ՆՈՐ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ


 

Չնայած մայրաքաղաքում հաճախակիանում են հայտարարություններն ու պահանջները կանաչ տարածքների պահպանման մասին, երեկ Ազատություն պողոտայի 12 շենքի հարևանությամբ գտնվող փոքրիկ այգին հարձակման է ենթարկվել: Մոտ 35 տարվա պատմություն ունեցող այգին ստեղծվել էր բնակիչների ջանքերով, այստեղ տնկվել էին հարյուրից ավելի դեկորատիվ և պտղատու ծառեր: Ցուրտ ու մութ տարիներին մարդիկ գիշերային հերթապահություն էին սահմանել, որպեսզի որևէ ծառ չհատվի, մինչդեռ հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ ծառ է հատվել: Միայն բնակիչների աղմուկից հետո ծառահատողները հեռացել են տարածքից` իրենց հետևից թողնելով կտրատված ծառեր: Բնակիչներրը զայրացած են ու հուզված, նրանք որոշել են վերսկսել գիշերային հերթապահությունները, որպեսզի փոքրիկ ու գողտրիկ այգին նոր ավերածությունների չենթարկվի:

Ի դեպ` Մաշտոցի պողոտային կից այգում ստեղծված իրավիճակի առնչությամբ համաժողովրդական դարձող շարժումն արդեն մեծ ծավալներ է ընդգրկել. բնապահպաններին միացել են մշակույթի և գիտության բազմաթիվ գործիչներ: Նրանք լիահույս են, որ քաղաքապետը կկանխի այգին կրպակների շարքի վերածելու ոմանց ցանկությունը: