ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երգարվեստի օրհնված «խաչը»` ձեռքում


 

Հայկական ժողովրդական, գուսանական երգերի, ռոմանսների նրա կատարումները թե´ հայրենիքում, թե´ Սփյուռքում միշտ ընդունվել են ջերմությամբ:.

- Ինձ համար ամենակարևորն այն է, որ հնչեցրած երգերս տեղ են գտել ունկնդիրներիս սրտում, ովքեր լսելով ինձ` հուզվել, արտասվել են…... Եզակի արժեքներ ներկայացնող Կոմիտասի, Գալանտերյանի, Սաթյանի, Ռոմանոս Մելիքյանի, Խաչատուր Ավետիսյանի, Անտոն Մայիլյանի ստեղծագործությունների կատարումները երջանկության պահեր ու գոհացում են պարգևել ժողովրդիս. նրանց ունկերում մնայուն հիշողության ձայն եմ թողել իմ հայտնի «Մախմուր աղջիկ», «Ծիծեռնակ», «Լուռ գնաց», «Մոլորվում եմ», «Կռունկ», «Իմ անուշ տավիղ», «Երևանյան գիշերներ», «Ղաղաբաղի եղնիկ» երգերով, ասում է ՀՀ ժողովրդական արտիստուհի, հայ երգարվեստի անզուգական կատարող մեկնաբան, «Գրան-պրիի» մրցանակակիր Վարդուհի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

- Նշյալ երգերը պահպանվում են դասական երգարվեստի ոսկե պահոցում, որոնք ազգային մշակույթում գանձեր են. իհարկե, հետաքրքիր է` թե Ձեր հանրաճանաչումը օժանդակե՞լ, թե՞ դժվարություններ է հարուցել Ձեր ճանապարհին:

- Իմ երգով ես ճանաչում ունեմ Սփյուռքում և այստեղ: Փողոց դուրս գալուց` ինձ մոտենում են մարդիկ, ասում` ինչ լավ է դուք դեռ չեք ծերացել. նորից երգո՞ւմ եք: Իմ հոգին զարմանալիորեն չի ծերանում... չնայած այնքա˜ն անցուդարձեր եղան շրջապատում և անձնական կյանքում: Եվ ազգիս փորձություններ եկան, բայց մենք ոգեղենով ապրող ենք` գեներ ունենք, որոնք ամուր են, արմատացած են կաղնու նման: Ուրախ եմ, որ այո´, ոսկե ֆոնդում երգերս պահպանվելու են: Ես այն երգչուհիներից եմ, ովքեր էժան ծափերի ետևից չեն վազել. ես իմ հայրենի հողի վրա հաստատուն կանգնել եմ և չեմ ձգտել այլ տեղ ապրել: Պիտի նորերն էլ գան ու հարստացնեն մեր մշակույթը: Սա է նաև իմ երազանքներից մեկը... Ինչ վերաբերում է երգն ինձ օժանդակել է` կասեմ այո´, այն իմ առօրյա կյանքում ևս ուժ է տվել: Խանգարելը թերևս այն էր, որ Դավիթս իմ համերգաշրջայցերի ընթացքում «շարժական էր» դառնում, մեկ Գյումրի` մայրիկիս մոտ էր մնում, մեկ` ամուսնուս հայրական ընտանիքում...

- Ձեր ապրած կյանքի լավագույն էջերը եթե թերթեիք, ի՞նչ հետաքրքիր դրվագներ, գաղտնիքներ կամ ափսոսանք կգտնեիք:

- Բեմական գործունեությունս, իմ արտիստական կյանքն ապահովել է մարդասիրական, համերաշխ մի ընտանեկան մթնոլորտ, ուր բարոյական արժեքներն ու հայրենասիրությունն ամենավերևում են եղել: Երգչուհին որտեղ էլ հանդես գա` պիտի իր գործունեության մեջ դնի բարոյական, հայրենիքի հանդեպ վեհ գաղափար, որը և կծառայի իր ազգին: Երբ Հայկանուշ Դանիելյանն առաջին անգամ ինձ լսեց և «հինգ» գնահատականը դրեց` ես ապագա ճանապարհիս լույս գտա, թևավորվեցի: Ա´յ, այդ գնահատականն իմ կյանքի առաջին ուղենիշներից էր: Հետո` հուշերն ու հիշարժան դրվագները բազմաթիվ են... Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանն ամեն գարնանամուտին ինձ կանչում էր Բյուրական և նվիրում իր իսկ ձեռքով քաղած ձնծաղկեփունջ ու ասում` թող գարունդ ձնծաղկաբույրով միշտ լցվի... Հպարտ եմ, որ այլ գեղեցիկ հուշեր էլ ունեմ. նախկին ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի, Արամ Խաչատրյանի, Բաղրամյանի, Միկոյանի, Կարեն Դեմիրճյանի, Առնո Բաբաջանյանի, Սիլվա Կապուտիկյանի, բազում այլ հայտնի մարդկանց հետ հանդիպումներն ինձ հպարտացնում են: Ավելացնեմ, որ ես թվով յոթ հոգևորական առաջնորդների հետ մտերիմ ու բարեկամական կապեր ունեի, ովքեր նաև իմ երգերի երկրպագուն էին:

- Դուք հիմա աշխատում եք «Խրիմյան Հայրիկ» գրքի վրա: Այդ մտահղացումն ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ:

- Արդեն 12 գիրք եմ գրել: «Խրիմյան Հայրիկ»-ը Բարձրյալի թելադրանքով եմ անում, սրտիս պարտքն է` որպես երախտիքի հաստատում ներկայացնել հայոց երանելիի կերպարը: Նրա թողած ժառանգության, մարդկային նկարագրի մասին այսօր քչերը գիտեն: Գրելուս մտահղացումը նաև այլ էր. «փախեփախի» ժամանակ սկեսուրս իր չորս երեխաների մրմուռը սրտում, «Խրիմյան Հայրիկ» գիրքն է Վանից հասցրել Երևան (հիմա այն բնակարանումս է «հանգրվանում»): Եվ ի˜նչ ճանապարհ է «անցել» գիրքը... Անձրևոտ, արցունքոտ, քրքրված, խոնա˜վ թերթերն են հուշել ինձ, որ Տիրոջ թելադրանքով հիմա աշխատում եմ: Ասեմ, որ գրքի շապիկին Այվազովսկու նկարած Քրիստոսն է` 12 գառների հետ:

Ողջ ազգի սիրելին է Խրիմյանը, նրան դարեդար պիտի պաշտել և ցավոք` այսօր նրա մասին շատ քչերը գիտեն...

- Ձեր համերգային շրջագայություններում ի՞նչն էր առավել մտահոգում:

- Անջնջելի է և դաժան այն հիշողությունս, որ ես տեսել եմ Դեր Զորի անապատում: Մենք 500-անոց խմբով էինք: Յուրաքանչյուրս մեր մաշկի վրա զգացինք ազգիս ցավն ու կոտորածի դաժան իրողությունը, ոսոխի 1915 թ. դժնդակ վերաբերմունքը... Նշեմ, որ իմ համերգային շրջայցերում առաջին հերթին հայրենասիրական պարտքս եմ կատարել հայկական համայնքների առաջ: Սիրիայի դեսպանի հրավերով 90-ականների ծանր օրերին 5 օրով մեկնել եմ Հալեպ: Բայց այնտեղ մերոնց պատվերով մնացի 50 օր: Վաստակս 100 հազար ԱՄՆ դոլար կազմեց, որից 50-ը իմ առաջարկով ուղարկվեց Արցախ, իսկ 50 հազարը` Գյումրու մանկատների օգնության ֆոնդին: Այդ շրջագայությունից խնայողությանս հաշվին կարողացա ընդամենը 800 դոլար հատկացնել` միայն բեմական մեկ զգեստի համար:

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք մերօրյա երգիչ կատարողների մասին:

- Նրանց երբեմն այնքան էլ շատ չի հետաքրքրում հասարակության կարծիքը, ազգային ու բարոյական նորմերի պահպանման խնդիրը: Պիտի հաշվի նստել, որ մենք մշակութային ազգ ենք, ավանդույթով հարուստ ազգ: Պետք է ոչ միայն բարձրարվեստ ներկայացնել հայ երգը, այլև բարոյական, մաքուր պահեն իրենց անձի ու ազգի պատիվը: Անզուսպ, անպարկեշտ լինելը ժողովուրդը շուտ է նկատում: «Աստղեր ու աստղիկներ» դարձած` ամեն ինչ հաճախ շուռ են տալիս գլխիվայր... Ես անհաշտ եմ նրանց հանդեպ, ովքեր անարժեք շոուներ են կազմակերպում ինչ-որ կապերի ու փողերի միջոցով... Մեծամիտ են, իսկ այսպիսիների մասին գյումրեցի տատս լա˜վ, դիպուկ օրինակ էր բերում. «Ղուրբանդ էղնիմ, ծառը որ շատ բերք է տալիս, ճյուղերը իջնում են, խոնարհվում, իսկ մեծամտացողը` քիթը ցցած է. ման է գալիս գոռոզ բարդու պես»: Իհարկե, կան նաև տաղանդավոր երգիչներ, որոնցով պիտի կարողանաք երգարվեստն ավելի աշխուժացնել: Հիշում եմ մի խոսք, որը շոյիչ է իմ համար. Եգիպտոսում «Կռունկ» երգը հնչեցնելուց հետո Թաթուլ Ալթունյանն ինձ ետնաբեմում ասաց. «Ապրե´ս, ապրե´ս, դու ոչ թե աստղ ես, այլև երկնքից աստղեր իջեցնող ձայն ես, ապրե´ս»…: Իսկական երգիչը պիտի երգարվեստի օրհնված խաչն իր ձեռքում պահի, ոչ թե սոսկ շքեղություն վայելի և «աստղեր» անունով հորջորջվի...

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ