Խառնաշփոթից ծնունդ առնող ներքաղաքական լարումներ


Բավական տևական ժամանակ է, ինչ ժողովուրդն անմասն է քաղաքական գործընթացներից: Ընդդիմությունը կարծես չի էլ պատրաստվում վերսկսել հանրահավաքային շարժումը, ամենայն հավանականությամբ մտավախություն ունենալով կրկին ձախողվել` հանդիպելով ժողովրդի պասիվությանն ու անտարբերությանը: Հենց այդ հանգամանքն էլ ստեղծում է խաբուսիկ տպավորություն, թե Հայաստանի քաղաքական կյանքում ամեն ինչ ընթանում է խաղաղ ու հանդարտ հունով: Իրականում ներքաղաքական մթնոլորտի սրացումները առկա են, և դրանց է°լ ավելի խորացման միտումներ են դրսևորվում: Պարզապես Հայաստանի քաղաքական կյանքի առանձնահատկությունն այն է, որ թեժացման ու լարման հեռանկարներն ի հայտ են գալիս որպես անորոշության և խառնաշփոթութի արդյունք ու հետևանք: Թե° իշխանական, թե° ընդդիմադիր ճամբարներում հաճախակի և պարբերականորեն ստեղծվում է մի իրավիճակ, որն այլ կերպ չես բնութագրի, քան ժողովրդական հայտնի ասույթով ` «Շունը տիրոջը չի ճանաչում»: Մինչ ընդդիմադիր գրեթե բոլոր թերթերը ամեն Աստծո օր թմբկահարում են ՀՀԿ-ԲՀ մրցակցության և հնարավոր առճակատման թեման, ենթատեքստում նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակամարտությունը, նորաթուխ մեկ այլ ընդդիմադիր ուժի` ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանը առարկություն չունեցող շեշտերով հավաստում է, որ վերջիններիս միջև չկան տարաձայնություններ: «Երեք տարի ես ԱԺ նախագահ եմ եղել, և բնական է, ինքս էլ որոշակի ինֆորմացիա ունեմ: Հիշյալ երեք տարիներին շփվել եմ և° Սերժ Սարգսյանի, և° Ռոբերտ Քոչարյանի հետ ու ասում եմ` տարաձայնություններ նրանց միջև ուղղակի գոյություն չունեն»: Իսկ այն հակադարձումին, թե Պաշտպանության նախարարը ՀՀ նախագահ դառնալու հավակնություն ունի, Ա. Բաղդասարյանը արձագանքում է. «Իհարկե, ունի: Բայց այդ պարագայում նրան ինչո՞վ է խանգարում Ռոբերտ Քոչարյանը: Ոչնչով: Ավելին, վերջինս աջակցեց, որպեսզի հզորանա ՀՀԿ-ն, որպեսզի մեծահարուստ և ազդեցիկ որոշ պատգամավորներ, ովքեր չէին հարել որևէ կուսակցության, համալրեն ՀՀԿ շարքերը: Այդ ամենը կատարվել է Հանրապետության նախագահի առնվազն գիտությամբ և թույլտվությամբ»: Ընդունենք, որ ասվածը լիովին համապատասխանում է իրականությանը: Սակայն ԱԺ նախկին նախագահը, առանց խորքային դրդապաճառների, ձեռնպահ կմնար նման «բացահայտումներ» անելուց: Այնքան էլ դժվար չէ գտնել, թե «որտեղ է թաղված շան գլուխը»: Արթուր Բաղդասարյանը փորձում է մեկ գնդակով երկու թիրախ խոցել, հիասթափեցնելով միանգամից թե° ՀՀԿ, թե° ԲՀ համակիրներին: Այս խորամանկ քայլի էությունը հասկանալու համար նախ պետք է պարզաբանել, թե ժողովուրդը ավելի շատ հակված է նույնացնելո՞ւ, թե՞ իրար հակադրելու ՀՀ նախագահին և Պաշտպանության նախարարին: Նույնացնողների քանակը, իհարկե, քիչ չէ, բայց մի ստվար զանգված էլ Ս. Սարգսյանին համարում է որպես Ռ. Քոչարյանի այլընտրանք: Ահա հենց այդ ստվար զանգվածին ՀՀԿ-ի հետ միասին «չեզոքացնելու» խնդիր է հետապնդում ՕԵԿ ղեկավարը: Խոստովանենք, որ հեռուն միտված քայլ է, հստակ հաշվարկված: Մենք առիթ ունեցել ենք ընդգծելու, որ վերոնշյալ անձանց միջև տարաձայնությունների իսպառ բացակայությունը նույնիսկ տեսականորեն բացառվում է: Այլ հարց է, որ այդ տարաձայնությունները միգուցե խորն ու սկզբունքային չեն: Ինչևէ: ՕԵԿ-ը ամբողջովին ձեռնամուխ է եղել ընդդիմադրի իր գործառույթներին, որում սեփական կուսակցությունը գովերգելուց բացի էական տեղ է զբաղեցնում մրցակիցներին վարկաբեկելը: Դրա վառ ապացույցն է նաև այն, որ ՕԵԿ-ը առանց երկմտելու միացավ, այսպես կոչված, հակակրիմինալ շարժմանը` խոստանալով «Մտավորականների ֆորումի» պատրաստած կոմպրոմատները հարստացնել սեփական «հավաքածուով»: Ինչ վերաբերում է մոտ երկու տասնյակ կուսակցություններ ընդգրկող հակակրիմինալ շարժմանը, ապա պայքարի արդյունավետ մեխանիզմների փնտրտուքը շարունակվում է: Եվ անցյալի դառը փորձը նկատի ունենալով, կարելի է ենթադրել, որ բացի քրեականների անունները հրապարակելու սպառնալիքից, ընդդիմադիրները դժվար թե կարողանան արդյունավետ քայլերի համակարգ մշակել ու իրականացնել: Նույնիսկ հանցավոր գործունեություն իրականացրած քաղաքական գործիչների անունները, հստակ ապացույցներով ու փաստերով հասարակությանը ներկայացնելու իրենց խոստումը նրանք անընդհատ հետաձգում են, ինչն էլ հիմք է տալիս կասկածել, որ գործընթացն իր տրամաբանական ավարտին դժվար թե հասնի: Առհասարակ ընդդիմադիր ճամբարում առկա է միմյանց նկատմամբ անտարբերություն, սառնություն, եթե չասենք` խանդ ու հակակրանք: Միմյանց անվստահությամբ են վերաբերվում ՕԵԿ-ը և Ազգային միաբանությունը, նույն ԱՄ-ը և ՀԺԿ-ն, նույնիսկ «Արդարություն» դաշինքից «դե յուրե» դեռ դուրս չեկած կուսակցությունները: «Հանրապետությունը» ուրույն, բայց մեկուսացված է գործում: Տարբեր ձեռագրերով և մարտավարությամբ են հանդես գալիս ԱԺՄ-ն, ԱԺԴ-ն, ԱԺԿ-ն, ՍԻՄ-ը: Մի խոսքով` կատարյալ խառնաշփոթ: Գրեթե նույն վիճակն է տիրում արտախորհրդարանական ընդդիմադիրների միջև: Իշխանական ճամբարում էլ թվացյալ պարզեցումներից հետո հանկարծակի կրկին խտանում է մշուշը: Քաղաքագետներն այդպես էլ չեն կարողանում գլուխ հանել, թե կա՞ արդյոք ՀՀԿ-ԲՀ սկզբունքային հակամարտություն, թե՞ դա պարզապես իմիտացիա է: ՀՅԴ Գերագույն ժողովից հետո էլ պարզ չդարձավ, թե ապագայում ինչպիսի անակնկալներ կարող է մատուցել այս ավանդական կուսակցությունը: Հնչեց միայն սպառնալիք, որ եթե ընտրությունները կեղծվեն, ՀՅԴ-ն կդառնա ընդդիմադիր: Սակայն այդպիսի սպառնալիք նախկինում էլ եղել է, բայց իրականություն չի դարձել: Կրկին կենդանության նշաններ է ցույց տալիս «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը: Սակայն ոչ ոք չի կարողանում պատկերացնել գլխավոր դատախազի աջակցությունից զրկված այս ուժի տեղն ու դերը իշխանական դաշտում: Այսպիսով ներքաղաքական կյանքի լարվածության մեծացումը ոչ թե ստույգ իրադարձություններով է պայմանավորված, այլ ավելի շուտ քաոսային իրավիճակով:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ