Հրամանատարը պիտի քայլի առջևից


Հանրապետության զինվորական կոմիսար, գեներալ-մայոր ԿԱՄՈ ՔՈՉՈՒՆՑԸ հակված չէ էքսպերիմենտների, բայց նաև չի վախենում համարձակ նորարարություններից, եթե դրանք տրամաբանված են ու երաշխավորված: Գեներալի հետ զրույցը շատ հետաքրքիր է, որովհետև նա հարցերին պատասխանում է անկեղծ, առանց գովասանքների և չի պարտադրում իր կարծիքը: Գեներալը չի տառապում անսխալականության բարդույթով և ունի դիմացինին լսելու ունակություն: Ընդհանրապես, նա շատ բարեկիրթ է, մեղմ և թողնում է բազմակողմանիորեն զարգացած մարդու տպավորություն: - Պարոն Քոչունց, ես տեսել եմ, թե ինչպիսի հպարտությամբ եք խոսում Ձեր ծննդավայր Խնձորեսկի մասին: Ինչո՞վ է առանձնահատուկ Խնձորեսկը: - Խնձորեսկը կենդանի պատմություն է, հաղթանակի ու հերոսության պատմություն` Մխիթար Սպարապետի բերդով, ազատագրական պայքարով, միշտ աննվաճ լինելու իրողությամբ: Հին Խնձորեսկի քարանձավային տները և նոր շենը կողք կողքի են ու մի հրաշալի ամբողջություն են կազմում: Խնձորեսկի մարդիկ աշխատասեր են, տոկուն, պարզ ու բարեսիրտ: Խնձորեսկը գեղեցիկ է իր ձորերով ու կիրճերով, լեռներով ու անտառներով, իր շքեղ բնությամբ: Իմ մեջ շատ վառ է տպավորվել մի անզուգական պատկեր. ամպերը իջնում, նստում էին ադրբեջանական ցածրադիր գյուղերի վրա, Խնձորեսկի ոտքերի տակ: Ցածրի գյուղերը կորչում էին ամպի քուրաների տակ, կտրվում տեսադաշտից, ու թվում էր` Խնձորեսկը փոքրիկ կղզի է` շրջապատված ջրերի ճերմակ ալիքներով: Իսկ մեր գյուղի բազմաթիվ աղբյուրների մասին նույնիսկ գիրք են գրել: - Ի՞նչ խորհուրդ ունի անհատի և իր ծննդավայրի կապը: Որքանո՞վ է Խնձորեսկը Ձերը: - Ես Խնձորեսկի մի մասնիկն եմ, իսկ Խնձորեսկը իմ էության, իմ ինքնության առանցքն է, իմ արմատը, իմ հենքը: Անհատն ու իր ծննդավայրը անբաժանելի են, անկախ այն բանից` կա՞ այդ իրողության գիտակցումը, թե՞ ոչ: Մենք երբեք չենք կտրվում ծննդավայրի ակունքից` ուր էլ գնանք, ինչով էլ զբաղվենք, ի՞նչ բարձունքների էլ հասնենք, քանի որ այդ ակունքը մեր մեջ է` մեր արյան, մտածողության, խառնվածքի: - Ի՞նչ կպատմեք Ձեր ընտանիքի մասին: - Ավանդական, հայկական ընտանիք էր` պապ, տատ, ծնողներ, վեց երեխա: Հայրս մեխանիզատոր էր` տրակտորիստ, մայրս այգեգործուհի էր: Հայրս լավ մասնագետ էր, գիտեր իր գործի բոլոր նրբությունները, տիրապետում էր բոլոր հմտություններին: Տիպիկ հայ գյուղացու կերպար էր` ազնիվ, մեծահոգի, աշխատասեր, անսահման նվիրված իր ընտանիքին ու հարազատներին: Ընտանիքում ամեն մեկն իր տեղն ուներ, մեծերը հարգված էին, փոքրերը` խնամված: Շատ լավ եմ հիշում հորական տատիս. մարտական կին էր, ուժեղ բնավորություն ուներ: Հայրս նրա միակ զավակն էր, այդ պատճառով էլ նրա սերն ու հոգատարությունը որդու հանդեպ սահման չէր ճանաչում: Թույլ չէր տալիս, որ ընտանիքի պրոբլեմները հասնեն հորս, ինքն էր լուծում: Թոռներին էլ ինքն էր կարգի հրավիրում անհրաժեշտության դեպքում: Մեր ընտանիքի վեց երեխաները մի բան հաստատ գիտեին` չի կարելի այնպիսի արարք անել, որ մեծերը թուքումուր ստանան իրենց պատճառով: Բայց երբեմն չէր ստացվում խուսափել անախորժություններից: Օրինակ, եղբայրս, որ ավելի աշխույժ էր, ընդհարումներ էր ունենում թուրք տղաների հետ: - Դուք չէի՞ք մասնակցում այդ ընդհարումներին: - Ես ավելի հանդարտ էի, խաղաղասեր : Թեև թուրքերի հանդեպ հակակրանքը բոլորիս մեջ կար: Պատահական չէ, որ ոչ մեր գյուղում, ոչ էլ ընդհանրապես Գորիսում երբեք թուրքեր չեն ապրել: Թուրքերը գալիս էին, մեր գյուղում հովվություն անում, բայց երբեք մեր հողի վրա չէին հաստատվում: - Ինչպե՞ս ծնվեց զինվորական դառնալու միտքը: - Մանկուց իմ բնավորության մեջ եղել է մի գիծ, որ այսօր էլ կա. ես չեմ ենթարկվել կարծրացած կարծիքին, փորձել եմ հասնել սեփական ճշմարտություններին և սիրել եմ հաղթահարել այնպիսի դժվարություններ, ինչպիսիք շատերի համար անհաղթահարելի են: Օրինակ` եթե ինչ-որ մեկի մասին բոլորը վատ էին խոսում, ես սկսում էի կասկածել ու փորձում էի դրական հատկանիշներ տեսնել այդ մարդու մեջ, կամ եթե շատերը խուսափում էին որևէ գործից, ես կամովին ինձ վրա էի վերցնում այն: Կարծում եմ` ինձ հրապուրեց զինվորականի մասնագիտության բարդությունը, դժվարությունը, վտանգավորությունը, հեղինակությունը: - Ծանոթանալով Ձեր ծառայական կենսագրությանը` հասկացա, որ դժվարություններն անպակաս են եղել, բավական է հիշել միայն Ձեր մասնակցությունը Աֆղանական պատերազմին: Պարոն գեներալ, ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև հանրապետության զինվորական կոմիսարի բարձր պաշտոնը: - Բաքվի բարձրագույն զինվորական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայության անցա Ախալքալակում տեղակայված զորամասում` որպես դասակի հրամանատար: 1985-87 թթ. մասնակցել եմ աֆղանական պատերազմին` սկզբում որպես դասակի հրամանատար, ապա` վաշտի հրամանատարի տեղակալ: Աֆղանստանից հետո կրկին ծառայել եմ Ախալքակում: 1990-92 թթ. ծառայել եմ զինկոմիսարիատի համակարգում: 92-ին նշանակվել եմ Գորիսի սահմանապահ պարետատան պարետ: Ծառայութունս ազգային բանակում շարունակել եմ որպես գնդի շտաբի պետ, բրիգադի օպերատիվ բաժնի պետ, օպերատիվ խմբի պետի տեղակալ, ուղղության պետի տեղակալ, 2000-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, իսկ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիան ավարտելուց հետո` օպերատիվ վարչության պետ: Հանրապետության զինվորական կոմիսար եմ նշանակվել 2007 թ. հուլիսին: - Կարո՞ղ էր Աֆղանական պատերազմը որևէ դրական կողմ ունենալ հայ զինվորականի համար: - Ամեն ինչ կախված է անհատի վարքից, էությունից, մարդկային նկարագրից: Կարող են մարդասեր լինել անգամ պատերազմի դաշտում և մարդատյաց` խաղաղության մեջ: Որքան էլ պարադոքսալ թվա ` աֆղանական պատերազմը ինձ սովորեցրեց պայքարել կյանքի համար և պահպանել մարդուն: - Դուք ծառայել եք զորքերում, անձամբ շփվել եք զինվորների հետ, ստորաբաժիններ եք ղեկավարել: Ո՞րն է զինվոր-հրամանատար առնչության հիմնաքարը: - Հրամանատարի արդարամտությունը: Հրամանատարն է կայացնում զինվորին, ու հրամանատարի վերաբերմունքից է կախված զինվորի վարքը, պահվածքը: Չեմ թաքցնում, պատահել է` ապտակել եմ զինվորին, բայց նա չի թշնամացել իմ հանդեպ, որովհետև արդար եմ եղել, իր շահերից ելնելով եմ արել: Տարիներ անց, երբ հանդիպել ենք, բարեկամաբար ենք վերաբերվել իրար: Զինվորականը պետք է հրամանատար լինելու բարոյական իրավունքը վաստակի իր անցած ճանապարհով, վաստակով, բարոյական նկարագրով ու գործելակերպով: Դու պիտի գնահատես զինվորին, որ զինվորն էլ քեզ գնահատի: Մի դեպք հիշեցի. Աֆղանստանում տեղացի բնակիչների էինք տեղափոխում մեքենայով: Մի աֆղանուհի տատիկ ձեռքը տարավ գրպանը, մի բուռ ընկույզ հանեց ու մեկնեց ինձ: Ես վերցրի ընկույզը և տվեցի զինվորներիս: Տատիկը նստեց, նստեց ու մի բուռ էլ մեկնեց ինձ: Հրամանատարը պիտի վտանգի պահին քայլի զինվորի առջևից, իսկ անձնական կրքերը բավարարի միայն զինվորից հետո: Ընդհանրապես ղեկավարը պիտի առջևից գնալու և հետևից եկողների համար ճանապարհ հարթելու քաջություն ունենա: - Զինկոմիսարիատի աշխատանքի, զորակոչի կազմակերպման բնագավառում առկա ձեռքբերումներին քանիցս անդրադարձել ենք` զրուցելով հանրապետության նախկին զինկոմ Արտուշ Հարությունյանի հետ: Ենթադրվում է, որ Դուք ավելի մեծ ուշադրություն կդարձնեք թերություններին ու բացթողումներին: - Իմ կարծիքով` անհրաժեշտ է վերանայել հակազորակոչային պատրաստությունն ու զորակոչին առնչվող իրավական դաշտը: Օրենքները, իրավական ակտերը պետք է լինեն հնարավորինս պարզ, հստակ և տարակարծությունների ու երկակի մեկնաբանությունների տեղիք չտան: Խոսքը առավելապես վերաբերում է առողջության պատճառով զինկոմիսարիատից տարկետում ստանալու կամ ազատվելու հիմքերին: Իմ դիտարկմամբ` կատարելագործման կարիք ունի բուժզննման համակարգը: Ես առաջարկում եմ եռաստիճան համակարգը պարզեցնել` թողնելով մեկ բժշկական հանձնաժողով, պայմանով, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվեն հանրապետության լավագույն մասնագետները, նրանց տրվեն մեծ լիազորություններ և հստակեցվի պատասխանատվության մեխանիզմը: Պետք է արդյունավետ դարձնել կցագրման աշխատանքները, նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների շարժը` կապված բնակության վայրի փոփոխության հետ, դարձնել վերահսկելի, որպեսզի հնարավորինս նվազեցնենք չհաշվառված զինակոչիկների քանակը: Պետք է ուժեղացնել հսկողությունը զինկոմիսար ների գործունեության վրա` հանցավոր գործարքները կանխելու, բացահայտելու և համապատասխան իրավական գնահատականի արժանացնելու համար:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ