Ում «բոստանն է «քար նետում»


 

Պաշտոնաթողությունը հետաքրքիր մտորումներ է ծնում: Նախկին դարձած պաշտոնյաները ինքնավերլուծությամբ երևի փորձում են ի մի բերել արված-չարվածը: Բայց սովորաբար իրենց հաջողություններն են հիշում ու հիշատակում, երբեմն էլ անկեղծանում են` պարզաբանելով թե ի՞նչը և ինչո՞ւ չարվեց կամ թերի մնաց: ՌԴ` արդեն էքս-նախագահ Դմիտրի Մեդվեդևն, օրինակ, ինքնատիպ եզրահանգում է արել` հրապարակավ հայտարարելով, որ պետական պաշտոնյաներն իրենց պաշտոններում 6 տարուց ավելի չպետք է աշխատեն: Դրանից հետո հարկավոր է «վերև» բարձրանալ կամ «կողք» գնալ (տեղեկացրել է «Ինտերֆաքսը»):

Հավանաբար նա նկատի չի ունեցել կամ կիսով չափ է ակնարկել գերագույն` երկրի նախագահի պաշտոնը, որովհետև դրանից վերև գնալ անկարելի է. մնում է` «կողք անցնելը»: Նա համոզմունք է հայտնել, որ հենց այդ ընթացքում կարելի է «խորասուզվել նյութի մեջ, կառավարչական հմտություններ ձեռք բերել, կերտել իր թիմը և արդյունքների հասնել: Այս կերպ հավանաբար իր թիմակից պաշտոնյաներին նա նրբանկատորեն կոչ է արել չկառչել իրենց աթոռներից և խորհրդատուներ դառնալ նորերին:

Ինքը երևի չի հասցրել և հիմա է հայտարարում, որ հարկավոր է փոխել պետծառայության մասին կաղապարային մտածողությունը (հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ն): Նրան տագնապեցնում է այն փաստը, որ շատ երիտասարդներ ձգտում են պաշտոնյաներ դառնալ` այդ կերպ իրենց համար «ոչ փոշոտ և շատ եկամտաբեր աշխատանք» ապահովելու:

Ի թիվս այլ առաջարկների, ուշարժան է Ռուսիո էքս-նախագահի կոչը. սահմանափակել գործարքները պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների միջև` եթե վերջիններս տվյալ կառույցում պաշտոնյա հարազատներ ունեն: