ներկուսակցական բախումներ


Մաղթում ենք` Ողջախոհությունը թող հաղթի Վերջերս տեղի ունեցած ՍԻՄ համագումարում ծավալված հայտնի իրադարձությունները, կուսակցության ներսում կատարվածը հասարակության մեջ ասոցացվեցին աշնանային քաղաքական թեժացումների հետ: Սակայն, ինչպես հետագա օրերին պարզաբանեցին կուսակցության նախագահն ու փոխնախագահը, կատարվածը բոլորովին էլ թիմային փոփոխությունների շրջանակներում չէ: Պարզապես պահը հասունացել էր, լցվել էր Հրանտ Խաչատրյանի համբերության բաժակը: Հրանտ Խաչատրյան. Սկզբից ևեթ ասեմ, որ հեղաշրջման մտադրություն չի եղել, բայց իշխանությունը նա վաղուց էր իր ձեռքը վերցրել: Գործընթացը ամիսներ է տևել: Եղել է դերերի բաժանում, գործառույթների բաշխում է կատարվել: Եվ ամեն ինչ` կանոնադրության համաձայն: Ահա թե ինչու այդ առումով` կանոնադրական, ես որևէ վեճի չեմ բռնվի: Իմ հիմնական գործառույթը ներկայացուցչական է, որը եղել է թափանցիկ: Ես ինձ վրա եմ վերցրել կուսակցության, ընդհանրապես` մարդու բարոյա-էթիկական նորմերը բարձր պահելու խնդիրը և այժմ էլ դա եմ շեշտադրում: Իհարկե, կան կանոնադրական խախտումներ, որոնք ես չեմ պատրաստվում բացահայտել: Պարզվում է, որ դրանք միայն դրսի համար չեն, կուսակցության ներսում կանոնադրական հնարքներով ոչ միայն կարելի է պաշտպանվել, այլև հարձակվել: Մի քանի ամիս շարունակ միջին օղակների միջոցով կազմակերպվել է հեղաշրջում` կուսակցության ղեկավար կազմից մի քանի քաղաքական դեմքեր հանելու-«յուրացնելու» ուղղությամբ: Եվ մարդիկ, չկարողանալով կողմնորոշվել` Հրանտ Խաչատրյան, թե Հայկ Բաբուխանյան, ներքաշվել են այդ խաղի մեջ: Ես հեղաշրջումների տեսությունը լավ գիտեմ. սա դասական հեղաշրջում է, և բոլորին հավասարաչափ մեղադրելն այս դեպքում ճիշտ չէ: Ես նույնիսկ փորձում եմ Բաբուխան յանից հեռացնել այդ մեղադրանքը` նկատի ունենալով այն վիճակը, որի մեջ նա հայտնվել է: Նա հիմա հայտնվել է անկյունում, իսկ որևէ մեկին չի կարելի անկյունում դնել: Կցանկանայի, որ դա եղած լիներ նրա անձնական նախաձեռնությամբ, որ դա պայմանավորված լիներ նրա` չափից ավելի աշխատասիրությամբ, ձգտումներով: Ինքնագնահատա կանի կորուստ է եղել, իր շրջապատում հավաքել է մարդկանց, ովքեր շատ փոքր հովանավորչության դիմաց կարող էին շողոքորթել: Կցանկանայի, որ այդ տարբերակը հաստատվեր: Բազմիցս ասել եմ ու կրկնում եմ` հաշվետու մասով կրիմինալ չի եղել. բանկային հաշիվները ստորագրել ենք ես և գլխավոր հաշվապահը, բայց դրանից հետո բանկային գումարը դառնում է կանխիկ գումար, որի համար պատասխանատու է գլխավոր հաշվապահը: Այն նույն հաշվապահը, որը ոչ թե պատճառ է, այլ առիթ է դարձել այս ներկուսակ ցական սկանդալների, այսօր բոլորից շատ կողմ ձայներ ստանալով` հայտնվել է Բաբուխանյանի ԳԿՉՊ-ի կազմում: Եվ վերջինս այսօր պատրաստ է նրան, այսպես ասած, զոհ մատուցելու գնով փրկել իր կատարած հեղաշրջումը: Հայկ Բաբուխանյանին ես շանս տվեցի հետ կանգնել կուսակցությունն ու ինքն իրեն վարկաբեկելու ճանապարհից: Նա չպետք է փորձի սխալը սխալով ծածկելու, զրպարտությունների, շանտաժի, ահաբեկելու գնով միջամտել կուսակցության կառավարմանը: Ես գրեթե ամեն օր խոսել եմ յուրաքանչյուրի հետ, առաջարկել անկեղծ լինել, զգուշացրել եմ, որ ցանկալի չէ հասնել այնտեղ, որ ես ստիպված լինեմ այս ամենին հասու դարձնել հասարակությանը: Փորձել են ժխտել, սակայն իմ փորձն ու ճանաչողությունը ինձ թույլ են տվել համոզվել իրողության մեջ: Ես գիտեմ նաև Բաբուխանյանի պատվախնդրության չափը. նա հրաժարական չի տա: Սակայն գտնում եմ, որ կուսակցության հեղինակության դեմ ոտնձգությունն անպատիժ չպիտի մնա: Ուզում եմ անդամության ժամանակավոր կասեցումը ներկայացնել հանրությանը որպես պատիժ, որպեսզի հասարակությանը հայտնի լինի, որ ՍԻՄ կուսակցության ներսում, քանի այն գոյություն ունի, որևէ անազնիվ արարք անպատիժ չի մնալու: Անպատժելիությունը մեր երկրի կործանման հիմնական պատճառներից է, և մեր կուսակցության մեջ տեղ չպետք է գտնի: Իսկ եթե այստեղ ժամանակավորապես հաղթելու է անպատժելիությունը, ապա կուսակցությունը չի կրելու «Սահմանադրական իրավունք» անունը: Հայկ Բաբուխանյան. Ինձ ներկայացված մեղադրանքը` հեղաշրջում կազմակերպելու մասին, մերկապարանոց է, զուրկ է որևէ հիմքից: Ուզում եմ նշել, որ Հրանտ Խաչատրյանը կուսակցության նախագահ է վերընտրվել իմ առաջարկով, իմ թեկնածությունը հանելով: Սա՞ է հեղաշրջումը: Ի՞նչ հեղաշրջման մասին կարող է խոսք լինել, եթե համագումարն անցել է կանոնադրության համաձայն: Ինչո՞ւ էր հարկավոր կասեցնել իմ անդամությունը կուսակցությանը: Որպեսզի ես չվերընտրվեմ կուսակցության փոխնախագահ: Այս առաջարկը ընդամենը 16 կողմ ձայն ստացավ: Եվ երևի թե Հրանտ Խաչատրյանի համար խնդիր էր իր ոչ բոլոր առաջարկների ընդունելի լինելը: Չեմ կարծում, որ կուսակցությունը որևէ մեկի սեփականությունն է, և կուսակցության անդամները որևէ մեկի կամակատարը պետք է լինեն: Իսկ եթե հեղաշրջում, ապա 2003-ին կուսակցության ներսում նման փորձ եղել է, երբ նախագահության չորս անդամներ որոշում կայացրին, որ պետք չէ համագումար հրավիրել, նիստեր գումարել, որ հարկավոր է սառեցնել մարզային կառույցների գործունեությունը: Կուսակցությունը սառեցրել էր իր գործունեությունը, մարդիկ ուզուրպացրել էին կուսակցությունը, դարձրել իրենց սեփականությունը: Այս ընթացքում խախտվել են կանոնադրական երկու տասնյակ կետեր: Այս համագումարը հրավիրվել է իմ պահանջով, և ինձ միացել է ակտիվը: Համագումարից 10 ժամ առաջ ինձ հրավիրել են արտակարգ կոչված նիստի, որտեղ որոշում է կայացվել կասեցնել իմ անդամությունը: Գործելակերպ, որից ստալինյան ժամանակների հոտ է գալիս: Ինձնից պահանջել են նախագահության կազմում այս ու այն անձանց ընտրվելու երաշխիքներ: Բնականաբար, ես չէի կարող նման երաշխիք տալ, որովհետև այդ ընտրությունը պիտի կատարեին պատվիրակները: Ես թեև դեմ էի որոշ անձանց ընտրվելուն, սակայն համաձայնեցի իմ ելույթում չբարձրաձայնել, որ կուսակցության ներսում իրենց պատճառով են սկսվել քնայքայիչ գործողությունները: Սակայն, ինչպես երևում է, ինձնից այլ երաշխիքներ էին պահանջվում, փորձում էին բռնանալ իմ կամքի վրա: Հրանտ Խաչատրյանն ընտրվել է կուսակցության նախագահ և ամենալայն հնարավորություններ ունի ղեկավարելու այն: Հարց է առաջանում` ինչո՞ւ եմ ես իրեն խանգարում 3 ամսով: Նպատակը, կրկնում եմ, ինձ կուսակցությունից հեռացնելն է, իսկ իմ հեռանալու դեպքում կուսակցության 99 տոկոսը չի պահպանվի: Չի պահպանվի նաև «Իրավունք» թերթի խմբագրակազմը, որի մեծ մասը ինձ աջակցել է և նորընտիր նախագահության անդամ է: Այսինքն` բուն խնդիրը կուսակցությունն ու թերթը քայքայելն է: «Իրավունք»-ից ինձ հեռացնելու պահանջ-պատվերը նոր չէ: Դեռ 99-ին հոկտեմբերի 27-ի գործով ինձ մեղադրելը այդ նույն նպատակն ուներ: Այդ նպատակն ուներ 2003-ին իմ դեմ կազմակերպված մահափորձը: Չեմ ուզում մեկնաբանել, թե ում դրդմամբ է կրկին փորձ արվում կյանքի կոչել այս պահանջը, բայց իշխանավորներին չեմ ուրախացնի և հրաժարական չեմ տա: Առավելևս, դրա համար ոչ մի պատճառ չեմ տեսնում: Երկուշաբթի օրը հրավիրել ենք նախագահության նիստ, որտեղ Հրանտ Խաչատրյանը փաստերին ծանոթանալով, ներողություն է խնդրել և ճանաչել ընտրությունների արդյունքները: Ճանաչել է, բայց չի ընդունում, այսինքն, որպես անձ չի ուզում մեզ հետ աշխատել: Իսկ առայժմ մեր դեմ դիվերսիա են սկսել, սպառնալիքներ են հնչում: Այս պահին անջատված է խմբագրության ինտերնետային կապը: Ստիպված ենք աշխատել և° դրսի ուժերի, և° ներքին ճնշումների դեմ պայքարելով:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ