալիզմի ու ռոմանտիզմի վրա է խարսխվում ժամանակից բավական շուտ սկսված նախընտրական հարայհրոցը: Ընդսմին, երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցրած ուժերի գլխավոր հաղթաթուղթը բոլորի աչքի առաջ կատարվող աշխատանքն է, իրականացվող ծրագրերն են: Կարելի է դրանց մեջ շատ ու շատ թերություններ ու բացթողումներ մատնանշել, արդարացիորեն քննադատել գործերի վիճակն անխտիր բոլոր բնագավառներում, սակայն չի կարելի խիղճը կորցնել և չտեսնել, որ քիչ գործ չի կատարվել և այսօր էլ կատարվում է: Եվ կատարվում է հենց երիտասարդ կադրերի ամենաակտիվ մասնակցությամբ, երիտասարդական լայն զանգվածների ներգրավմամբ: Կառավարող կոալիցիայի անդամ բոլոր ուժերն ունեն այսպես կոչված «երիտասարդական թևեր» ու կառույցներ, պարբերաբար անց են կացնում զանգվածային միջոցառումներ, թմբկահարում են, թե իրենց շարքերում քանի¯ տասնյակ-հազար երիտասարդ կա: Անցած տարեվերջին ՀՀԿ-ն շրջանառության մեջ դրեց մի թիվ, թե իրենց կուսակցության անդամ երիտասարդները 30 հազարից ավելի են, ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ վերջերս կայացած ասուլիսներից մեկում շեշտում էր, թե վերջին մեկ տարում իրենց կուսակցությանն անդամագրվել է 9 հազարից ավելի նոր մարդ (ինքնըստինքյան ենթադրվում է, թե այդ նոր անդամների ճնշող մասը պիտի որ երիտասարդներ լինեն): Սեփական «երիտասարդական թև» շատ վաղուց ունի նաև մեր քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որը դեռ մինչև վերջերս կառավարող կոալիցիայի անդամ էր: Դաշնակների նմանողությամբ շատ վաղուց երիտասարդական կառույց ունի նաև Հայաստանի կոմկուսը` ի դեմս դեռ իր գոյությունը պահպանող կոմերիտմիության և անգամ պիոներիայի: Մեր դիտումներով` հենց Դաշնակցությունն ու Կոմկուսն են, որ զտարյուն քաղաքական կառույցներ են և փորձում են երիտասարդությանն իրենց դրոշի ներքո համախմբել նախ և առաջ գաղափարական հողի վրա: Դաշնակների պարագայում դա աճող սերենդի ազգային-հայրենասիրական զգացմունքների վրա կառուցվող քարոզչությունն է, հակաթրքականությունը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարը, Հայ Դատի պաշտպանությունն ու հայոց պահանջատիրության վրա խարսխվող կեցվածքը: Կոմկուսի պարագայում հիմնական շեշտը, կարծես, այլևս չի դրվում «սոցիալիստական ինտերնացիոնալիզմի», «ազգերի լենինյան եղբայրության» և այլ միֆերի վրա: Փոխարենը ձգտում կա պահպանել այն պատրանքը, թե ի¯նչ «երջանիկ էր» հայ ժողովուրդը խորհրդային իշխանության անցած 70 տարիներին, ի¯նչ մեծ բան կորցրեցինք մենք` Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Կոմունիստների այս կեցվածքը կարելի է բնութագրել որպես անցյալի կարոտախտը վառ պահելու քաղաքականություն: Մյուսները երիտասարդության սրտին ու մտքին տիրելու համար մղվող պայքարում գործնականում քաղաքական-գաղափարական լծակներ չունեն: Նույնիսկ կառավարող կոալիցիայի միջուկը հանդիսացող Հանրապետական կուսակցությունը, որը հանդես է գալիս որպես նժդեհականության դրոշակակիր, բավարար չափով հոգ չի տանում իր գաղափարախոսությունը ժողովրդի մեջ տարածելու համար: Դժվար է նույնիսկ ասել, թե Հանրապետական կուսակցության 30 հազար (կամ ավելի) երիտասարդ անդամների ո՞ր տոկոսն է ավել կամ պակաս հստակությամբ պատկերացնում, թե նժդեհականությունն իրականում ի՞նչ է: Նույնը կարելի է ասել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարական հիմնադրույթների մասին: Գործնականում այդ կուսակցության գլխավոր «քաղաքական հաղթաթուղթը» ժողովրդի մեջ որոշակի համակրանք նվաճած գործարար Գագիկ Ծառուկյանի անձն է: Իրենց լիդերի` ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ հյուսվող «իմաստուն գործչի» հեքիաթով երիտասարդներին հրապուրել են ցանկանում նաև Հայ Ազգային Կոնգրեսն ու նրա շուրջ համախմբված 10-12 կուսակցությունները. անգամ ՀՀՇ-ն, որը միշտ հայտարարել է, թե ինքը աջ գաղափարախոսություն դավանող ուժ է: Թե դա իրականում ի՞նչ «աջ գաղափարախոսություն էր» և մանավանդ ինչպե՞ս դրսևորվեց` տեսել ենք պրակտիկայում: Իսկ թե ամեն տեսակետից մերժելի այդ անցյալ պրակտիկայի մեջ ի՞նչ կամ ինչպե՞ս է փոխվելու, եթե հանկարծ այս քաղաքական ուժը նորից, Աստված մի արասցե, իշխանության հասնի Հայաստանում` ոչ ոք, համենայն դեպս այս տողերի հեղինակը, չի կարող ասել: Միով բանիվ` հանուն երիտասարդության սրտի ու մտքի մղվող այժմյան պայքարը չի կարելի գաղափարական անվանել: Սա այսրոպեական մարտավարական վարժանք է` հանուն վաղվա խորհրդարանական մանդատների կամ նախագահական աթոռի:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ