ԵԹԵՐԻՑ` ՀՐԱՊԱՐԱԿ


Թեև ԱԼՄն եթերազրկելու հայտնի որոշումից արդեն մի քանի շաբաթ է անցել, և հեռուստաընկերությունն արդեն չի գործում, սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե դրա հիմնադիրն ու ղեկավարը տեղի ունեցածից ավելի շատ գո՞հ է, թե՞ դժգոհ: Մշտապես կայուն ու հավատարիմ լսարանով առանձնացող լրատվամիջոցը «եթերաշրջանի ավարտին» ամենադիտվողներիցը դարձավ. մինչև երեկ ԱԼՄն սկսել էին դիտել նաև նրանք, ովքեր նախքան ՀՌԱՀի որոշումն առանձնապես տարված չէին նշված հեռուստաընկերությամբ: Խնդիրն այն է, որ Տիգրան Կարապետովիչին նախորդող շաբաթներին ավելի հաճախ կարելի էր տեսնել իր իսկ եթերում: Ընդ որում, նա խոսում էր ոչ թե ընդհանուր առմամբ (կարևորելով աղքատության հաղթահարումը, արդարության հաստատումը, բարու հաղթանակը), այլ ավելի կոնկրետ թեմաներով ու մի քիչ էլ բորբոքված էր: Ժողովրդական կուսակցության նախագահն, իհարկե, ավելի քան երբևէ քննադատում էր իշխանությանն ու հատկապես ՀՌԱՀին, սակայն միաժամանակ ու անթաքույց ոգևորությամբ էր ձգտում հավատացնել, որ իր ժողովրդականությունը զգալիորեն շահել է տեղի ունեցածից: Փաստորեն ստացվեց այնպես, որ ԱԼՄ հիմնադիր-ղեկավարի մեծագույն կորուստը վերջինիս համար նոր ու խոստումնալից թվացող հաջողությունների սկիզբ դարձավ: Անցնող ամսվա հերոսն ինքն էլ չի կարողանում հստակ տարորոշել, թե, ի վերջո, այս ամենից ինքը շահե՞լ է, թե՞ կորցրել: Շատ չանցած` բնականաբար ԺԿ նախագահի համար նույնպես դրամատիկ իրադարձություններով հարուստ շաբաթները պատմություն կդառնան այնպես, ինչպես մի քանի տարի առաջ մեկ այլ համանման իրադարձությունից հետո տեղի ունեցավ: Պարզ է նաև, որ եթե գործունեության ամենաբեղուն շրջանում ԱԼՄին չհաջողվեց Կարապետիչին խորհրդարան հասցնել, ապա առավել ևս օրերս տեղի ունեցածից մեկ տարի անց նույն սցենարի անեթեր կրկնությունը շատ ավելի պակաս արդյունավետություն է «խոստանում»: Իսկ մինչ այդ ավելի ուշագրավ է, որ անսպասելիորեն նախընտրական իրադարձությունների կենտրոնում հայտնված կուսակցապետը մեկեն բոլորի քաղաքական աջակցությունն ստանալու ու համագործակցության աննախադեպ առիթը կորցրեց: Նա, իհարկե, անկեղծացավ` հայտարարելով, թե բոլոր քաղուժերի հետ է պատրաստ համագործակցել, սակայն բոլորի նման առաջին քայլն անելու նախաձեռնությունը թողեց մյուսներին: Տիգրան Կարապետիչի կողքին հայտնվող քաղուժեր հազիվ թե գտնվեն, ու արդյունքում` Ժողովրդական կուսակցությունը ոչ միայն եթերից, այլ նաև սպասվող ընտրություններին նոր տանդեմով մասնակցելու այս պահին ունեցած լավագույն հնարավորությունն է կորցնում: