ՄՈՒՇԸ ՍՐՏՈՒՄ ` ԱՐՑԱԽԻ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ


«Թեպետ մենք փոքր ազգ ենք և թվով սահմանափակ ու հզորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշելու շատ սխրագործություններ են կատարվել»: ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. հիմա նա 49 տարեկան կլիներ, սակայն... Նրա մարտական ընկերները երեկ նշեցին Ջիվանի զոհվելու 19¬րդ տարեդարձը Այն հեռավոր ճակատագրական օրերից անցել է գրեթե երկու տասնամյակ, և յուրաքանչյուր հուլիսի 6-ին, նրա մարտական ընկերները սրտի կանչով այցելում են Եռաբլուր բարձունքում հանգչող իրենց հրամանատարին: Այցելում են մտովի մի անգամ ևս զրուցելու ու հաղորդակցվելու նրա հետ... Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հիշատակի հավերժացման համար Երևանի թիվ 111 միջն. դպրոցը վերանվանվել է նրա անունով: Քարվաճառի նախկին Յանշակ բնակավայրն այժմ կրում է Ջիվանավան անունը, ԼՂՀ Շահումյանի շրջանի Շամփրապտուկ լեռը, որն ականատես եղավ հերոսական եռյակի նահատակմանը, հետագայում վերանվանվեց Ջիվանասար: Բայց նրա գործի անմահության թերևս առավել մեծ, առավել ճիշտ, առավել հզոր հավաստիքն այն է, որ նրա զինակիցներն ու մարտական ընկերները` Աշոտ Սուքիասյանը, Գեղամ Հակոբյանը, Աշոտ Ներսիսյանը ու մյուս բոլորն անխտիր, առ այսօր իրենց համարում են Ջիվանի վաշտի զինվորներ, իսկ իրենց վաշտն էլ` Ջիվանի վաշտ: Պատմահոր այս խոսքերն ասես գրված են այն հայորդիների համար, ովքեր Արցախյան ազատամարտում` անասելի ծանր պայմաններում, պաշտպանեցին մեր սուրբ հողը ոսոխից: Դաժան այդ գոյամարտում հայոց քաջերից շատերը հերոսացան, անմահացան` դառնալով հավերժի ճամփորդներ: Իր կարճ, բայց լիովին իմաստավորված կյանքը ռազմի դաշտում ավարտեց նաև ազատամարտիկ-հրամանատար Ջիվանը` առաջին հայացքից մի պարզ հայ երիտասարդ£ 1991 թ. հուլիսի 21-ին, Արցախի Վերիշեն ավանի մոտ, հակառակորդի հետ տեղի ունեցած կարճ, բայց դաժան մարտում իմացյալ մահվան իր դափնին ընդունեց նաև ՀՀ Հատուկ գնդի հրամանատարներից, այդ նույն գնդի առաջին վաշտի հրամանատար, կապիտան Ջիվան Աբրահամյանը` ապագա հայ ազգային հերոսը: Այդ բարձրագույն կոչումը նրան շնորհվեց հետմահու, 1996 թ. սեպտեմբերի 20-ին` ՀՀ նախագահի հրամանագրով: Ջիվանը Հայաստանի ազգային հերոսի «Հայրենիք» շքանշանի թվով 4¬րդ ասպետն է. նրանից առաջ այդ կոչմանն արժանացել են միայն Վազգեն Ա կաթողիկոսը, Վիկտոր Համբարձումյանը և Ալեք Մանուկյանը: Ջիվան ծնվել է 1961 թ. հուլիսի 6-ին` Երևանում: Զավեն և Բավական Աբրահամյանների ընտանիքի հինգ զավակներից (2 դուստր և 3 որդի) երրորդն էր: Սովորել է Երևանի թիվ 111 միջն. դպրոցում: Մանկության տարիներից նրա միակ նախասիրությունը սպորտն էր` մասնավորապես ազատ ոճի ըմբշամարտը: Միջնակարգն ավարտելուց հետո, 1979-1981 թթ. ծառայել է Խորհրդային բանակում` սկզբում Գերմանիայում, այնուհետև Աֆղանստանում: Աֆղանական պատերազմի բովով անցած Ջիվանը պարգևատրվել է «Արիության համար» խորհրդային մեդալով: Ծառայությունն ավարտելուց հետո մինչև Արցախյան շարժման սկսվելը նա աշխատել է որպես շինարար, որը նրա միակ և շատ սիրած մասնագիտությունն էր: 1988 թ. փետրվարյան փոթորկալից օրերին նա այն քաջերից էր, ով լավ էր գիտակցում, որ Արցախյան շարժումն անխուսափելիորեն հանգեցնելու է զինված պայքարի: Աֆղանցի վետերանը շատ լավ գիտեր, թե ինչ է պատերազմը, բայց նաև գիտեր, որ հայ ժողովրդի համար այնքան ճակատագրական ու վճռորոշ այս պահին Հայաստանի ու Արցախի վտանգված սահմաններն առաջին հերթին իր նման ռազմական հարուստ փորձ ու իմացություն ունեցող խիզախների կարիքն ունեն: 1989թ. նոր-նոր կազմավորվող առաջին կամավորականներից էր նաև Աղասի Արշակյանի ջոկատը, որում Ջիվանն ուներ ակտիվ դերակատարություն, հետագայում նա դառնալու էր այդ ջոկատի հրամանատարը: 1990 թ. խորհրդարանական ընտրություններով սկսվեց 3-րդ հանրապետության ձևավորումը, և գրեթե միաժամանակ ինքնապաշտպանական գործի հիմքը դրվեց: Նորընտիր ԳԽ-ի Պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին հանձնարարեց կազմավորել ռազմական խոշոր միավորում, որը կոչվելու էր ՆԳ նախարարությանն առընթեր Հատուկ գունդ: Վերջինիս ստեղծման մասին կառավարության թիվ 420 որոշումը կայացվեց սեպտեմբերի 13-ին, իսկ երկու օր անց գնդապետ Սերգեյ Առաքելյանը նշանակվեց նոր ստեղծվող գնդի հրամանատար: Սկսվեց կամավորական ջոկատների հոսքը դեպի գունդ. կամավորների թիվն այնքան մեծ էր, որ 5000 դիմողներից ստիպված էին ընտրել մեկ քառորդին` 1250 հոգու: Կար զենքի շատ մեծ պակաս: Փոխարենը` բարոյական ոգին անսահման բարձր էր: Ջիվան Աբրահամյանի և Վաչագան Չիբուխչյանի ջոկատները դարձան այն կորիզը, որի շուրջն էլ հետագայում գնալով կազմավորվեց Հատուկ գունդը: Ջիվանը դարձավ գնդի առաջին վաշտի հրամանատարը: Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի քաղաքական ու հոգևոր բարձրագույն ղեկավարության ներկայությամբ Հատուկ գնդի անձնակազ մը երդում տվեց, և այդ պահից սկսվեց նրա փառավոր մարտական ուղին, որը ձգվեց բազում հարյուրավոր կիլոմետրեր` ՀՀ-ի պետական սահմանների երկայնքով և Արցախյան ռազմաբեմի տարբեր տեղամասերում` Պառավաքարում, Շահումյանում, Ջեբրայիլում, Լաչինում, Քարվաճառում և այլուր: Մարտական այդ ուղին ցողված է ավելի քան 600 նահատակ ազատամարտիկ-զինվորների թանկագին արյունով: Վասն հայրենյաց զոհված Հատուկ գնդեցիների ցանկում Ջիվանն ու իր մարտական ընկերներ Վարդանը, Նիկոլայը կազմում են առաջին եռյակը: 32 վաշտ ունեցող այդ հզոր միավորումը դարձավ այն իրական և գրանիտե հիմնաքարը, որի վրա էլ հետագայում ստեղծվեց Հայկական բանակը£ Հատուկ գնդի և մասնավորապես Ջիվանի վաշտի առաջին լուրջ մարտական քննությունը եղավ տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, որն իրականացվեց խորհրդային զորքերի կողմից 1991թ. ապրիլի 30-մայիս ժամանակահատվածում` ՀՀ սահմանամերձ բնակչությանն ու արցախահայությանը ահաբեկելու համար և դրանով իսկ կոտրելու Արցախյան շարժման թափը: ՀՀ ամբողջ արևելյան սահմանի միակ հատվածում, որտեղ մեզանից արժանի հակահարված ստացավ անչափ ուժեղ հակառակորդը, եղավ Տավուշի շրջանի Պառավաքար գյուղը, որի մատույցներում, Հատուկ գնդի երկու վաշտերը` Ջիվանինը և Սուրեն Կարապետյանի հետախուզականը, ինչպես նաև տեղում նրանց միացած Ջանիկի «Արցախ» վաշտը, բազմահմուտ հրետանավոր, փոխգնդապետ Դնեպրիկ Բաղդասարյանի ընդհանուր հրամանատարությամբ, մայիսի 6-ին հանկարծակի կանխիչ հարված հասցրեցին ագրեսորի դեր ստանձնած խորհրդային զորքին: Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում հակառակորդը չկարողացավ խուժել մեր տարածք: Մինչ այդ օպերացիան, վաշտը մարտնչել էր Կոռնիձորում, Երասխավանում, Ղափանի, Շամշադինի, Իջևանի շրջաններում: Պառավաքարից հետո, 1991թ. հուլիսին վաշտն օդով տեղափոխվեց Արցախի Շահումյանի շրջան: Գետաշենի ենթաշրջանի անկումից հետո հակառակորդը պատրաստվում էր հայաթափել նաև Արցախի հյուսիսային դարպասը հանդիսացող Շահումյանի շրջանը: Այստեղ արդեն պետք էր լկտիացած թշնամուն հակահարված տալ: Առաջին վաշտը համալրեց տեղի հայկական ինքնապաշտ պանական ուժերը, բայց հակառակորդը դեռևս ուներ կենդանի ուժի և սպառազինության հսկայական գերակշռություն: 1991 թ. հուլիսի 15-18-ը, Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ հայկական գյուղերը գրավվեցին հարձակման անցած խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից (Կիրովաբադի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի դեսանտագրոհային գունդ, Ռոստովի դեսանտագրոհային գումարտակ և այլ ուժեր): Հայկական կողմից մարտնչում էին նշված գյուղերի ինքնապաշտպանական ջոկատները, Հատուկ գնդի 1-ին և Քասախի վաշտերը, ինչպես նաև «Ազատագրական բանակ» զորաջոկատը` Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ: Թշնամին իր հաղթանակի համար թանկ վճարեց` 72 սպանված զինվոր և ՕՄՕՆ-ական, ինչպես նաև 3 միավոր զրահատեխնիկայի կորուստ: Հայկական ուժերը ստիպված եղան նահանջել դեպի Վերիշեն: Հիշյալ գյուղերի անկումից անմիջապես հետո, հուլիսի 19-ին, Շամփրապտուկ լեռան մոտ տեղի ունեցավ լուրջ բախում հակառակորդի հետ, որն այդ մարտում կորցրեց ևս 40 հոգի: Մեկ օր անց, հուլիսի 21-ի վաղ առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Վերիշենի ուղղությամբ: Հարձակման ավանգարդում շարժվում էր թշնամու զրահատեխնիկայի շարասյունը: Այն պետք էր կանգնեցնել ամեն գնով… Զինվելով նռնականետով և իր հետ վերցնելով իր երկու մարտական ընկերներին` Վարդանին ու Նիկոլային, Ջիվան Աբրահամյանը դիրքավորվեց Վերիշեն տանող ճանապարհին` շարժվող շարասյան դիմաց: Ողջ մնալու հավանականությունը շատ քիչ էր, չնչին, բայց որոշումն արդեն կայացված էր: Առաջին զրահամեքենային բաց թողնելով (նրան պետք է «դիմավորեր» պաշտպանության խորքում դիրքավորված իր վաշտը), Ջիվանը դիպուկ կրակոցով ոչնչացրեց երկրորդ զրահամեքենան: Հետևեցին պատասխան գնդացրային կրակոցները, և մեկը մյուսի հետևից ընկան խոցված հայ քաջերը: Խորքում դիրքավորված մարտին ականատես ազատամարտիկներն ասում են, որ Ջիվանը զոհվեց ամենավերջում և կարող էր երևի թե փրկվել` ցատկելով մոտակա փոսը, բայց չուզեց… Կորցնելով մեկ միավոր զրահատեխնիկա և վախենալով կորցնել նաև մյուսները, հակառակորդի զրահատանկային շարասյունը կանգ առավ, ապա ետ շրջվեց: Վերինշենի` Շահումյանի շրջանի ամենամեծ բնակավայրի վրա ձեռնարկված հարձակումը ձախողվեց: Հետագայում անցնելով հակահարձակման, հայկական ուժերն ազատագրեցին Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբը և ամուր պահեցին դիրքերը մինչև 1992թ. ճակատագրական հունիսը: *** Բանակի ողնաշարը նրա սպայակազմն է: Ինչպիսին սպաներն են, այնպիսին էլ բանակն է: Կապիտան Ջիվան Աբրահամյանը այն քչերից էր, որոնց համար «Արա այնպես, ինչպես ես» բանակային ոսկե կանոնը ոչ թե լոկ գեղեցիկ ձևակերպում էր, այլ ոգի, ապրելու ու հարկ եղած դեպքում նաև մեռնելու կերպ: Նա ու իրեն արժանի մարտական երկու ընկերները զոհվեցին նվիրական նպատակի ու գաղափարի համար` այն է ազատագրել արցախյան հողը, վերականգնել պատմական արդարությունը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում: Ծննդով երևանցի, բայց արմատներով ու արյամբ մշեցի, ընդամենը 30 տարին նոր բոլորած Ջիվանը, երևի թե վերջին ակնթարթին ափսոսանքով մտածել էր, թե չկարողացավ, չհասցրեց կռվել իր պապենական Մշո Դուրանի ազատագրման համար: Երևի մտածել է, ի՞նչ իմանաս…

Արևիկ ԳԱՓՈՅԱՆ