Կեղծարարներն` արդեն արբանյակային տիրույթներում


 

Գաղտնիք չէ, որ անցնող ժամանակը խաղի իր կանոններն է թելադրում նաև հանցագործներին, մասնավորապես, խարդախներին, և գիտատեխնիկական առաջընթացին համաքայլ` կատարելագործվում են նաև կեղծարարության այսպես կոչված արտահայտչա միջոցները: Ներկայացվող դեպքը վկայում է, որ մերօրյա խարդախները դիմում են հնարավոր ամեն միջոցի` միայն թե ապօրինի շահույթներ ստանան:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ 33-ամյա Համլետ Արշակյանը և 37-ամյա Արմեն Օսիպյանը արբանյակային վճարովի հեռուստափաթեթների միացման ապօրինի գործունեությամբ են զբաղվում, մասնավորապես, «ՆՏՎ Պլյուս» արբանյակային վճարովի հեռուստափաթեթի միացման ու սպասարկման ծառայություններ են մատուցում Հայաստանի տարածքում և այդ նպատակով 50 քաղաքացիների արբանյակային ընդունիչների վրա ծրագրային փոփոխություններ կատարելով` յուրաքանչյուրից գանձել են ամսական 2.000-2.500-ական դրամ գումար, որից 5 ԱՄՆ դոլար փոխանցել են արտերկրում գտնվող սերվերների տերերին:

Ա. Օսիպյանը ոստիկանության ծառայողներին ներկայացրել է վերը նշված գործունեության համար օգտագործվող իր համակարգիչը:

Ըստ փորձագետի եզրակացության` այդ համակարգիչը պարունակում է վերը նշված արբանյակային ընդունիչների համար նախատեսված ծրագրերը, որոնք ֆինանսական զգալի վնասներ են հասցրել «ՆՏՎ Պլյուս» ընկերությանը: Իսկ դա նշանակում է, որ կեղծարարների գործունեությունը արբանյակայինից կտեղափոխվի քրեական օրենսգրքի տիրույթներ: