ԿԳՆ-ն անզո՞ր է պայքարել դրամահավաքության դեմ


 

Մարտի 8-ի գալստյանը 32-ամյա Անահիտ Պետրոսյանը (հոդվածում անունները փոխված են) ոչ թե ուրախությամբ, այլ ահագնացող բարկությամբ էր սպասում: Տոնը երկու դպրոցահասակ երեխաների մոր համար արդեն քանի տարի ասոցացվում է միայն դրամահավաքության ու փողի պակասից ծնված սթրեսային վիճակների հետ.

- Ծնողկոմիտեն արդեն հավաքվել ու ինքնագլուխ որոշել ա, որ մարդա 1000 դրամ փող ենք հավաքելու: Ես չեմ հասկանում, 35000 դրամ արժողությամբ նվեր են առնելո՞ւ, որտե՞ղ ա լսված:

Հանրապետության երկրորդ քաղաք Վանաձորում այս տարի եղել են նաև դեպքեր, երբ ուսուցիչն իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի քանի ծնողների ասել էր, որ իրեն ոչ ծաղկեփունջ, ոչ էլ աղանդեր է պետք` թող փողը տան:

- Սեպտեմբերի 1-ին ծնողները որոշեցին, որ պետք է ծաղկի փող հավաքենք. ասացին` դե սեպտեմբերի 1 է, ամոթ է, որ առանց ծաղկի դիմավորենք դասվարին: Հետո Ուսուցչի օրը եկավ` կենացները թանկացան. արդեն յուրաքանչյուր ծնողից 1000 դրամ հավաքեցին: Հիմա էլ կանանց միամսյակն է, ու որոշել են, որ նվեր չեն առնելու, ծրարով փողն են տալու, որպեսզի դասվարն ինչ ուզի` առնի,- ասում է 3-րդ դասարանի աշակերտու Անուշի մայրը:

26-ամյա Նվարդի խոսքերով` Մարտի 8-ի նվերի փողի հավաքելը բացառապես ծնողների նախաձեռնությունն է.

- Այս արատավոր երևույթի պատճառը հենց ծնողներն են, ավելի շուտ` ծնողկոմիտեն, որտեղ մի քանի պարապ-սարապ տնային տնտեսուհիներ են հավաքված ու իրենց համար զբաղմունք են որոնում:

Նրա կարծիքով, շատ դեպքերում հենց ծնողներն են նախաձեռնում այն, ինչից ծնողների մյուս` ավելի անապահով հատվածը նեղսրտում ու լուռ դժգոհում է:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Ավանգարդի» հետ զրույցում նշեց, որ դրամահավաքության երևույթը դպրոցներում հիմնականում դադարեցված է, նախարարության թեժ գծին էլ դեռ ոչ մի բողոք չի եկել:

- Մենք դպրոցներին խստիվ արգելել ենք դա, բայց եթե ծնողներն իրենք իրենց որոշում են ուսուցչին նվեր անել, այստեղ միայն մնում է, որ ծնողկոմիտեներին կանչեն ու արգելեն նման ինքնագործունեությունը: Լինում են, իհարկե, դեպքեր, որ ծնողներն իսկապես չեն ենթարկվում: Բայց իրենց ո՞վ է ստիպում, որ այդ գումարը հավաքեն: Բոլորին ասված է` մի հավաքեք, թույլ չենք տալիս, պետք չեն ձեր նվերները: Նույնն էլ ասում ենք ուսուցիչներին, որ արգելեն, չընդունելու, բայց նաև ընդունելու կեցվածք չընդունեն`,- ասաց Ն. Հովհաննիսյանը` հավելելով, որ եթե մեկ-երկու անգամ ուսուցիչն այդ նվերը հետ տա, ծնողն էլ չի ստիպի:

Ըստ նրա` նման դեպքերը զանգվածային չեն, իսկ եղածների դեպքում էլ խոսքը հիմնականում մի ծաղկեփունջ նվիրելու մասին է:

- Եթե խոսքը ծաղիկների մասին է, կամ ինչ-որ նորմալ գումարի սահմաններում է, գուցե այդքան ահավոր չի,- նկատեց վարչության պետը:

Մեր դիտարկմանը, որ շատ դեպքերում խոսքը ոչ թե մեկ ծաղկեփնջի, այլ բավական շոշափելի գումարի մասին է, Ն. Հովհաննիսյանը տարակուսեց.

- 35 հազարը հո մի մարդունը չի՞... Մի դասարանում երբեմն 15 ուսուցիչ է աշխատում, եթե դա կիսվում է նրանց միջև....:

ԿԳՆ աշխատակիցը նաև հավելեց, որ կոնկրետ դեպքերում, երբ եղել է բողոք, նախարարությունը հետամուտ է եղել.

- Ասեք` որ դպրոցն է` գնանք արգելենք, պատժենք: Բայց այս պահին ինձ մոտ անունով նամակ, ծնողից բողոք չկա: Հո չե՞նք կարող դպրոց-դպրոց զանգել, հարցնել` դուք հավաքո՞ւմ եք, թե՞ ոչ: Եթե կա կոնկրետ հասցե, նախարարությունն անզոր չի դրա դեմ պայքարել, բայց եթե բողոքն օդի մեջ է` այո´, անզոր ենք:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ