Օրակարգում միայն սոցիալական խնդիրներ են


Ինչպես և ենթադրվում էր, սեպտեմբերը հիրավի ներքաղաքական թեժ պայքարի շրջան է, որի շրջապտույտում հայտնվել է նաև երկամյա պատմություն ունեցող «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը: Շուրջ 2500 ազատամարտիկի միավորող կուսակցության արտահերթ համագումարի օրակարգում 2 կարևորագույն խնդիր էր` ա) ազատամարտիկի ունեցվածքի (բնակարան, հողատարածք) սեփականաշնորհումը, բ) առաջարկել ՀՀ կառավարությանը` սահմանամերձ գյուղերի բնակչությանն ազատել հարկերից, ինչը կկանխի գյուղաբնակների արտագաղթը: Կուսակցության նախագահ Վաչագան Չիբուխչյանը քաղաքական դաշտ կուսակցության մուտքը հիմնավորում է հենց այդ խնդիրների հրատապությամբ: Իսկ ինչո՞ւ հատկապես աշնանը: - Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 20-ին, հայկական բանակի հիմնադրման օրը (1990 թ.), հանրապետության մարզերից հավաքված ազատամարտիկներն իրենց այցելությամբ հարգում են Եռաբլուրում հանգչող քաջերի հիշատակը: Մեր կուսակցությունը քաղաքական հեռահար նպատակներ չունի,- մեր հարցի ենթատեքստն ըմբռնելով, պատասխանում է Վ. Չիբուխչյանը: Իսկ այն հարցին, թե մտադի՞ր են համագործակցել դարձյալ ազատամարտիկների հիմնախնդիրներով մտահոգ «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցության հետ, Վաչագան Չիբուխչյանը չթաքցրեց, որ իրազեկ չէ նրանց գործունեությանն ու ծրագրերին, թեև չբացառեց նաև իրենց համագումարին նրանց հրավիրելու ցանկությունը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ