ՀԱԿ-Ի ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՀԻՆԳԸ


 

Վերջապես հայտնի դարձավ Հայ ազգային կոնգրեսի ցուցակի մի մասը: Չկամենալով միանգամից գաղտնազերծել իր մտածումներն ու մոտեցումները, Տեր-Պետրոսյանը մասամբ տեղեկացրել է առաջին տասնհինգ տեղը զբաղեցրած թեկնածուների մասին: Այստեղ, հավատարիմ ՀՀ Սահմանադրությանը, պահպանվել է կին թեկնածուների ընդգրկման սկզբունքը: Ավելին, Տեր-Պետրոսյանը, որպես զտարյուն ջենթլմեն, միայն մի դեպքում է պահպանել «յուրաքանչյուր վեցերորդը» սկզբունքը, ապա կանանց տեղ տվել յուրաքանչյուր չորս տղամարդուց հետո:

Վեցերորդ տեղում ՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանն է, 11-ում` «Հայաստան» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զոյա Թադևոսյանը, ով ԿԸՀ-ում ներկայացնում էր նշված կուսակցության շահերը, հայտնվել է 15-րդ տեղում:

Առաջին հնգյակում, ինչպես արդեն հայտնի էր, տեղեր են զբաղեցրել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը: Նիկոլ Փաշինյանին տրվել է «միստիկական» յոթերորդ տեղը: Նրան հաջորդում են Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Դավիթ Շահնազարյանը, Պետրոս Մակեյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և կինոբեմադրիչ, Հրանտ Մաթևոսյանի որդի Դավիթ Մաթևոսյանը: