Ակունքներից բխող մաքրությամբ


Իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը Հայաստանի (Երգչախմբային) Երաժշտական ընկերությունը նշանավորում է համերգաշարով` առանձին ներկայացնելով ժողովրդա կան, դասական և երգչախմբային արդի հայ երաժշտարվեստը: Գործունեության հիմնական ոլորտների յուրօրինակ հաշվետություն, որի մեկնարկի պատիվը վերապահված էր ՀՀ ազգային նվագարանների համույթին: Գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանի մշակումներն այս կոլեկտիվի կատարմամբ բոլորովին վերջերս էի ունկնդրել, Ազգային նվագարանների ու երգարվեստի նկատմամբ համաժողովրդական հետաքրքրությունը բարձրացնելու միտումով անցկացված եռափուլ հանրապետական մրցույթ-փառատոնի վերջնահամերգին: Եվ կարճ ժամանակահատվածում երաժշտական ընկերության նախաձեռնությամբ անցկացվող կոնկրետ միջոցառումներին տեղյակ լինելով` հավաստիացել, որ ազգային ու համաշխարհային երաժշտական մշակույթի հարուստ ավանդույթների վրա հիմնված նրա գործունեությունը անհրաժեշտ է մեր ազգային երաժշտական ժառանգությունը պահպանելու առումով: Համագործակցությունը ՀՀ մշակույթի և կրթության նախարարությունների հետ, դրված լինելով լուրջ հիմքերի վրա, շուտով, կարծում եմ, կնպաստի, որպեսզի ազգային որոշ նվագարաններ թանգարանային ցուցանմուշի կարգավիճակում չհայտնվեն, և հայ երգը շարունակի հնչել ակունքներից բխող անեղծ մաքրությամբ: 1996-ից ՀԵԸ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանը, առկա մասնագիտական կարող ուժերի հետ համադաշն, ջանում է կազմակերպել նյութականի մամլիչով դժվարացած առօրյա աշխատանքներն այնպես, որ երաժշտարվեստի ժառանգության պահպանմամբ հետագա զարգացման ուղիները համակարգող այս կեսդարյա կառույցը նույնքան օգտակար լինի հայ մշակույթի արժանապատիվ հարատևությանը, որքան տասնամյակներ անընդմեջ: 1958-ին հիմնադրելով Հայաստանի Երգչախմբային Ընկերությունը (նախագահ` Թաթուլ Ալթունյան)` պետությունը հոգ տարավ, որ այն խթանի բազմաձայն երգեցողության տարածմանը` օժանդակելով մատաղ սերնդի գեղագիտական համակողմանի դաստիարակությանը: Հիմնադրումից ընդամենը 1 տարի անց ստեղծվեց 100 երիտասարդներից բաղկացած սիրողական երգչախումբ Թ. Ալթունյանի, հետագայում` Է. Ծատուրյանի ղեկավարությամբ, որը 1966-ին դարձավ կորիզը հանրապետությունում երկրորդ պրոֆեսիո նալ երգչախմբի` հետագայում կոչվելով մեծավաստակ խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանի անվամբ, կրթելով խմբավարների նոր սերունդ: Ընկերության բաժանմունքներ բացվեցին Լենինականում և Կիրովականում: Մի քանի տարի անց` ևս 7 քաղաքներում: Հիմնադիր նախագահ Թաթուլ Ալթունյանին, ով կազմավորողն ու առաջինգեղարվես տական ղեկավարն է եղել Հայաստանի պետական երգչախմբի և երգի-պարի անսամբլի, հերթափոխեց Էմմա Ծատուրյանը (1973-96 թթ.): Ներկայիս նախագահը 1977-ից տեղակալում էր նրան: Այսինքն Ընկերության ձեռք բերած բարձր համարումը պահպանվում էր նրա կազմակերպչական աշխատանքների երկարամյա գործիչների եռանդով ու պետական հատուկ վերաբերմունքով: Ակնառու էր օժանդակությունը նոր երգչախմբերի կազմավորմանն ու կատարելագործմանը, դպրոցներում երգեցողության դասավանդման որակավորմանը, երգի տոների, ստեղծագործական ու կատարողական մրցույթների կազմակերպմանը, խմբերգային գրականության բազմացմանն ու տարածմանը: Մանկական ձայնի պահպանմանն ու երեխաների երգչախմբային մշակույթի զարգացմանը մեծապես նպաստեց կոմպոզիտոր-խմբավար Մ. Մազմանյանի նախաձեռնած ստուդիան: Ընկերության 25-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնակատարությունն անցկացվեց 60 սիրողական և 130 մանկական երգչախմբերի մասնակցությամբ: Հատկանշական է, որ Երևանի 2750-ամյակին նվիրված հանրապետական երգի տոնի միացյալ երգչախմբում հնչում էր 5 հազար ձայն: Շուտով հանրապետության տարածքում գործում էին 5 մանկական երգչախումբ-ստուդիաներ (7-ամյա ընդհանուր երաժշտակրթությամբ, խմբերգային թեքումով): 1977-ին շահագործման հանձնվեց Խմբերգային արվեստի տունը` 290 տեղանոց համերգասրահով: 1987-ից, ընդլայնելով գործունեության շրջանակները, Երգչախմբային Ընկերությունը վերանվանվեց Երաժշտականի` միավորելով պրոֆեսիոնալ ու սիրողական տարբեր ժանրի երաժիշտների, մանկավարժների, գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցների ու երաժշտարվեստի գործիչների: Բազմաթիվ մեթոդական ձեռնարկների, մենագրությունների, խմբերգերի ժողովածուների հրատարակիչն է ՀԵԸ-ն: Ժամանակները չեն փոխել ազգային դիմագծի պահպանմանը միտված նրա գործունեության նպատակամղվածությունը: Հեղաբեկումնային փոփոխություններով նվազել են ֆինանսական խթանիչները, բնականաբար, նաև` արգասիքները: Բայց վերջին տարիների դրական, թող որ վեհերոտ, տեղաշարժերը լավատեսություն են ներշնչում: Ինչպես` Գոհար Գասպարյանի անունը հավերժացնող նոր փառատոնի կազմակերպումը, որ ենթադրվում է շուտով անցկացվել: Մնում է` նույն նվիրումով դիմագրավել անբարենպաստ հանգամանքների փորձություններին` չկորցնելով մասնագիտական պատասխանատվության, խղճի զգացումը: 100-ամյա հոբելյանը նոր նշանակալից գործերով դիմավորելու համար:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ