ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԽՈՇՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ


Հարկային բեռի անհավասար բաշխվածության վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքներին ամենայն պատրաստակամությամբ արձագանքեց հենց ինքը` իշխանությունը£ Սենսացիայի փնտրտուքին միտված հրապարակումներում այս վերաբերմունքն, իհարկե, իշխանության ներսում առկա մարող ու բռնկվող ներքին հակամարտությունների շրջանակում է առավելապես դիտարկվում, բայց ակնհայտ է, որ նշանակալին այստեղ բոլորովին էլ առիթից ա°յս ձևով օգտվողների հետապնդած քաղաքական եկամուտը չէ£ Շան գլուխն իրականում բոլորովին այլ տեղում է թաղված. խոշոր բիզնեսը ինչպես ասում են` համը հանում է, կամ եթե մի փոքր էլ մեղմ ձևակերպելու լինենք, ապա սահմանված 58 միլիոն դրամի շեմը գերազանցող տնտեսվարողներն ավելի դանդաղ են հարկային դաշտ վերադառնում£ Նման պայմաններում պարզ է, որ եթե ավելի գործնական ու կտրուկ քայլեր չնախաձեռնվեն, ապա «խոշորների վերադարձը» հավանաբար այդպես էլ աննկատ կմնա` թույլ չտալով երբևէ շոշափելի արդյունքներ արձանագրել£ Հետևաբար, նախաձեռնողականությունը, որն արդեն երկրորդ անգամ ու շատ ավելի կոնկրետ շեշտադրումներով է դրսևորվում գործադիրի նիստում, միանշանակորեն հետևողականություն ու շարունակականություն է ենթադրում և պահանջում£ Թեև ակնհայտ է նաև, որ միայն խոշոր բիզնեսը խոշորացույցի տակ առնելն ընդամենը գործի կեսը, կամ մի մասը կլինի£ Նույնիսկ Վարչապետի գնահատմամբ` հարկայինի գործերն, ինչպես միշտ, անքննելի են մնում, և կոռուպցիայից չձերբազատվող այս կառույցի աշխատանքներից, ինչպես նախկինում, գոհ լինելու հիմքեր այսօր էլ չկան£ Այդ իսկ պատճառով էլ Պետեկամուտների կոմիտեի վերին օղակներում «իշխանափոխության» խնդիրն այդչափ հրատապ է, և պարզ է, թե ինչու նկատելի արագությամբ հասունանում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը£ Ու այստեղ, բնականաբար, շարունակաբար հրամցվող թվերն ու տոկոսներն առանձնապես համոզիչ չեն, քանի որ, դատելով հենց այդ թվերից ու տոկոսներից, մեր ժամանակների հարկայինը գործում է «պլան կատարելու» խորհրդային սկզբունքով£ Այս առումով «հարկային տեռոր» ձևակերպումը լիարժեքորեն սկսել է տեղավորվել ՊԵԿ գործելաոճի շրջանակներում£ Այլապես անհասկանալի է մնում, թե ինչպես է ստացվել, որ մի քանի անգամ (ոչ թե գոնե մի քանի տոկոսով) մանր ու միջին բիզնեսն ավելի շատ է հարկային ստուգումների ենթարկվել, քան խոշորը... Ընդ որում, գործադիրի ղեկավարը նման տվյալներ ճգնաժամային 2009¬ի վերաբերյալ է հրապարակել£ Ժամանակահատված, երբ ավելի հրատապ էր ոչ այնքան մանր բիզնեսի հարկային պարտավորությունների 100 թե 90 տոկոսանոց կատարման, այլ ավելի շատ դրա լինել¬չլինելու խնդիրը£ Իսկ տնտեսական անհաջողությունների շրջանում փակված հարյուրավոր կազմակերպությունների գործունեության դադարեցման հարցում փաստորեն լրջագույն դերակատարում է ունեցել նաև նույն Պետեկամուտների կոմիտեն£ Ուստիև նման իրավիճակում բարեփոխումների կամ դրանց դանդաղ ընթացքի մասին խոսելն անիմաստ է, քանի որ նախ և առաջ թիրախն է սխալ ընտրված, և գոնե հետայսու ՊԵԿ¬ը պետք է ճիշտ հասցեով գնա£ Ինչպես հայտնի է, մեր հանրապետությունը նույնպես հայտարարել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին, և նման իրավիճակում հայտարարությունը կարող է հարկայինի գլխավոր հաղթաթուղթը դառնալ£ Բայց խնդիրն այն է, թե հատկապես ում հաշվին է ճգնաժամը հաղթահարվել, և ինչ գնով... Խոշոր բիզնեսը, չնայած վճարումների անկմանը, սրանում իր ներդրումն ունեցել է, սակայն խոսքը սոսկ խորհրդանշական մասհանումների, հայեցողաբար փոփոխվող վճարաչափերի մասին չէ£ Ի վերջո, վերջիններիս գործունեությունը եթե ոչ կատարյալ թափանցիկության, ապա գոնե ասվածին շատ մոտ իրավիճակի պետք է հանգի£ Եվ եթե խնդրի մասին ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում է, ու դա ընդամենը ի գիտություն է ընդունվում, և իրականում¬գործնականում տեղաշարժն աննշան է թվում, ուրեմն վերջնագրային մոտեցումն առանց այլընտրանքի է մնում... Այն, որ գործադիրի մոտեցումների թարմացման մեկնարկին բավական բարդ թնթացք է հաջորդելու, գրեթե վեր է կասկածից£ Բայց խնդիրը ոչ թե նման ընթացքից խուսափելն ու աչքի առաջ տեղի ունեցողն անտեսելն է, այլ վերջնականապես պատկերացնելը, որ խնդիրները շրջանցելով ու անտեսելով, միևնույն է, դրանք իրենք իրենց չեն լուծվելու£ Իսկ ընտրված ժամանակահատվածը բավական հարմար է... Նկատենք, որ նման նախաձեռնություն ցուցաբերվում է ճիշտ այն իրողությունից հետո, երբ հանրապետությունը ճգնաժամի հաղթահարման մասին է հայտարարում£ Այսինքն` խոշոր բիզնեսի ստվերից դուրսբերման նախաձեռնությունն էլ իր հերթին կարող է նպաստել տնտեսության վերականգնման փուլի արագ հաղթահարմանը£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ