ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ


Ընթերցասեր հասարակայնությունն արդեն կարող է իր գրադարանում ունենալ «Զորավարը» գիրքը, որը համառոտ ներկայացնում է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կյանքն ու գործունեությունը, նրա մասին Արցախի եւ Հայաստանի զինվորական, քաղաքական գործիչների, մտավորականների, մարտընկերների, հասարակ մարդկանց կարծիքներն ու մտորումները: «Զորավարը» գիրքը փորձ է հասարակությանը ներկայացնելու մեր օրերի ամենակարկառուն զինվորականին, ով իր մարտական կենսագրությունն սկսել է կամավորականից, առաջնորդել էջմիածնի երկրապահ ջոկատին, կամավորական գումարտակին, այնուհետեւ Արցախյան պատերազմի ամենածանր ու ճակատագրական պահին ղեկավարել 5-րդ մոտոհրաձգային բրիգադը եւ հասել զորավարի համբավին` հաջողություններ ու նվաճումներ արձանագրելով հայոց զինուժի պատմության մեջ: Ողբերգական հոկտեմբերի 27-ից և սպարապետ Վազգեն Սարգսյանի կորստից հետո հանրապետության երկրապահներն առանց վարանելու իրենց առաջնորդ ընտրեցին Մանվել Գրիգորյանին և չսխալվեցին, որովհետեւ պատերազմի ամենածանր օրերին Մանվել Գրիգորյան անհատն իր մեջ ուժ ու կամք գտավ` առաջնորդելու երկրապահական խրոխտ ջոկատներից կազմված բրիգադը, որը, նաեւ շնորհիվ նրա ճկուն հրամանատարության, բեկում մտցրեց պատերազմի մեջ: Տարիների ընթացքում ԵԿՄ-ն որպես ազգային հզոր հասարակական կազմակերպություն, լինելով սպարապետ Վազգեն Սարգսյանի գաղափարախոսության ու սկզբունքների տեր, երբեք չտատանվեց իր բուն առաքելության մեջ և մնաց հայրենի պետության հզորացման ջատագովն ու հայոց բանակի ռեզերվը, նաև շնորհիվ գեներալ_ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պետականամետ գործունեության: Գիրքն այս մասին է և հարուստ է զորավարի գործունեությունը ներկայացնող լուսանկարներով: Գրքի հեղինակն է ԵԿՄ վարչության քարոզչության բաժնի պետ Հակոբ Հակոբյանը: Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ