ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՆՇԱՁՈՂԸ


Բոլորիս անհայտ Ալեքսեյ Միլլերի` գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն, ըստ էության, Հայաստանում գնաճային նոր ալիքի հեռանկարն է նախանշում: «Գազպրոմի» ղեկավարը հերքել է իր գլխավորած կառույցի կողմից քաղաքական նախասիրություններով առաջնորդվելու մարտավարությունը` վերահաստատելով, թե երկնագույն վառելիքը Հայաստանին շուկայական գնով մատակարարելու նախնական պայմանավորվածությունը շուտով նորից է գործնական հիմքերի վրա դրվելու... Եթե ավելի պարզ ձևակերպենք, ապա Միլլերը խոստացել է գազի սակագինը նորից թանկացնել: ՀԾԿ հանձնաժողովի ուսերից այսպիսով ամենածանր քարերից մեկն ընկավ. ոչ մի հանձնաժողով էլ փաստորեն սակագին չի հաստատում, և տվյալ դեպքում մինչ այս մեզանում ընդամենը ինչոր միլլերների որոշումներ են դակվում: Իսկ այս պարագայում ամեն տարի Միլլերը քիլլերի ճշգրիտ նշանառությամբ ֆիքսում է ապրիլի 1ը: Իսկ ծառայությունների գները կարգավորելու հարցում սովորաբար անզոր հանձնաժողովի մեծագույն առաքելությունը սոսկ 1-2 դրամ գին գցելու անիմաստ ու ոչինչ չփոխող գործառույթի շրջանակում է սահմանափակվում: Որևէ հիմք չկա ենթադրելու, թե նշված հանձնաժողովի լիազորություններն ու հնարավորությունները հանկարծ կարող են զարմացնել, ու մինչև անգամ Միլլերին իր համար տհաճ լուրեր հասնեն Հայաստանից: Դարձյալ ստացվել է այնպես, որ որոշումը կա, ընդհանուր առմամբ համաձայնությունը` նույնպես, իսկ մնացածը (ինչպես ամեն տարի այս շրջանում ենք համոզվում) արդեն տեխնիկայի հարց է: Հարկ է նկատել նաև, որ «Գազպրոմի» ղեկավարը մեր կարծիքը չի էլ հարցնում` մատնանշելով վաղուց պարտադրված ինչոր պայմանավորվածություն ու տեղի ունենալիքը ներկայացնելով որպես գրեթե կայացած փաստ: Իհարկե, ընդհանուր առմամբ նրա բարձրաձայնումից առաջ էլ պարզ էր, որ գազի սակագնի վերանայումը թերևս անխուսափելի է: Ու որքան անհասկանալի ու անմեկնելի լինի «Գազպրոմի» հռչակած շուկայական գին կոչվածի նշաձողը, կասկածից վեր է, որ միլլերները կարող են մեզ այդ գները պարտադրել, և շուկայական գինը կարող է տարեցտարի աճել: Այսինքն, մոսկովյան գազամատակարարները հայռուսգազարդցիների լռելյան համաձայնությամբ բոլոր նախադրյալներն ստեղծում են` հաջորդ և մյուս տարիներին նույնպես սակագին վերանայելու համար: Առավել ևս` մեր ժամանակների համար շուկայական կոչվածը սոսկ միակողմանի պարտադրանք է` վաճառողի կողմից: Ի վերջո, շուկայական գին կոչվածի վերջնական ու հաստատուն նշաձողը ոչ մի կերպ չի երևում, իսկ մեր հանրապետության տարօրինակ գործընկերն ամեն առիթով իր պատկերացրած գնային սահմանագծին հասնելու անխուսափելիության մասին է խոսում: Չնայած այդպես էլ անհայտ է մնում, թե սրանց պատկերացումներն ի վերջո ո՞ւր կարող են հասնել: