«Կոսովոն սպասում է ճանաչման...»


Սա փետրվարի 18-ին Կոսովոյում լույս տեսած ալբանական թերթերի մեծամասնության առաջնորդող հոդվածների ընդհանրական վերնագիրն էր: Դրանից մեկ օր առաջ Կոսովոյի խորհրդարանը Պրիշտինայում կայացած իր նիստում երկրամասը հռչակեց «անկախ, ինքնիշխան, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական պետություն»: Հռչակագիրը հրապարակեց այդ ինքնահռչակ հանրապետության վարչապետ Հաշիմ Թաչին, որից հետո խորհրդարանի անխտիր բոլոր ալբանացի պատգամավորները, թվով 190 հոգի, մեկ առ մեկ իրենց ստորագրութ յունը դրեցին փաստաթղթի տակ: Սերբ պատգամավորները, որոնց հատկացված էր 10 տեղ, նիստին չէին մասնակցում: Այդ հանդիսավոր արարողությանը, որն անմիջապես վերաճեց համաժողովրդական ցնծության, ներկա էր աշխարհի շուրջ 60 երկրի պատվիրակություն, ինչը վկայում է, որ առնվազն այդքան երկիր ամենամոտ օրերս պատրաստվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, իսկ մի քանիսն արդեն հանդես են եկել այդպիսի հայտարարությամբ: Սակայն մի շարք երկրներ, որոնք նույնպես ունեն չլուծված հակամարտություններ, սատարելով Սերբիային, որն անմիջապես հանդես եկավ երբեք Կոսովոյի անկախությունը չճանաչելու հայտարարությամբ, ձեռնպահ են մնում կամ ուղղակի դեմ են արտահայտվում նորանկախ հանրապետության անկախությանը: Դրանց թվին են պատկանում նաև Ռուսաստանն ու Ադրբեջանը: Համաշխարհային 2-րդ պատերազմի ավարտից ի վեր սա նախադեպը չունեցող մի իրադարձություն էր: Մինչև այժմ չէր եղել դեպք, երբ որևէ տարածքի վրա ապրող ազգային հավաքականությունը, տվյալ դեպքում ալբանները, այդ տարածքի և° իրավաբանական, և° պատմական տերերը հանդիսացող պետության ու, ժողովրդի կամքին հակառակ, հռչակեին իրենց անկախությունը և ըմբռնում գտնեին համաշխարհային հանրության որոշակի մասի, եթե չասենք մեծամասնության կողմից: Կոսովոյի պատմական պատկանելության հարցը միջազգային հանրությունը քննարկման առարկա չի համարում, գտնելով, թե «տվյալ տարածքի տերերը նրանք են, ովքեր տվյալ պահին ապրում են այդ հողի վրա»: Հրաշալի է: Բայց այդ դեպքում ինչու՞ միջազգային հանրությունը չի քաշում Բաքվի ականջները և չի հայտարարում, թե Լեռնային Ղարաբաղի «տերը» ոչ թե Ադրբեջանն է, այլ այդ հողի վրա ապրող և նույնիսկ մինչև Արցախյան հակամարտության ծագումը այնտեղ բացարձակ մեծամասնություն կազմող արցախահայությունը: Համաձայնենք, որ Կոսովոյի պատմական պատկանելության խնդրում միջազգային իրավունքի որևէ խախտում չկա: Փոխարենը կա միջազգային իրավունքի այլ խախտում` ինքնիշխան պետության, տվյալ դեպքում Սերբիայի Հանրապետության տարածքային ամբողջականության բացահայտ ոտնահարում: Նաև` միջազգային ընթացակարգերի ոտնահարում: Չէ՞ որ մինչև Կոսովոյի անկախության հռչակումը համառորեն շրջանառվում էր այն գաղափարը, թե ցանկացած ինքնահռչակ պետության անկախության ճանաչումը, որը, բնականաբար, հանգեցնում է գերիշխող պետության տարածքային ամբողջականության փոփոխության, կարող է իրականություն դառնալ միայն և միմիայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թույլտվությամբ: Կոսովոյի ալբանները, ահա, առ ոչինչ համարեցին միջազգային իրավունքի այդ նորմը` միակողմանիորեն հռչակեցին իրենց պետական անկախությունը, երբ համոզվեցին, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ոչ միայն միասնական չէ իրենց անկախությունը ճանաչելու հարցում, այլև, նկատի ունենալով Անվտանգության Խորհրդի շուրջ 10 անդամների դեմ լինելը և Ռուսաստանի անվերապահ «վետոն», երբեք այդպիսի թույլտվություն չի տա: Հետևաբար, ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը շրջանցելու մի աննախադեպ, հիրավի «պատմական» իրադարձություն: Չակերտներն այն համոզմունքի պակասից է, թե այս նախադեպը հիմնիվեր չի փոխի ամբողջ աշխարհի անվտանգության համակարգը, շատ մեծ ապակայունացման չի տանի ամբողջ մոլորակը: Այժմ աշխարհում ազատության ու ինքնիշխանության ձգտող առնվազն 200 ժողովուրդ կա: Նրանք, այլևայլ հանգամանքների բերումով, ապրում են գերիշխող պետությունների կազմում կամ նրանց իրավաբանական ենթակայության տակ: Կոսովոյի ալբանների արյունն ումի՞ց է կարմիր: Ինչու՞ նրանք կարող են, հակառակ իրենց գերիշխող պետության կամքի, անկախանալ, իսկ մյուսները…ոչ: Ինչու՞, օրինակ, Թուրքիայում ապրող քրդերը, իսպանական բասկերը, Լեռնային Ղարաբաղի հայերը, Վրաստանի աբխազներն ու օսերը և բազմաթիվ ուրիշներ «անջատողականներ են», իսկ Կոսովոյի ալբանները…«անջատողականներ չեն»: Միջազգային իրավունքը չի կարող ընտրանքային կիրառում ունենալ, վերաբերել մեկին և շրջանցել…մյուսին: Օրենքն արդար է միայն այն ժամանակ, երբ հավասարապես վերաբերում է բոլորին: Մեր ընթերցողները քաջատեղյակ են, որ Կոսովոյի անկախությունը նախապատրաստող միջազգային որոշակի շրջանակների բարձրաստիճան պաշտոնատարները տևականորեն թմբկահարում էին, թե «Կոսովոն հատուկ դեպք է, այն չի կարող նախադեպ հանդիսանալ մյուս էթնիկ հակամարտությունների լուծման համար»: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ հրավիրած իր ասուլիսում նման պնդումները անվանեց «ստախոսություն» և մատնանշեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի ու Մերձդնեստրի էթնիկ հակամարտությունները, ընդգծելով, թե «դրանք բոլորը նույն բնույթի են»: Հռետորական հարցով դիմելով լսարանին, Պուտինը ընդգծեց, թե «ինչու՞ Կոսովոյի ալբանները կարող են անկախանալ, իսկ մյուս հակամարտությունների մեջ ընդգրկված կողմերը` ոչ»: Առավել բարոյական լինելու դեպքում Պուտինն այս ցանկում պետք է նշեր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակը: Չեմ կարծում, թե Պուտինը դա ուղղակի «մոռացավ»: Նման բաները չեն «մոռացվում»: Եվ եթե Պուտինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինակը շրջանցեց, դա նշանակում է, որ Ռուսաստանը, ի պատասխան Կոսովոյի անկախության ճանաչման, ամենևին չի պատրաստվում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Հազիվ թե Մոսկվան քաջություն ունենա ճանաչելու նաև մյուս չճանաչված պետությունների անկախությունը: Մոսկվան առայժմ կաղմկի, ինչպես արեց այս երկուշաբթի, փետրվարի 18-ին, իր արտգործնախարարության տարածած հայտարարությամբ, որով, ոչ ավել, ոչ պակաս, պահանջում էր…«չեղյալ հայտարարել Կոսովոյի անկախության ճանաչման ակտը»: Մոսկվայի պահանջով Կոսովոյի անկախության հռչակման հաջորդ օրն իսկ ռուսների այդ պահանջը քննարկելու համար գումարվեց ՄԱԿ-ի ԱԽ նիստ: Բայց գնացքն արդեն գնացել է, ու, երևի ոչ ոք այդ ակտը չեղյալ չի հայտարարի: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ մեր մոլորակը, Կոսովոյի անկախության հռչակմամբ ու այդ անկախության ճանաչման մասին սպասվելիք հայտարարություններով, մտնում է քաղաքական զարգացումների միանգամայն նոր փուլ: Կամ միջազգային հանրությունը իմաստություն կունենա ստեղծել բոլորի համար ազատ ու ինքնիշխան ապրելու պայմաններ, կմշակի միջազգային իրավունքի նոր նորմեր, որի հիմքում կլինի ոչ թե պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի դոգմատիկ կիրառումը, այլ` ժողովուրդների ինքնորոշման հարգումը, կամ մոլորակը կթաղվի արյունոտ հակամարտությունների ու բախումների նոր մղձավանջի մեջ… Դժբախտաբար, վերջինն ավելի հավանական է: Կոսովոյի անկախության նախադեպը մեր մոլորակին մղում է ոչ թե հարգել ազատությունը, այլ կիրառել «ով ուժեղ է` նա արդարացի է» սկզբունքը: Ամեն դեպքում, կարծում եմ` մեր երկիրը պետք է հայտարարի Կոսովոյի Հանրապետության անկախության ճանաչման մասին: Այն ակնկալիքով, որ կլինեն նաև բարոյական պետություն ներ, որոնք նույն հիմքով կճանաչեն նաև իր սեփական բնօրրանում ազատ ու անկախ ապրելու արցախահայության իրավունքը: Այլապես անհնար է հասկանալ, թե ինչու՞ սերբական հողում վերջին 60 տարիներին հայտնված Կոսովոյի եկվոր ալբանները, որոնք ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների ուղեկցությամբ երկրամասից լիովին դուրս են մղել նրա 600 հազար բնիկ տերերից 500 հազարին, իրավունք ունեն ուրիշի հողում իրենց պետությունն ունենալու, իսկ Լեռնային Ղարաբաղում 3000 տարուց ավելի ապրող ու նույնիսկ մինչև հակամարտությունը այնտեղ բացարձակ մեծամասնություն կազմող արցախահայությունը, իբր, «չի կարող» օգտվել իր բնօրրանում ազատ ու ինքնիշխան ապրելու նույն իրավունքից…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ