ՓԱՍՏՈՒՄ Է ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ Հարուցվել է 7 քրեական գործ


2008 թվականի փետրվարի 19-ին տեղամասերի ընտրական հանձնաժողովների, ՀՀ Նախագահի թեկնածուների վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ստացված գրավոր հաղորդումների քննարկման արդյունքում` 19.02.08թ.` ժամը 23-ի դրությամբ հարուցվել է 7 քրեական գործ: l Աբովյան քաղաքի թիվ 28/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը եւ անդամները արձանագրություն են կազմել այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուզաննա Մովսիսյանը ինքնակամ հեռացել է ընտրատարածքից, որից հետո ընտրատարածք մուտք են գործել նույն թեկնածուի վստահված անձինք` Գուրգեն Եղիազարյանը եւ մյուսները, ովքեր վիրավորել են իրենց, խոչընդոտել ընտրական հանձնաժողովների աշխատանքներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: l Աբովյան քաղաքի թիվ 28/07 ընտրատեղամասի ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Լարիսա Թորոսյանը դիմել է Կոտայքի ոստիկանության բաժին` հայտնելով, որ փետրվարի 19-ին` ժամը 07:30-ի սահմաններում, ընտրական տեղամաս են մտել 3 անծանոթ անձինք, դուրս են բերել իրեն ընտրական տեղամասից, որոնցից մեկը իրեն ծեծի է ենթարկել` ասելով, որ չխառնվի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: l Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/21 ընտրատեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ իրեն եւ նշված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հրաչ Պետրոսյանին մի խումբ անձինք ծեծի են ենթարկել` խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանք ները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: l Լոռու մարզի Արեւածագ գյուղի թիվ 32/53 տեղամասում ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն Էդմոնդ Գեւորգյանը ալկոհոլ օգտագործած վիճակում խոչընդոտել է նույն տեղամասի ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: l 2008 թվականի փետրվարի 19-ին` ժամը 14-ին, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 36/34 ընտրական տեղամասի մոտ, հավաքված բազմության ներկայությամբ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածքի նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանը ծեծել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին եւ խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: l Կոտայքի մարզի Գառնի գյուղի 27/30 ընտրական տեղամասում` ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի վստահված անձ Տիգրան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել Արտուշ Հակոբյանի հետ, որի ընթացքում դանակի հարվածով թափանցող վնասվածք է հասցրել վերջինիս: Ա.Հակոբյանը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: l ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում թիվ 13/16 ընտրական տեղամասում ընտրությանը մասնակցող անձանց` դիտորդներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան Խաչատրյանի, ինչպես նաեւ լրագրող Լուսինե Բարսեղյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նշված 7 քրեական գործերով նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: