Հիմա արդեն չենք զարմանում


 

Սկզբում օրինաչափ էինք համարում, որ մեղր ծախող բկլիկի պես` պետական պաշտոնյան կարող է մեղրոտ մատը լիզել: Հետո չզարմացրեց այն, որ ուրիշի մատին ընկած «մեղրի» կաթիլն էլ ոմանք չուզեցին, որպեսզի մատի տերը «լիզի»: Այսօր արդեն չենք զարմանում, երբ որևէ երկրում մաֆիայի հետ կապված պաշտոնյաներ են հայտնաբերվում: Իսկ այդպիսիք ոչ միայն բացահայտվել, այլև ձերբակալվել են: Ոչ թե մեզանում, այլ` Իտալիայում:

Երկրի Ֆինանսական գվարդիան ձերբակալել է 60 կասկածյալի, որոնց թվում` 16 հարկային դատավորների: Նրանք կասկածվում են մաֆիստական գործունեությանը մասնակցելու, ապօրինի ծագմամբ դրամական միջոցներ շրջանառելու, կոռուպցիայի, խարդախության և փաստաթղթերի կեղծման մեջ (տեղեկացրել են իտալական ԶԼՄ-ները):

Իրավապահ մարմինների կողմից լայնամասշտաբ աշխատանքներ են ծավալվել երկրի հարավային Կամպանիայից մինչև հյուսիսային Լոմբարդիա: Ձերբակալվել են նաև Նեապոլի տարածաշրջանային ու տեղական հարկային հանձնաժողովի աշխատակիցներ, նույն ոլորտի այլ պաշտոնատար անձինք: Հետաքննությունը նրանց կասկածում է Նեապոլում և դրա մերձակայքում «Կամորրա» հանցավոր խոշոր կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Միաժամանակ կալանք է դրվել նրանց ընթացիկ հաշիվների, ֆինանսական ակտիվների, ընկերությունների բաժնետոմսերի, հողամասերի, շինությունների, ավտոմեքենաների վրա: Մի խոսքով` տերերի համար անձեռնմխելի է դարձվել 1 միլիարդ եվրո (գրել է ՌԻԱ «Նովոստի»-ն):