Ես հասարակության ձայնը խորհրդարան հասցնողն եմ


 

Նախորդ օրն արդեն հայտնի էր, որ «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական ընտրացուցակում Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության քարտուղարը լինելով` 41-րդ հորիզոնականում է: Այս հանգամանքին առնչվող հնարավոր մանրամասները ճշտելու նպատակով «Ավանգարդը» զրուցեց տիկին Ալավերդյանի հետ:

- Արդեն հինգ տարի է` ես այս թիմի հետ եմ: Ինձ հրավիրել են այս թիմ, որտեղ ես կուսակցության անդամ ոչ եղել եմ, ոչ էլ եմ: Հինգ տարիների ընթացքում, երբ համաձայն չէի այս կամ այն քաղաքականության, որևէ հարցի սկզբունքների, ռազմավարության հետ` պարզ արտահայտվել եմ: Այս անգամ էլ նույն կերպ եմ վարվել, որն էլ կարծիք է ձևավորել, թե ես հրաժարվում եմ ընտրապայքարից: Հիմա այն, ինչ վերաբերում է 41-րդ հորիզոնականում գտնվելուս մասին: Ինձ հրավիրող թիմն այս անգամ այսպես է որոշել: Ի դեպ, ես կարող էի ինձ համար 41-րդի փոխարեն 44-րդ հորիզոնականը նշել, ու այդպիսով գուցե բոլոր հարցերը կսպառվեին: Ընդդիմությունն իր թվակազմով ԱԺ-ի մեկ երրորդը լինելու դեպքում դառնում է քաղաքական գործոն` ազդեցություն ունենալով գործընթացների, խորհրդարանի որոշումների ընդունման վրա: Ցուցակում երկրորդ տասնյակը եզրափակելու փոխարեն, ես ճիշտ համարեցի լինել 41-րդում: Ըստ էության, սա հանրությանն ուղղված ուղերձ էր`վերոհիշյալի մասին:

- Հասկանալի է, բայց ներկա իրողություններն արդյո՞ք կասկածի տեղիք չեն տալիս, որ նոր խորհրդարանում «Ժառանգությունը» Ձեր նշած թվով ներկայություն կունենա:

- Ձեր ասածը կուսակցության ռիսկային որոշման մասին է: Բայց այդ ռիսկին գնացել է կուսակցությունը, նրա ղեկավարը կուսակցական թիմի հետ միասին ստանձնել է դրա պատասխանատվությունը: Մնացյալը հասարակության համար է մարտահրավեր: Իսկ ես հայտնվել եմ ԱԺ-ում ոչ նրա համար, որ ակտիվություն ցուցաբերեմ, այլ որովհետև այդպիսին եմ եղել: Եթե հասարակության ընկալման մեջ թիմն է փոխվում, դա հենց թիմի լուծելիք խնդիրն է: Իսկ ԱԺ-ում իմ հայտնվելու խնդիրն ինձ համար միշտ վերջին տեղում է եղել:

Բայց խորհրդարանում Ձեր չլինելը Ձեզ ճանաչողների ափսոսանքը կարող է հարուցել:

- Հումորով պատասխանեմ. նրանք, ովքեր հակակրանք ունեին իմ հանդեպ, ուրախացան, որ խորհրդարանում ես չեմ լինելու: Բայց հասարակական դաշտում ինձ համակրողները նույնպես ուրախացան, որ ես վերադառնում եմ հասարակական դաշտ: Իհարկե, կա նաև մի խավ, որը համարում է, որ ես հասարակության ձայնը խորհրդարան հասցնողն եմ: Հուսանք` նոր խորհրդարանում նույնպես կգտնվեն այդպիսիները: Դա էլ է մարտահրավեր. ի՞նչ է, հասարակության մեջ մի՞թե միայն մեկ-երկուսն են այդպիսին: Մենք հասարակությունից պետք է բերենք նոր մարդկանց: Բայց ես մտավախություն ունեմ, որ այս թեմայով հետաքրքրությունը գալիս է ոչ թե իմ հանդեպ եղած դրական լիցքերից, այլ այս թեման զարգացնում են` վնաս հասցնելու «Ժառանգությանը»:

- Այնուամենայնիվ, կուսակցության ընտրացուցակում Ձեր ընդգրկվելը փաստում է, որ «Ժառանգության» գաղափարախոսությունը Ձեզ հոգեհարազատ է: Դրանից ելնելով էլ հարցնեմ. նոր խորհրդարանում չլինելու դեպքում կշարունակե՞ք մասնակցությունը կուսակցության աշխատանքներին:

- Իրոք, շնորհակալ եմ հարցի համար: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, ես պետք է հուսամ, որ հինգ տարվա իմ մասնակցությունը նպաստել է, որպեսզի իմ պարագայում որոշ դիրքորոշումներ ավելի ամրապնդվեն, հղկվեն: Թե ինչպիսի՞ն կլինի նոր թիմի նվիրվածությունն այդ խնդիրներին հետամուտ լինելու հարցում, դրանով էլ կպայմանավորվի, թե ես կշարունակե՞մ լինել այն ակտիվ հասարակական խավի ներկայացուցիչը, այսպիսի գաղափարախոսություն կրող և իրականացնող թիմի հենարանը: Ես ցանկանում եմ, որպեսզի «Ժառանգությունը» չշեղվի այն ուղուց, որով արդեն 11 տարի է (իր հիմնադրման և 5 տարի` խորհրդարանական կուսակցություն դառնալու օրվանից) ընթանում է: Մյուսը ասեմ. ես այդպես էլ քաղաքական դաշտում չեմ տեսնում հավասարազոր գաղափարախոսություն ունեցող մի այլ ուժ: Ավելի շուտ, հույսս կապում եմ նոր, հասարակական ակտիվ քաղաքացիական խավի հետ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ