Իրանը չի սկսի, բայց` կպատասխանի


 

Պենտագոնը վերստին իր կարծիքն է բարձրաձայնել` Իրանից հնարավոր հակահարվածի առնչությամբ: Սենատում կայացած լսումների ժամանակ ԱՄՆ-ի ՊՆ հետախուզական վարչության տնօրեն Ռոնալդ Բերջեսը հետևյալ տեսակետն է հայտնել. Իրանի դեմ հարձակման դեպքում այդ երկիրը պատրաստ է պատասխան հարված հասցնել, բայց այդուհան դերձ` իրանական իշխանությունները դժվար թե առաջինը սանձազերծեն բախում:

- Իրանն առժամանակ կարող է փակել Հորմուզի նեղուցը և նույնիսկ հրթիռներ արձակել ԱՄՆ-ի ուղղությամբ: Բայց միայն այն դեպքո´ւմ` եթե հարձակման ենթարկվի,- գեներալ Բերջեսի խոսքը մեջբերել է Reuters-ը:

- Թեհրանի կողմից դիտավորյալ սանձազերծման հավանականությունը մեծ չէ: Իրանը կարող է նաև դրդել ահաբեկչական գործողություններ կատարողներին, սակայն քիչ հավանական է, որ Իրանը կսկսի կամ դիտավորությամբ ընդհարում կսանձազերծի,- գեներալի խոսքից մեկ այլ հատված էլ մեջբերել է «Բի-Բի-Սի»-ն):

Անցյալ շաբաթ Դելիում և Բանգկոկում տեղի ունեցած պայթյուններից տուժել են Իսրայելի դեսպանատների աշխատակիցները, և Իսրայելը մեղադրել է Իրանին` ահաբեկչութ յուններին մասնակցության համար: Իր մասնակցությունը հերքելով` պաշտոնական Թեհրանը համարժեք մեղադրանք է հնչեցրել Իսրայելի ղեկավարության հասցեին:

Բարաք Օբամայի վարչակարգը և Պենտագոնն արդեն քանիցս անհանգստություն են հայտնել, որ առանց ամերիկյան հավանության` Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա: