«Նա ձևապաշտ չէ»


Քանդակագործ Դավիթ Բաբայանը (Երևանցին) ծնվել է Երևանում: 1971-ից բնակվում է Փարիզում: Հայ արվեստագետի տաղանդն իր ճանաչումն է գտել ոչ միայն Ֆրանսիայում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, ուր նա արժանացել է մասնագետների բարձր գնահատականին: Ֆրանսահայ քանդակագործը ցուցահանդեսներով ներկայացվել է Հունգարիայում, Ռումինիայում, Չեխոսլովակիայում. Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում: 1986-ին Փարիզի արվեստասեր հասարակայնությանը ներկայացնելով իր պաստառները, գծանկարները, մետաղյա գործերը` Դավիթ Երևանցին հավասարապես գնահատվեց թե° քանդակի, թե° գեղանկարչության ասպարեզում: Նույն թվականին Բելգիայի Սփա քաղաքում նա ցուցադրեց յուղաներկ կտավներ, գուաշով արված գծանկարներ, փայտի և բրոնզե զանազան աշխատանքներ: Այս ցուցահանդեսի առիթով քննադատներից մեկը գրում է. «Դավիթ Երևանցին նուրբ զգայնություն ունեցող արվեստագետ է: Նա ձևապաշտ չէ: Ստեղծագործում է ինքնատիպ ու ամբողջ նրբերանգներով: Նրա բեղուն ստեղծագործական գործունեությունը շատ զորավոր է»: 1987 թ. մասնակցելով Չեխոսլովւսկիայի կառավարության կողմից հայտարարված քանդակագործների մրցանակաբաշխությանը` Դավիթ Երևանցին ներկայացրեց «Ձոն խաղաղության» արձանը, որն արժանացավ առաջին կարգի մրցանակի և տեղադրվեց Լիդիցի քաղաքի Խաղաղության զբոսայգում: Շահելով առաջնությունը` հայ քանդակագործն իրավունք ստացավ զբոսայգու ծառուղին զարդարել նոր քանդակներով: Դավիթ Երևանցին իր աշխատանքներից մեկը նվիրել է ԽՍՀՄ մշակութային ֆոնդին: Քանդակը դրվագված է ոսկով ու պլատինով և կոչվում է «Կինը խաղաղության համար»: Մոսկվայի ԽՍՀՄ մշակութային ֆոնդի վարչության նախագահի տեղակալ Վ. Մյասնիկովն իր ելույթում նշեց նման փաստի կարևորությունը ազգերի մշակութային կապերի ընդլայնման գործում: Ստեղծագործությունը հանձնելով մշակութային ֆոնդին` քանդակագործն իր համեստ ավանդն է ներդնում միջազգային ասպարեզում հայ կերպարվեստի մասսայականացմանը: Դավիթ Երևանցին պատրաստել է նաև հռչակավոր հայ երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված բրոնզյա մեդալը, որն արժանացել է երգչի հավանությանը: Այդ աշխատանքը նա կատարել է Փարիզի դրամահատման պետական հիմնարկության պատվերով: 1988 թ. Դավիթ Երևանցին մշակույթի հայկական ֆոնդին նվիրեց «Հայուհի» բրոնզաձույլ քանդակը, որը տեղադրվեց թատերական հրապարակի ծառուղիներից մեկում: Այն խորհրդանշում է հայ կնոջ հավաքական կերպարը: Ուշագրավ է Չեխոսլովակիայի «Օդեոն» հրատարակչության կողմից լույս ընծայած Դավիթ Երևանցու ստեղծագործություններին նվիրված գունազարդ ալբոմը, ուր պատկերված են քանդակագործի ինչպես գունավոր, այնպես էլ սև-սպիտակ 165 վերատպություններ: Գրքի առաջաբանում ֆրանսերեն, գերմաներեն, չեխերեն և ռուսերեն լեզուներով ներկայացվել է քանդակագործի ստեղծագործական գործունեության ամբողջական բնութագիրը: Քանդակագործի տաղանդի և վառ երևակայության արդյունքում ծնվեցին հայոց երկու մեծերի` Կոմիտասի և Վիլյամ Սարոյանի արձանները:

Ռոբերտ ԴԱՎԹՅԱՆ