ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ


 

Վլադիմիր Պուտինի ընտրությամբ Ռուսաստանն Արևմուտքի համար վերածվում է դժվար և ոչ կայուն գործընկերոջ, ներքին իրավիճակը սրվելու է, իսկ ԱՄՆ-ի հետ «վերբեռնման» գործընթացին վերջ կտրվի: Այս կարծիքն են հայտնել բրիտանական փորձագետներն ու լրագրողները:

Ինչպես կանխատեսում է բրիտանական The GuΖrdiΖn-ի լրագրող Լյուք Հարդինգը` Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ սկսված «վերբեռնումը» կավարտվի: Նա բացասական է գնահատում նաև Բրիտանիայի հետ հարաբերությունների ապագան:

Հարդինգը գրում է, որ այս տարվա աշնանը պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է հրապարակել 2006թ.-ին Մեծ Բրիտանիայում սպանված ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակից Լիտվիենկոյի գործով քննության արդյունքները, որոնք, վստահաբար, չեն ճանաչվի Ռուսաստանի կողմից:

BBC-ին տված հարցազրույցում «Չաթըմ հաուս» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ Ջոն Լաֆն իր հերթին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում սկսվում է «անկանխատեսելիության փուլ»: Նա ասել է, որ Արևմուտքի հետ հարաբերությունների սրումը ձեռնտու է Պուտինին, քանի որ դրանով նա կարողանում է «արտաքին թշնամու» գործոնը խաղարկել: Սակայն Լաֆն առավել անհանգստացած է ՌԴ ներքին զարգացումներով` կարծիք հայտնելով, որ Պուտինի նոր նախագահությունը «վերջի սկիզբն է»: Լաֆն իր այս պնդումը հիմնավորում է նրանով, որ Պուտինն իր նախորդ նախագահության ժամանակ բավական հաջողակ էր, քանզի աշխարհում նավթի գները և տնտեսական աճի տեմպերը բավականին բարձր են եղել, ինչը թույլ է տվել Պուտինին զգալի ծրագրեր իրականացնել և ապահովել տնտեսական աճ: Սակայն ներկայիս իրավիճակում Ռուսաստանի տնտեսության արդիականացման գործընթացը նահանջ է ապրելու:

Այս դիտարկումները չափազանց արդիական են դառնում Հայաստանի համար, որի տնտեսությունը հիմնականում իր զարգացումները պայմանավորում է ռուսաստանյան տնտեսության զարգացման միտումներով. չէ՞ որ Հայաստանի ամենամեծ շուկան Ռուսաստանն է: Այնտեղ անկանխատեսելի վիճակի ստեղծումը կարող է անկումներ արձանագրել հայկական տնտեսության մեջ և ձևավորել մի իրավիճակ, երբ Հայաստանը հանկարծ կկորցնի առաջընթացի միտումները և կհայտնվի նոր շրջափակման մեջ: Ուստի, ցանկալի է, որպեսզի Հայաստանում մտածեն նոր շուկաների ստեղծման և ռուսաստանյան հնարավոր ազդեցություններից աստիճանական ձերբազատման մասին: Ռազմավարական գործընկերությունը չի պարտադրում տնտեսական կախվածություն: