Անկախության գինը


Պետական մտածողությամբ և հավաքական շահի գիտակցությամբ օժտված մի խումբ անհատներ, ոգևորված ժողովրդի միասնականությամբ, տեր կանգնեցին նրա պահանջատիրությանը` առաջնորդելով նրան դեպի նպատակի իրականացում: Վաղուց սպասված Անկախությունը նվաճվեց` թեև մեծ զոհաբերությունների ու զոհերի գնով: Եվ այն իրողություն դարձավ: Բայց կարծում եք հե՞շտ էր կառավարել անկառավարելին: Բնականաբար, շեղումներն անխուսափելի էին,- ասում է Անկախության կնքահայրերից մեկը` ԱԺՄ նախագահ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: - Ղարաբաղյան շարժման սկզբին մարդիկ պատրաստ չէին և նույնիսկ վախենում էին, անկախության հանդեպ մեր ժողովրդի ձգտումը բավական նվազ էր, քանի որ Թուրքիայի կողմից սպառնացող վտանգի հանդեպ առկա էր վախը: Սակայն հասունացող դեպքերի հորձանուտում ժողովուրդն աստիճանաբար հակվեց այդ գաղափարին: Կայսրության փլուզումն անխուսափելի էր, սակայն մեր մտահոգությունն այլ էր` եթե պիտի քանդվի կայսրությունը, ապա այնպես անել, որպեսզի այն մեր գլխին չքանդվի: - Այդ տարիներին Դուք և առհասարակ «Ղարաբաղ» կոմիտեն մեծ հեղինակություն էիք վայելում, քանի որ Ձեզ հաջողվում էր լուծել այն ժամանակների հրամայականը դարձած շատ խնդիրներ: Սակայն Ձեր վարչապետության օրոք սկիզբ առած հողի և պետական ունեցվածքի սեփականաշնորհումը նաև ալան-թալանը սկզբնավորեցին, խորացրին կոռուպցիան: Շատերի համար իշխանությունը դարձավ փող դիզելու միջոց և ազդեցություն: Այդ ամենը ժողովրդի մեջ առաջացրեց խորը հիասթափություն: - Այդ ժամանակ Խորհրդային Միության ողջ տարածքում սեփականաշնորհումը լայն թափ էր ստացել: Մենք չէինք կարող զերծ մնալ դրանից: Ճիշտ է, ամեն ինչ չէր, որ հարթ ընթացավ, սեփականաշնորհումը հետագայում վերաճեց թալանի: Այսօր նրանք, ովքեր խոսում են մասնավոր սեփականության դեմ, մոռանում են, թե իրենք ինչպես էին երազում այդ մասին: - Այսինքն, Դուք` շարժման ղեկավարներդ, ձգտում էիք իշխանության, որպեսզի վայելեք այն, ինչից տասնամյակներ զրկված էիք: - Շարժման տղաները չգիտեին, որ գալու են իշխանության: Անկախության առաջին տարում, երբ իշխանությունն արդեն մեր ձեռքում էր, նրանք դժգոհում էին, ասելով, թե «դու հիմա պետություն ես կառուցում, ուր անպայման հարուստներ կլինեն: Ինչ է, մենք աղքատ ենք մնալու, ուրիշնե՞րը հարստանան»: Որպես վարչապետ իմ պատասխանը մեկն էր. սպասեք, երկիրը կառուցենք, հետո ով ինչով ուզում է, թող զբաղվի: Չեմ ժխտում, որոշ մարդկանց մոտ չտեսություն կար, դա էլ բնական էր: 1-2 տարի անց սեփականության գայթակղությունը շատերին մղեց զոռբայության: Սեփականաշնորհումն իրականացնողներն սկսեցին անտեսել օրենքը, մտածելով, որ եթե բաժանում են, վատ չէր լինի իրենք էլ օգտվեին: Աստիճանաբար իշխանությունը կոռումպացվեց, սկսեցին ձևավորվել կրիմինալ տարրեր: Պետության և ժողովրդի միջև առաջացավ անջրպետ, որը գնալով ավելի խորացավ, և եղավ այն, ինչ կա այսօր: - Փաստորեն, կոռուպցիան սկսվեց սեփականաշնորհումից: Իսկ այսօր, ըստ Ձեզ, ո՞րն է Հայաստանում ամենախոցելի ոլորտը: - Հայաստանը նկարագրելիս առաջին երեք տեղերը կհատկացնեի կոռուպցիային, ինչն այսօր ֆունդամենտալ դեր է կատարում: Թեև հիմնականում նշվում են կրթության և առողջապահության ոլորտները, սակայն արմատն այստեղ չպետք է որոնել: Եթե մի կարգին իշխանություն ունենանք, իրավիճակը լիովին կփոխվի: Նայեք այսօրվա նախարարներին, նրանցից ոչ ոք քաղաքական դպրոց չի անցել, կողքից բերված նշանակովի մարդիկ են, մինչդեռ քաղաքականության մեջ մարդկանց առաջ ճանապարհները փակ են: - Դուք Ձե՞զ նկատի ունեք: - Դե, ինչո՞ւ միայն ինձ: -Լինելով անկախության հիմնադիրներից մեկը, Դուք այն լիովին կայացած համարո՞ւմ եք: - Դեռ 1960-ականներից երազել եմ անկախության մասին, սակայն հույս չեմ ունեցել, թե իմ կենդանության օրոք այն կիրականանա, ուստի փորձում էի այդ գաղափարը փոխանցել սերունդներին: Սակայն ճակատագրի կամոք ոչ միայն ականատես եղա, այլև դարձա այն իրականացնողներից մեկը: Այսօրվա անկախությունն, ավաղ, հեռու է իմ պատկերացումներից, այն դեռևս կայացած չէ, բայց, կարծում եմ, դառը պտուղները կարելի է փոխարինել քաղցրերով: - Այսինքն, Դուք գտնում եք, որ անկախության իրական կայացումը պայմանավորված է անձո՞վ: - ԱՄՆ նախկին դեսպանի հետ մի զրույցի ժամանակ ասացի, որ մեծ բախտավորություն էր իրենց համար ունենալ Ջ. Վաշինգտոնի պես նախագահ, ում ջանքերով դրված անկախության հիմքերն առ այսօր էլ ամուր են և զարգացում են ապրում, անկախ թե ով է նախագահը: Սակայն դեսպանը կարևորեց նախագահի անձը, ասելով, թե ի տարբերություն Բուշի, Քլինթոնը չէր պատերազմի Իրաքի դեմ: Անձը պետք է ստեղծի համակարգ, որպեսզի իրավահաջորդը կարողանա ճիշտ կառավարել երկիրը: Սակագների բարձրացո՞ւմ, թե՞ կողոպուտ հունական ձևով... «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նոր որոշումը, ըստ որի ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն ների սակագների վերանայման հայտով, զարմանքն ու զայրույթն է հարուցել առանց այն էլ բազմաթիվ խնդիրներից հոգնած ժողովրդի: Համաձայն այս որոշման` նախատեսվում է հեռախոսավարձերի թանկացում. քաղաքացիների համար բաժանորդային վարձը նախատեսել են բարձրացնել 2,5-3 անգամ` գործող 1100 դրամից` 3000 դրամ, միաժամանակ նվազեցնելով անվճար րոպեների քանակը` գործող 360-ից դարձնելով 280 րոպե: Նախատեսվում է բարձրացնել նաև նոր բաժանորդների ցանցին միացման վճարը` 24000 դրամ` 12000-ի փոխարեն: Բարձրացումներ կլինեն նաև ամրագրված կապի րոպեավճարի և ինտերնետի հասանելիության րոպեավճարի համար. առաջինի դեպքում 5 դրամը դարձնելով մեկ րոպեն` 6 դրամ, իսկ երկրորդի դեպքում 1 դրամը դարձնելով րոպեն 2,4 դրամ: Որպեսզի ժողովրդի գլխին լցվող ջուրը շատ եռման չլինի, «հովանը» դարձրել են միջազգային, միջքաղաքային զանգերի սակագների իջեցումը: Զայրույթը զայրույթ, իսկ զարմանքը թերևս այն պատճառով, որ աշխարհում ընդունված է սակագների աստիճանական նվազում, իսկ այստեղ..., կամ ո՞ւմ համար է սակագների բարձրացումը, եթե «ԱրմենՏել»-ի օրակարգում դրված է նրա վաճառքի հարցը, և եթե առանց այդ էլ այն ունի մեծ շահութաբերություն... Սրա ենթատեքստը բացահայտել են Արշակ Սադոյանն ու նրա գաղափարակիցները (այս դեպքում պիտի առանձնացնել «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» ՀԿ-ին)` հիմք ընդունելով «հավաստի» աղբյուրները. ըստ նրանց` սակագների աճը ձեռնտու է նոր բաժնետերերին` ամենահավանական թեկնածու ռուսական կազմակերպությանը, որը պատրաստ չէ վճարել այնքան, ինչքան մյուսները (արաբական կազմակերպությունը): Եվ այդ իսկ պատճառով գնել կհամաձայնի միայն այն դեպքում, եթե կարողանա մեկ տարում ետ ստանալ նախատեսվածից ավելի վճարված գումարը...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ