ԵԹԵ ՄԵՆՔ ԼՌԵՆՔ, ՔԱՐԵՐԸ ԿԳՈՌԱՆ


Վերջերս ձեռքս ընկավ Հենրի Մորգենթաուի մասին չափազանց հետաքրքիր մի հոդված: Նա 1913-1916 թ.թ. եղել է ԱՄՆ դեսպան Թուրքիայում: Մի գործիչ, մարդ, ով տեսնելով նրանց անմարդկային գործողությունները` փորձել է աջակցել հայությանը, բայց զուր... Հասկանալով, որ ապարդյուն են իր գործողությունները` 1916-ին հրաժարական է տվել և վերադարձել Ամերիկա: Հետո հայկական ջարդերի մասին նա կհրապարակի բազմաթիվ հոդվածներ ու գրքեր: Իր աշխատություններից մեկում Մորգենթաուն հիշատակել է. «Հայերի տեղահանության իսկական նպատակը կողոպուտն ու ոչնչացումն է. դա, իրոք, կոտորածի նոր մեթոդ էր: Նրանք (թուրքերը), փաստորեն, մահվան դատավճիռ էին իրագործում մի ողջ ազգի նկատմամբ»: Մեր ժողովրդի բզկտված կյանքը խաչվեց արնաշաղախ հողին, ողբաձայն ժայռերին: Ականջ խլացնող ճիչը լսվում է պատմական հայրենիքից ու ձգվում մինչև աշխարհի հեռավոր անկյուններ, ուր դեռ ծխում է ծուխը հայրենի, իսկ ոճրագործի ձեռքերին դեռ արյան հետքեր կան: Դարի հրամայականն էր. մեր գլխին ծանրացել է «տառապապաշտ» պիտակը և մեծ սպասումը` մինչև աշխարհը հավատա, ընդունի մեզ բաժին հասած դժբախտութ յունը: Աշխարհասփյուռ ու վտարանդի. այս բնորոշումները դարձան մեզանից անբաժանելի ու հայացած տարրերը: Քաղաքակիրթ ձևով խոսել սկսեցինք` մոռանալով, որ «քաղաքակիրթ» ոճրագործություն չէր եղածը, այլ վայրի-վայրենի սպանդ, խոլական ոճիր: Մեր միակ ու մեծագույն «մեղքը»` հիշողությունը` տարիների կրծքում ծվարած, չընդհատվող աղոթք է դարձել: Եվ այդ մրմունջը չի դադարել գաղթի սարսափը վերապրած հայ ընտանիքում, որ 1915 թ-ին թողեց Տարոնը ու լեռներով փախավ` մազապուրծ եղած խմբերի հետ: Ճակատագրի բերումով միայն Ազնիվ տատը ողջ մնաց: Փրկված մի բուռ հայը անդարձ-անվերադարձ թողեց Էրգիրը, իր հոգում պատառ-պատառ արեց վերադարձի կամուրջները, բռի մեջ ճմլեց վրեժի բոցը և նոր կյանք սկսեց: Նրանց աչքերից վախն էր ծորում: Հազարավորներ չհասցրին մայրանալ... Նոր կյանք սկսեց: Բազմանդամ ընտանիքից միայն ինքը ողջ մնաց: Հարազատների մահն իր աչքերով էր տեսել (պատմում էին Ազնիվ տատի թոռները` Լևիկն ու Գևորգը: Նրանք Երևանում են բնակվում): Մի գիշեր Մուսաբեկ անունով քուրդ առաջնորդի գլխավորությամբ ասկյարները հարձակվել են իրենց գյուղի վրա, բոլորին լցրել մարագները. ոչ ոք չգիտեր` ինչ էր լինելու: Մայրը ոսկեդրամ է տվել մի ասկյարի, որպեսզի ծարավից նվաղած դստերը թույլ տան` գնա ջուր խմելու: Մինչ երկնքի կապույտի ու իրական գորշության խառնաշփոթում 12-ամյա Ազնիվը ծարավը վախվորած կհագեցներ, վերադարձին սահմռկեցուցիչ տեսարան է բացվել նրա առաջ` Այրվում էին… Մարագներն այրել էին, իսկ այնտեղ… Անհասկանալի գոռում-գոչյունները մինչև մահ կեղեքել են հոգին: Հարազատների սրտի զարկերը բաբախել են հոգում£ Մարագներից բարձրացող ծխի քուլաների հետ աղիողորմ ճիչը կախվեց ամպերից. «Չմեռա¯ն նրանք, այլ սպանվեցի¯ն…»: Բոլորս դարձանք հոգով վիրավորներ: Մեր նախնիներն իրենց հայացքներում տարան ջարդերի պատկերները` մեզ մաղթելով խաղաղություն: Հետո գուցե շատերը վանկարկեցին` բավական է անցյալով ապրենք, հարատև թշնամանքը խարխլելու է հարաբերությունները: Այս հարաբերություն ասվածը ծիծաղ առաջացնող լացի է նման: Վերադառնանք Ազնիվ տատի «մանկություն»… Մի հոգատար ձեռք նրան թաքցրել է շամբուտներում, որտեղ պահվել էին զինված գաղթականներ: Մինչ մութը կպատեր հայի արյունով տամկացած երկիրը, թաքնվածները սրտակեղեք տեսարանների ականատես-վկաներն են դարձել: Մթնելուն պես ճանապարհ են ընկել ջոկատ առ ջոկատ` ցերեկվա սարսափը միախառնելով գիշերային խավարին: Ջոկատներում եղած վիրավորներն ու տկարները, չկարողանալով շարունակել ճանապարհը, խնդրել են իրենց սպանել` միայն թե չընկնեին թուրքի ձեռքը£ Ոչ մի հարազատ չուներ` համագյուղացիներից բացի: Գաղթականներն սկզբում Ալեքսանդրապոլում են պատսպարվել: Այստեղ էլ ամուսնացել է բախտակից մի գաղթականի հետ, իսկ 1963 թ. տեղափոխվել են Երևան: Մի օր նրանց հյուրընկալվել է Խաչիկ Դաշտենցը, զրուցել ծերերի հետ: Նրանք պատմել են իրենց դաժան օրերի մասին, իսկ Դաշտենցը համակ լռությամբ լսել է` նրանց, ինչպես հիշում էին թոռները: 1981 թ. մահացել է Ազնիվ տատը: Մազապուրծ եղած մի բուռ հայի ճակատագիր... Մեր լեռներն անգամ մարդեղացան, իրենց քարեղեն սրտում դեռ պահում են հավերժություն, ժամանակի մաղձն են կուլ տվել ու խոժոռադեմ սպասում վրեժի վայրկյանի: Մենք ազգատյաց չե'նք, մեզ դարձրի'ն վրիժառու: Հիշենք Սևակի հայտնի խոսքերը. «… Ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ: Հիմա դժվար է հաշվել մեր կորստի ու շահածի տարբերությունը: Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք… Թույլ տվեք ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա¯տ-շա¯տ-շա¯տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով»:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ