ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԻ «ԱՌԵՂԾՎԱԾԸ»


 

ՀՀՇ իշխանության տարիներին ձևավորվեց հայ օլիգարխիան` գրեթե կայծակնային արագությամբ հարստանալով ու դիզելով հարյուրավոր միլիոններ: «Անսպասելի» հարուստների շարքում հիշատակվեց նաև Գարեգին Նուշիկյանի անունը, ով կարողացավ մայրաքաղաքի կենտրոնում ձեռք բերել եկամտաբեր տարածքներ, իր գովազդները տեղադրել ամենանկատելի տեղերում:

Ինչո՞վ էր պայմանավորված Նուշիկյանի «ֆենոմենը», ինչպե՞ս պատահեց, որ նա չափազանց կարճ ժամանակամիջոցում դարձավ երկրի մեծահարուստներից մեկը: Տարիներ շարունակ «թաքուստված» այս գաղտնիքի մասին, իհարկե, շատերն էին շշուկով խոսում, հիշատակում, որ գործարարը մեծ աջակցություն է ստանում ՀՀՇ-ի կողմից, օգտվում արտոնություններից ու «զեղչերից»:

Նուշիկյանի գործերը շատ ավելի լավ դասավորվեցին, երբ Արարատ Զուրաբյանը դարձավ Կենտրոնի թաղապետ, Կենտրոնը գրեթե «բռնազավթվեց» ու դարձավ նրա բիզնես-տարածքը: Ինչպես պարզվեց` Գարեգին Նուշիկյանը հանդիսանալով Արարատ Զուրաբյանի ընկերը` դարձել էր ամենաարտոնյալ օլիգարխներից մեկը: Նշանակում է, ՀՀՇ-ն իր մերձավորների համար ստեղծել էր բարենպաստ պայմաններ` հավանաբար մասնաբաժին ունենալով ինչպես Նուշիկյանի, այնպես էլ այլոց բիզնեսներում:

Թիվ 10 ընտրատարածքում այժմ առաջադրվել է Գարեգին Նուշիկյանը, ում աջակցելու հրապարակային խոստովանություն է արել Արարատ Զուրաբյանը, ով հիմա հանդես է գալիս որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ: Նշանակում է` մեր երկրում շատ բան չի փոխվել, «Ազատ դեմոկրատները» իբրև թե հեռանալով ՀՀՇ-ից` իրականում ստեղծել են մի նոր ՀՀՇ-ական թև և շարունակելու են աջակցել ֆինանսական կապիտալի ու բիզնեսի ներկայացուցիչներին` այս ամենը պարտակելով ժողովրդավարական և արևմտյան արժեհամակարգերի անվան տակ:

Գարեգին Նուշիկյանը մեկն է ՀՀՇ-ական օլիգարխներից, սակայն հանրությունը չի մոռանում նաև Խաչատուր Սուքիասյանին, ով օգտվելով Վանո Սիրադեղյանի աջակցությունից, կարճ ժամանակամիջոցում դարձավ Կենտրոնի մյուս «սեփականատերերից» և պարզապես ջրի գնով ձեռք բերեց «Այրարատ» կինոթատրոնը, «Բջնի» հանքային ջրերի գործարանը, մայրաքաղաքի կենտրոնում կառուցեց հյուրանոցների և խանութների լայն ցանց, տեր կանգնեց «Հայէկոնոմբանկին», որը նախկին «Հայխնայբանկն» էր, սեփականեց ալրաղաց, բազմաթիվ ձեռնարկություններ...

Այսօր խոսելով արևմտյան արժեքների մասին, տարփողելով ժողովրդավարությունը` ՀՀՇ-ն ու «Ազատ դեմոկրատներն» արդյո՞ք չեն մտածում, որ օլիգարխիկ համակարգերը չեն կարող աղերսներ ունենալ ճշմարիտ ժողովրդավարության հետ: