Թե ինչպես ժողովրդավարությունը հրեշ ծնեց Կարո՞ղ է դա նորից կրկնվել


Սա առաջին անհանգստությունն է, որ ակամա պատում է բոլոր նրանց, ովքեր հիշում են, թե 75 տարի առաջ Գերմանիայում ինչպես իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը£ Եվ այդ անհանգստությունը հիմնազուրկ չէ ժամանակակից աշխարհում, ուր գնալով ահագնանում են բախումները, և նվազում է կայունությունը£ Հիտլերը իշխանություն նվաճեց բարձր ազատական սահմանադրություն ունեցող ժողովրդավար պետությունում` ավերելով ժողովրդավարությունը` հենց դրա ընձեռած ազատությունների միջոցով£ 1919 թ. հաստատված ժողովրդավարությունը Գերմանիայի ռազմական պարտության և դրան հետևած հեղափոխության արդյունք էր£ Վերնախավի մեծամասնությունը (զինվորականներ, խոշոր հողատերեր և արդյունաբերողներ) այն չընդունեցին£ Անլուծելի քաղաքական, սոցիալական ու մշակութային երկպառակություններն ի սկզբանե խարխլել էին նոր համակարգը£ Այն դիմակայեց հետպատերազմյան առաջին տարիների սպառնալիքներին, և 1924-28 թթ. երկրում «վերականգնվեց» կայունության նմանակում հիշեցնող ինչ¬որ իրավիճակ£ 1929¬ին, սակայն, փլվեց Ուոլլ-սթրիտը` իր հետ կործանելով տնտեսությունը ու դրանով էլ` ժողովրդավարությունը£ Գերմանական ֆաշիստները արագընթաց կերպով կշիռ ձեռք բերեցին. օրենսդիր ժողովում եթե 1928¬ին ունեին 2,6 տոկոս ձայներ, ապա երկու տարի անց այդ թիվը հասավ 18,3 %¬ի, իսկ 1932¬ին` 37,4 %-ի£ Նույն արագությամբ էլ աճում էին համաժողովրդական ցասումն ու հիասթափությունը, և մեծանում էր հավատը, որ Հիտլերը կարո°ղ է ապահովել միլիոնավոր գերմանացիների բարեկեցությունը£ Մարդիկ փորձանք էին համարում ժողովրդավարությունը, որի պատճառով էր իրենց երկիրը մասնատվել, անարգվել և աղքատության ճիրաններում հայտնվել£ Երկրին քավության նոխազներ էին պետք£ Այդ պահին հեշտ էր համաժողովրդական ցասումն ուղղել ընդդեմ հրեաների` նրանց ներկայացնելով որպես միջազգային կապիտալիզմի և բոլշևիկների կողմից ղեկավարվող ներպետական վտանգ£ Իսկ հրեաներին այնտեղ սովորաբար կապում էին քաղաքական ձախ ուժերի` սոցիալիստների ու կոմունիստների հետ, որոնց անվերջ դատապարտել են Հիտլերն ու իր հետնորդները£ Ազգաբնակչության 1/3¬ն այդ պահին Հիտլերին համարում էր ամենահարմար թեկնածուին, ով կկարողանա ոտքի կանգնեցնել երկիրը և փրկել ժողովրդին£ Ավելին, 1930¬ին այլևս անկարելի էր Գերմանիան ղեկավարել` առանց նացիների (ֆաշիստների) աջակցության£ Բայց, միևնույն ժամանակ, նացիստական կուսակցությունը ժողովրդավարական գործընթացների կասեցումից զատ ավելին անել չէր կարող£ Չէր կարող նաև Հիտլերին իշխանության բերել£ Դեռևս պահպանվում էր դեմոկրատիայի սնամեջ պատյանը, իսկ ժողովրդավարություն կոչվածը կենդանության նշաններ ցույց չէր տալիս£ Հակադեմոկրատ վերնախավին, իհարկե, չհաջողվեց ելք գտնել ստեղծված իրավիճակից. Հիտլերի անհաշտվողականությունը շատերի համար անընդունելի էր£ Այդուհանդերձ, ի վերջո չգտնելով անառարկելի այլ հեղինակություն, երկրի նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգը 1933 թ. հունվարի 30¬ին Հիտլերին նշանակեց Գերմանիայի կանցլեր` կառավարության ղեկավար£ Հեռավոր այս իրադարձություններն այսօր էլ արձագանքվում են աշխարհի տարբեր անկյուններում£ Եվրոպական շատ երկրներում, օրինակ, ներգաղթի մեծ ծավալով պայմանվորված, արդեն զգալի է նեոֆաշիստական և ազգայնամոլական նկրտումների արթնացումը£ Ահավասիկ, Սլոբոդան Միլոշևիչի ակտիվ ջանքերով բորբոքված սերբական ազգայնամոլությունը մայրցամաքում բախումներ հրահրեց էթնիկական հողի վրա£ Կամ, իրեն ժողովրդավարության հայր ու պահապան հռչակած Միացյալ Նահանգները ուժի դիրքերից իր կամքն է փորձում թելադրել գրեթե բոլոր երկրների` ընդհուպ մինչև պատերազմական գործողություններ սանձազերծելով£ Ռոբերտ Մուգաբեն էլ Զիմբաբվեում ժողովրդավարություն կոչվածը վերածեց իր սեփական իշխանության: Իսկ Պակիստանում դեմոկրատիան ընդամենը զինվորական վերնախավի ծխածածկույթն է` թեկուզ նույնիսկ երկրի նախագահ Պերվեզ Մուսաշարաֆը հանել է զինվորական համազգեստը… Սակայն դրանք չի կարելի զուգահեռել 1933¬ին գերմանիայում կատարվածի հետ£ Ամենատարբեր երկրներում գոյություն ունեն ու միշտ էլ լինելու են ավտորիտարիզմի ամենասարսափելի դրսևորումներ, որոնց մի մասը` հենց ժողովրդավարական իշխանությունների աջակցությամբ£ Սակայն, այդ ամենը դարձյալ հեռու են հիտլերյան ոճրագործություններից£ Դիցուք, ժողովրդավարության վերջին մնացորդներն էլ վերացնելու և դեպի միապետի աթոռ իր ուղին հարթելու համար, կանցլեր նշանակվելուց մեկ ամիս անց, նա հրդեհեց ռայխստագը£ Բարեբախտաբար, դժնի այդ տարիները` աղետալի դրվագներով, արդեն պատմություն են դարձել£ Սակայն սերունդները, դրանից դաս առնելով, պետք է միշտ հիշեն. պատերազմով մասնատված, զրկանքներից ուժասպառ, ստորացումների վիրավորանքից դաղված ժողովուրդը ժողովրդավարությունն այլ կերպ չի ընկալի, քան` սոսկ իբրև անիրականանալի պատրանք կամ խաբեություն£