«Չէ՞ որ ես քո զավակն եմ»


Դժվար է այսօր պատկերացնել հեռուստատեսությունն առանց գովազդային հոլովակների և սերիալների: Վերջինիս անսպասելի ներխուժումը մեր կյանք հասարակական հնչեղություն ստացավ և բաժանվեց որոշակի զանգվածների: Որոշ զանգվածի համար այն դարձավ ապրելակերպ, իսկ որոշների` մղձավանջ: Ամիսներ շարունակ մեր հայրենակիցները հետամուտ լինելով սերիալների հերոսների ճակատագրի ընթացքին` կարծես թե միաձուլվեցին նրանց ապրումներին, խնդիրներին, ընդունելի և չընդունելի զգացմունք ներին` մոռացության մատնելով իրենց սեփական ապրումները: Ի ուրախություն սերիալների երկրպագուների մեր երիտասարդ ռեժիսորները նախաձեռնել են նկարահանել սերիալներ, որոնք հոգեհարազատ են մեր կենցաղին, ավանդույթներին, ապրելակերպին: Այնպես որ եկեք երկրպագենք մեր դերասաններին: Եվ այսպես` Հանրային հեռուստատեսության եթերում արդեն ցուցադրվում է Թեհրանից ժամանած մեր հայրենակից, երիտասարդ կինոռեժիսոր և մտահղացման հեղինակ` Նարբե Պողոոսյանի «Այսպես էլ ապրում ենք» 120 մասից բաղկացած հեռուստասերիալը, որն արդեն դարձել է հեռուստադիտողի կողմից սիրված և սպասված: Նարբե Պողոսյանին մեր հեռուստադիտողը ճանաչում է «Տարբերակ», «Ընտանեկան իրավիճակներ» և «Երջանկության մեխանիկան» հեղինակային հաղորդումներից, որը վարում էր Աստղիկ Ալավերդյանի հետ միասին: Նարբեն աշխատել է նաև այլ հեռուստաընկերություններում: Կան նաև աշխատանքային հրավերներ, որոնք երիտասարդ կինոռեժիսորին առաջարկել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից երկու հեռուստաընկերություններ: Այժմ Նարբե Պողոսյանն անդադար աշխատում, ստեղծագործում է: - Շնորհավորում ենք Ձեզ և կցանկանայինք տեղեկանալ` ինչպե՞ս ծնվեց «Այսպես էլ ապրում ենք» սերիալի մտահղացումը: - Սերիալի մտահղացումը ծնվել է երկու տարի առաջ, այդ իսկ պատճառով էլ իմ ցանկությամբ դադարեցրի աշխատանքները «Երջանկության մեխանիկայում», չնայած հեռուստադիտողի դժգոհությանն արժանացա: Նրանց հեռախոսազանգերը վկայում էին «Երջանկության մեխանիկայի» անհրաժեշտությունը հեռուստաեթերում: Շնորհակալ եմ հեռուստադիտողից վստահության և սիրո համար: Իսկ ինչ վերաբերվում է «Այսպես էլ ապրում ենք» սերիալի ասելիքին, փորձում եմ հնարավորինս ներկայացնել մեր կենցաղը, մեր կյանքը, հասարակության տարբեր խավերի փոխհարաբերությունները և այն սխալները, որոնք ցավոք սրտի կատարվում են ամեն Աստծո օր մեր կյանքում: Այս ամենը ներկայացնում եմ կոմեդիայի ժանրում, որն իրոք բավականին վտանգավոր ժանր է: Կարծում եմ` իմ մասնագիտության շնորհիվ կկարողանամ ուղղել այն բացերը, որոնք կան մեր իրականության մեջ: - Դուք ունեք աշխատանքային հրավեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կարծում եմ չի բացառվում այն հանգամանքը, որ աշխատանքի բերումով հեռանաք հայրենիքից` մշտական բնակություն հաստատելով այնտեղ: - Եթե Ձեզ մտահոգում է, որ ես կլքեմ հայրենիքը` չարաչար սխալվում եք: Աշխատել և բնակություն հաստատել` տարբեր հասկացողություններ են: Այս իմ հողն է, հայրենասիրությունն իմ արյան մեջ է, ինձ հարազատ է իմ հայրենիքի յուրաքանչյուր տերևը, ծառը: - Ի՞նչ կմաղթեք այն երիտասարդ ռեժիսորներին, որոնք ցանկություն ունեն նկարահանել սերիալներ: - Բարդ և լուրջ աշխատանք է սերիալ նկարահանելը: Այն երիտասարդները, որոնք դեռ մուտք չեն գործել Շոու բիզնես, մակերեսորեն են այն ընկալում, ավաղ, պատկերացում անգամ չունեն` ինչպիսի խնդիրների առջև նրանք կարող են հայտնվել: Քավ լիցի, ես չեմ ցանկանում կոտրել մեր երիտասարդներին, պարզապես այն պատկերացումն ու տրամադրվածությունը, որ ունեն, դրան պետք է գումարեն ևս տասնապատիկը, որպեսզի պատրաստ լինեն հիասթափության ճիրաններում չհայտնվելուն: Փուլեր կան, որոնք պարտավոր են հաղթահարել: Այս աշխատանքում առաջին հերթին սերն է իշխում, այնուհետև նպատակը, առանց այս ամենի ոչինչ չես կարող իրականացնել: Այն ամենն, ինչ այսօր ես անում եմ իմ աշխատանքի շնորհիվ է: Ես չունեմ բիզնեսմեն հայր, մեծահարուստ հորեղբայր կամ պաշտոնյա քեռի, որն ինձ ժառանգություն է թողել, սակայն ունեմ հրաշալի գործընկերներ, որոնք իմ կողքին են և° ուրախության, և° տխրության օրերին, կարծում եմ այս է ամենամեծ ժառանգությունը, որով ես հպարտանում եմ: - Ըստ Ձեզ, ինչպիսին է այսօրվա երիտասարդության մտահորիզոնը: - Կան հրաշալի մտահորիզոն ունեցող երիտասարդներ, սակայն նրանց կողքին կան նաև այնպիսիները, որոնք անդադար խոսում են: Ոչինչ չձեռնարկելով` բողոքում են երկրից, բարքերից: Հարգելիներս, «Արվեստը զոհեր է պահանջում» այս խոսքերը զուտ խոսքեր չեն: Հաճախ շատախոսությունը շփոթում են իմացության հետ: Պետք է աչալուրջ լինել: - Ունե՞ք տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: - Կարծում եմ` այսօր բոլոր երիտասարդներն ունեն այդ տարաձայնությունները: Ավագ սերունդը ոչ մի կերպ չի կարողանում ընդունել և ընկալել, որ այսօր փոխվել է ժամանակը, գույնը, ճաշակը, և այս ամենի բացակայության հիմքում ծնվում է ավագ սերնդի դժգոհությունը, որն իր հերթին առաջացնում է որոշակի խնդիրներ: - Կան արդյոք նոր ծրագրեր, մտահղացումներ: - Իհարկե կան, արդեն նախապատրաստական աշխատանքները կատարվում են, և կարծում եմ այն կարող եմ հանձնել հանդիսատեսի դատին հաջորդ տարի, չեմ ցանկանում ընդարձակվել, թող մնա այն անակնկալ մեր երկրպագուներին, այնպես որ` զինվեք համբերությամբ, վստահությամբ. չէ՞ որ ես քո զավակն եմ, իմ ժողովուրդ:

Ազնիվ ՎԱՐԴԱՆՅԱՆ